ՏԻՄ ընտրություններ՝ քաղաքական տեռորի պայմաններում

ՏԻՄ ընտրություններ՝ քաղաքական տեռորի պայմաններում

Նոյեմբերի 10-ին մեկ ամսով կալանավորվեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ով 2012-ից ղեկավարում է համայնքը: Բերդում առաջիկա ՏԻՄ ընտրությունը կայանալու է 2022-ին: Սակայն իշխանությունն արդեն նախապատրաստական աշխատանքների մեջ է: Հիշեցնենք, որ Տավուշում Փաշինյանի մերձավորներին համայնքների ղեկավարներ նշանակելու համար գործողների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, Իջեւանի նախկին ղեկավար Վարդան Ղալումյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց դեռեւս 2019-ին:

Ղալումյանը հրաժարական տվեց, եւ նրան փոխարինեց Փաշինյանի ընտանիքի քավոր Հայկ Ղալումյանը: Նույնը կատարվեց Դիլիջան համայնքում. Արմեն Սանթրոսյանի նկատմամբ գործ հարուցեցին: Արդյունքում Դիլիջան համայնքի ղեկավարը հիմա բենզալցակայանի նախկին աշխատակից է, ՔՊ-ական, ով իր կենսագրական տեղեկանքում «սեռ»-ի դիմաց գրում է՝ «արու»: Իշխանությունը Բերդ համայնքի ղեկավարից ազատվելու համար երեք տարվա արխիվից փորփրել հանել է, ինչպես Բերդի բնակիչներն են զայրացած բնորոշում, մի «չափարի» գործ: Քաղաքական ու իրավական այսօրվա տեռորի պայմաններում ակնհայտ է, որ Մանուչարյանին կա՛մ այնքան ժամանակ կպահեն, որ նա հրաժարական տա, կա՛մ Մանուչարյանը գալիք տարվա ընտրություններում կհաղթի կալանավայրից, ինչպես Գորիսի քաղաքապետը: 

Մանուչարյանի վարկանիշը տարածաշրջանում բավականին բարձր է, վերընտրվելու հնարավորությունը՝ մեծ: Իշխանությունն այստեղ երկու հարց է լուծում՝ իրենով անել Բերդի տարածաշրջանը եւ այնտեղ ունենալ իր դրածոյին: Եվ երկրորդ՝ հեշտությամբ լուծել Տավուշի մարզի մի քանի գյուղ «ադրբեջանական» հռչակելու հարցը: Իսկ Մանուչարյանը, ամենայն հավանականությամբ, կընդվզի դրա դեմ: Իշխանությունն ակնհայտորեն վախենում է առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր դիրքերը կորցնելուց եւ անցել է բացահայտ իրավական տեռորի: 
Առաջիկա ընտրություններին «լավ» է նախապատրաստվում Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, քանի որ սրանց արդյունքներից է կախված իր հետագա պաշտոնավարումը:

Բացի այդ, Թեւոնյանն այստեղ նաեւ իր «թիմակից-հակառակորդին»՝ Գարիկ Սարգսյանին «կոտրելու» խնդիր է լուծում: Նա իր մոտ է կանչում համայնքների ավագանու ընդդիմադիր այն թեկնածուներին, որոնք պետական աշխատողներ են, եւ որոնց վրա կարող է վարչական լծակներ կիրառել, եւ սպառնում է՝ աշխատանքից ազատել թեկնածուին կամ ընտանիքի անդամներին, քրեական գործեր հարուցել, ոմանց նոր պաշտոն է խոստանում: Թեւոնյանը շանտաժի միջոցով ուզում է իր ուզած թեկնածուների հաղթանակն ապահովել: Վերջին օրերին նա իր մոտ է կանչում նաեւ մարզի որոշ դպրոցների տնօրենների եւ պահանջում անմիջապես դիմում գրել ու հրաժարվել պաշտոնից, որպեսզի նրանց փոխարեն նշանակի իր համար ձայն բերող յուրայինների: Նման պահանջներ դնելիս նա անգամ հաշվի չի առնում տվյալ տնօրենի աշխատանքային փորձը, կենսագրությունը, լավ աշխատանքը: Երեկ հրաժարականի դիմում է գրել Այնթապի թիվ 2 դպրոցի երկարամյա տնօրեն Ալլա Սահակյանը: Մեզ հետ զրույցում Սահակյանը հերքեց, թե իրենից պահանջել են դիմում գրել. «Ինձ ոչ ոք ոչինչ չի պարտադրել: Ես իմ կամքով եմ գրել»: Սակայն մեր աղբյուրն ասում է, որ տիկին Սահակյանին, ում երկու տարի էր մնում թոշակի անցնելու համար, անձամբ մարզպետ Թեւոնյանն է կանչել եւ նման պահանջ դրել:

Ըստ մեր աղբյուրի, այստեղ մարզպետն ունի իր թեկնածուն՝ Մասիսի սուպերմարկետների ցանցերից մեկի սեփականատիրոջ բարեկամը: Հիշեցնենք, որ Ալլա Սահակյանի ղեկավարած դպրոցի գործերը դեռեւս երեք տարի առաջ մի քանի ամիս քանդեցին-փորփրեցին եւ ոչինչ չգտան: Իսկ Այնթապ համայնքի մյուս՝ թիվ 1 դպրոցի տնօրենն այդ ժամանակ «սեփական դիմումի համաձայն» ազատվեց աշխատանքից: Ամենայն հավանականությամբ, Սահակյանն արդեն հոգնել է լարված մթնոլորտում աշխատելուց, ինչի պատճառով էլ գրել է հրաժարականի դիմումը: Իհարկե, ոչ բոլորն են տեղի տալիս Թեւոնյանի սպառնալիքներին: Ոմանք շարունակում են դիմակայել եւ նպատակ էլ չունեն ենթարկվել մարզպետի շանտաժներին: Անգամ ասում են, որ նրա դեմ այնպիսի փաստեր կան, որ եթե հրապարակվեն, ապա Փաշինյանն անձամբ կպահանջի նրա հրաժարականի դիմումը: Ակնհայտ է, որ Թեւոնյանի դիրքերը մարզում արդեն բավականին թուլացել են, եւ շատերը նրան նայում են որպես հեռացող մարզպետի, ինչպես Փաշինյանին են վերաբերվում որպես հեռացող իշխանության: