Այո, ես ինձ մեղավոր զգում եմ Փաշինյանին իշխանության բերելու հարցում

Այո, ես ինձ մեղավոր զգում եմ Փաշինյանին իշխանության բերելու հարցում

Հարցազրույց Շիրակի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանի հետ

-Պարոն Մելիքջանյան, Շիրակը նոր մարզպետ ունի՝ Նազելի Բաղդասարյանը, ուրա՞խ եք։

- Իմ կարծիքով՝ էդտեղ ուրախանալու որևէ բան չպիտի լինի։ Մարդ, ով որ հեռու է, առհասարակ, պետական պաշտոն զբաղեցնելուց, որովհետև մարզպետի պաշտոնը չափից դուրս պատասխանատու, աշխատատար պաշտոն է։ Մարզպետը պիտի էնպիսին լինի, որ առավոտից իրիկուն կարողանա կառավարության հետ կռիվ տալով՝ մարզի խնդիրները բարձրացնի։ Եվ, առհասարակ, կոնկրետ իր անձի հետ կապված՝ ես չէ, որ պիտի ասեմ, թե ինքը կարող է, չի կարող։ «Ուրախանալու» առիթներ մենք կունենանք, բնականաբար, այդ նշանակումով պայմանավորված։ Բայց ցավում եմ, որ մարզին նմանատիպ ոչ ադեկվատ և ոչ լուրջ վերաբերմունք է ցուցաբերվում իշխանությունների կողմից։

-Իսկ ինչո՞վ չի գոհացնում Նազելի Բաղդասարյանը: Նա երկրորդ կին մարզպետն է  Շիրակում: Գուցե սեռով պայմանավորված էլ՝ որոշակի թարմություն, փոփոխություն մտնի մարզ։

-Այդ թարմությունն ու փոփոխությունը չպիտի պայմանավորված լինի սեռային բալանս ապահովելով, այլ պիտի մասնագիտական որակներով, պրոֆեսիոնալիզմով դրսևորվի մարզպետների նշանակումը։ Կարծես թե մարզպետի ինստիտուտը, առհասարակ՝ Շիրակի մարզն ու մարզպետի պաշտոնը դարձել են մարդկանց կարիերայի թռիչքի ապահովման գրավական։ Մարդիկ գալիս մարզպետ են նշանակվում, քաղաքական պաշտոնի փորձառություն են ձեռք բերում և նշանակվում են մեկ այլ պաշտոնի։ Ու նաև թիմն է էստեղ շատ կարևոր, որովհետև անձով պայմանավորված չպիտի լինի, բնականաբար, թիմային աշխատանքի արդյունքում պետք է լինի։ Եվ ես էնտեղ չեմ տեսնում մարդ նույն իր պարագայում, որ կկարողանան իրենք էնպիսի պրոֆեսիոնալ թիմ ձևավորել, որ մարզի առջև ծառացած խնդիրները կարողանան լուծել։

-Նախկին մարզպետը կարողանո՞ւմ էր այդ խնդիրները լուծել։

-Ես առնվազն 2018 թվականից մինչ օրս նշանակված որևէ մարզպետից մարզին բնորոշ խնդիրների լուծման որևէ առարկայական լուծումներ տվողների չեմ հանդիպել։ Միակ մարդը, ով նաև պրոֆեսիոնալ էր ու նաև մեր ոլորտից էր, մարզի խնդիրներից պատկերացում ուներ, քաջատեղյակ էր, ոլորտը պատկերացնում էր՝ Պետրոսյան Տիգրանն էր։

-Դուք ասում եք՝ Նազելի Բաղդասարյանը չի համապատասխանում մարզպետի պաշտոնին, փորձ չունի, ունակ չէ, հեռու է այդ պաշտոնից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնին համապատասխանո՞ւմ էր, կառավարման փորձ ունե՞ր, որ դարձավ վարչապետ։

-Նիկոլ Փաշինյանը որևէ կառավարման փորձառություն չի ունեցել, ուղղակի իր պարագայում կուսակցությունն ստացել է առաջնային մանդատ, դրանով պայմանավորված՝ ընտրվել է։ իսկ Նազելիի պարագայում նշանակում է եղել։

-Բայց նույն կերպ ժողովուրդը տվել է ձայն Փաշինյանին, նա էլ ում որտեղ ուզում՝ նշանակում է։ Հիմա ինչի՞ց եք դժգոհում, գյումրեցիները կարծես թե չեն դժգոհում, իրենք են, չէ՞, ընտրել Փաշինյանին։

-Ո՞վ ասաց՝ չեն դժգոհում։ Չեն դժգոհում նշանակումի՞ց, թե՞ չեն դժգոհում իշխանությունից։ Ես կարծում եմ՝ էդ տեղեկատվությունը կարելի է ևս մեկ անգամ ճշտել, որովհետև օր օրի, ժամ ժամի մարդկանց մոտ հսկայական տրամադրություններ են փոխվում։

-Դուք 2018-ի հուլիսից 2019-ի հունվարը եղել եք Շիրակի փոխմարզպետ։ Ինչո՞ւ վեց ամիս անց ազատվեցիք այդ պաշտոնից։

