Հայ ժողովուրդը՝ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման կիզակետում է հայտնվել 

Հայ ժողովուրդը՝ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման կիզակետում է հայտնվել 

Ռուսական եւ ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած իր վերջին այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք առաջարկել են ուկրաինական օրինակով ստեղծել հայկական լեգեոն, որը կկռվի ուկրաինական բանակի կազմում` ընդդեմ Ռուսաստանի։ Զինված կազմավորման ստեղծման գաղափարն առաջարկել է գործարար Մարատ Հակոբյանը, ըստ ռուսական «Блокнот» պարբերականի։ Նրա հետ են եղել ուկրաինացի փորձագետներ, ովքեր նույնպես հայտարարել են, որ պատրաստ են հարկ եղած աջակցությունը ցուցաբերել այդ լեգեոնի ստեղծմանը։ Նոր լեգեոնը պետք է հաշվի առնի ուկրաինացի զինվորականների փորձը եւ գործի ուկրաինականի օրինակով։ Ամեն բան, ըստ հրապարակման, իրականացվելու էր ՆԱՏՕ-ի հսկողության ներքո։ Ռուսական կողմը սա գնահատել է ուղղակի հարձակում հայկական բանակային ավանդույթների վրա, եւ դրանց՝ արեւմտյան ավանդույթներով ու ստանդարտներով փոխարինելու փորձ։ 

Ուկրաինական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Ուկրաինայի հայ համայնքը հայտարարել է, որ ստեղծում է «Հայկական լեգեոնը», որի մարտիկները Ուկրաինական ԶՈՒ՝ կանոնավոր բանակի մարտիկների հետ պայքարելու են Ռուսաստանի դեմ։ «Հայկական լեգեոնը» նույնիսկ ունի իր դրոշը՝ Անիի կամ Բագրատունիների հայկական թագավորության դրոշը, որը Ուկրաինայի Հայ համայնքի ոչ պաշտոնական խորհրդանշանն է։ «Հայկական լեգեոնի» հիմնադրման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ Մասնակցել է նաեւ քաղաքական գործիչ Դմիտրի Կորչինսկին, ով «Եղբայրություն» քրիստոնեական շարժման եւ ռազմականացված խմբավորման ղեկավարն է։ Ի պատասխան այս քայլի, Ռուսաստանում էլ ՌԴ ՊՆ կազմում որոշվել է ստեղծել «ԱրԲԱՏ» անունով զինված կազմավորումը, որի հայ ներկայացուցիչներն օրհնության կարգ են անցել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում։

Այս քայլն արդեն աննկատ չի մնացել Կիեւում եւ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով խորը ցավ ու ափսոսանք է հայտնել կատարված օրհնության կարգի առնչությամբ։ Արդյունքում՝ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ողջ Հայ ժողովուրդը, իր բոլոր կառույցներով, ներառյալ նաեւ Առաքելական եկեղեցին` իր թեմական համակարգով, հայտնվել է Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական առճակատման առաջնագծում։ Եւ իրավիճակը կարծես թե աստիճանաբար ավելի է խորանում, հանգամանք, որ հատկապես անհագստացնող է մեզ՝ հայերիս համար։