-Էդպես էր պետք։ Նախ առաջարկը երբ ստացա, ստանալու ընթացքում մատնանշել էի, որ ես գնում եմ էնտեղ աշխատելու, որովհետև մարզի խնդիրներին քաջատեղյակ եմ, և ՀԿ սեկտորն ունի շատ լայն հնարավորություններ խնդիրները բացահայտելու, նրանց լուծման ուղղությունները հայթայթելու և նախանշելու։ Բայց դրանց լուծման ուղղույթունն արդեն կառավարության ուսերին է դրված, իսկ լոկալ մակարդակում արդեն էդ պարագայում կարող են մարզային իշխանությունները հարցերը լուծել։

-Ումի՞ց եք առաջարկը ստացել։

-Էդ ժամանակ Պապիկյան Սուրոն էր տարածքային կառավարման նախարարը։ Իրենից եմ ստացել։ Առաջարկն ընդունելս էլ պայամանավորված էր նրանով, որ խնդիրներ բարձրաձայնելուց ուղիղ լիազորություն եմ ստանում խնդիրներ լուծելու։ Եվ, մարզի խնդիրներին քաջատեղյակ լինելով, առաջարկն ընդունեցի, և դուրս գալու մոտիվացիաներից մեկն այն է, որ այդ կարճ ժամանակահատվածը, որ ես աշխատեցի, ինձ համար լիարժեք հերիք էր՝ պատկերացում կազմելու, որ նախ ես աշխատել եմ և շարունակում եմ աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, և մենք ՀԿ սեկտորով գործուն ջանքեր ենք գործադրել մարդու իրավունքների պաշտպանության և, առհասարակ, ժողովրդավարական մեխանիզմների տարածման համար։ Եվ էդ ժամանակահատվածը ինձ համար հերիք էր՝ հասկանալու, որ ժողովրդավարություն ասածը ենակ իմ մոտ էր, ոնց որ թե, ընդունված։

-Ի դեպ, Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն պարտվեց։ Իրենց քաղաքապետի թեկնածուն գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն էր, որը ընտրություններից եհտո ազատվեց այդ պաշտոնից եւ Տարածքային կառավարման փոխնախարար նշանակվեց։ Ինչո՞ւ պարտվեց ՔՊ-ն Գյումրիում։ Գյումրեցիները սկսել են մերժե՞լ այս իշխանություններին, որոնց իշխանության գալու մեկակետը 18-ին հենց Գյումրին էր։

-Գաղտնիք չէ, որ թե՛ նախկյին, թե՛ ներկա իշխանությունների պարագայում Գյումրին և Շիրակի մարզը երևի թե Հայաստանում ամենաքաղաքականացված մարզն է, Գյումրին՝ առավելևս։ Տրամադրությունները ստուգելը շատ ավելի հեշտ է, և կարծում եմ՝ ցուցիչ չէ դա, որ եթե 2018-ի իրադարձությունների մեկնարկը տրվել է Գյումրիից, ուրեմն Գյումրին մինչև վերջ պիտի մնա իշխանության կողքին։ Չէ, դա շատ դինամիկ պրոցես է, և մարդիկ կարող է իրենց մոտեցումներն ու համոզմունքները փոխեն՝ ելնելով գործող իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունից։ Գյումրեցիները երկու ձևով ցույց տվեցին իրենց անհամաձայնությունը իշխանություններին․ մեկն այն էր, որ խայտառակ քիչ մասնկացություն ունեցան ընտրություններին, և երկրորդ գնացին ու չընտրեցին գործող իշխանության թեկնածուին։

-Չե՞ք փոշմանել 2018-ին Փաշինյանի կողքը կանգնելու, նրան սատարելու համար։

-Առհասարակ, ես այն պաշտոնը, որ զբաղեցրել եմ, եղել է պետական պաշտոն, և այն ժամանակահատվածը, երբ ես աշխատել եմ, աշխատել եմ պետական պաշտոնյային վայել ձևաչափով՝ չառաջնորդվել հրահանգներով։ Ինձ ճանաչողներն ու գործընկերները, ովքեր ինձ հետ աշխատել են, շատ լավ գիտեն, որ իձն հետ զանգով աշխատել չի եղել, հրահանգով աշխատել չի եղել։ Ես աշխատել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակներում։ Իսկ փոշմանե՞լ եմ, որ էդ պրոցեսները եղել են, հիմա, կարծում եմ, ինձանից սկսած, վերջացրած էն շարքային քաղաքացիներով, ով որ էդ պրոցեսում ունեցել է որևէ մասնակցություն՝ քայլել է, իր ազատ կարծիքն է արտահայտել, բնականաբար ես ևս կարծում եմ, որ փոշմանելու էր։

-Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք Փաշինյանին 2018 թվականին իշխանության բերելու հարցում։

-Միայն ես չեմ բերել իշխանության, բայց միանշանակ՝ այո, մեղավոր զգում եմ։

-Իսկ այս ընտրություններին ո՞ւմ կողմն եք եղել։

-Ընդդիմության կողմն եմ եղել՝ «Հայաստան» դաշինքի։