Քաղաքական դիսկուրսը վերածվել է անիմաստ լեզվակռվի, իսկ պետությունը՝ անօգնական անդամալույծի

Քաղաքական դիսկուրսը վերածվել է անիմաստ լեզվակռվի, իսկ պետությունը՝ անօգնական անդամալույծի

Ընդդիմությանը, փաստորեն, այդպես էլ չհաջողվեց մեկ ընդհանուր ճակատ ձեւավորել ընտրություններից առաջ եւ անգամ չօգնեց առաջին նախագահի հրապարակային առաջարկ-բացահայտումը։ 

Ընդդիմության միասին ընտրությունների գնալը, իհարկե, ուտոպիստական միտք էր եւ քաղաքական հնարք։ Այնուամենայնիվ, բոլոր ընդդիմադիր ուժերը, իբրեւ իրենց հիմնական նպատակ, Փաշինյանին իշխանությունից հեռացնելն են հռչակել, եւ դա, թերեւս, շատ պարզ եւ հասկանալի է՝ հաշվի առնելով պատերազմում կրած պարտությունը, հազարավոր զոհերը, տարածքային կորուստները։ Թիրախային եւ տեխնոլոգիական առումով ամեն ինչ շատ պարզ եւ հասկանալի է, բայց գաղափարական առումով կան շատ հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն հնչել։ 

Քաղաքական գործիչներին մոլորեցնում է իրենց առաջ քաշած թեզը՝ ժողովուրդը ոչինչ չի հասկանում, եւ նրանք անգամ չեն էլ փորձում որեւէ հասկանալի միտք հայտնել կամ գաղափար առաջարկել։ Բոլոր հրապարակային ելույթները սկսվում եւ ավարտվում են վիրավորանքներով եւ պիտակներով՝ «դավաճան», «հողատու», «կապիտուլյանտ», «ազգադավը պետք է հեռանա, որ կարողանանք վերականգնել մեր ազգային ոգին եւ պետականությունը»։ Այս մեկ տողով ասվող մտքերը գուցե արտահայտողին ինչ-որ հույսեր են ներշնչում, թե հզոր ու ջախջախիչ բացահայտումներ են անում եւ քաղաքական դիվիդենտներ շահում, բայց ժողովրդի մոտ դա աթոռակռվի տպավորություն է թողնում։ Նախ՝ պետականություն ասվածը, հատկապես մեր պարագայում, շատ լուրջ հակասությունների, անգամ՝ թշնամանքի մեջ է գտնվում ազգային գաղափարախոսության հետ, եւ դրանք արտասանողը, հավանաբար, ընկալումների խնդիր ունի կամ իր լսարանի ինտելեկտուալ կարողություններն է թերագնահատում։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խնդիրն ամենեւին էլ Նիկոլ Փաշինյանի մեջ չէ, այլ շատ ավելի խորն է։

Բոլորս հիշում ենք, որ ներկայիս՝ «հողատու», «դավաճան», «ազգակործան» բղավող հասարակության ճնշող մեծամասնությունը մինչեւ հեղափոխությունը «հաբռգած», «զոռբա», «բեսպրեդել», «թալանչի» էր բղավում ու թիրախավորում օդիոզ կերպարներին՝ պատգամավորներ, ռազմական գործիչներ, անգամ ազգային հերոսներ։ Եվ օդիոզները, թեեւ իշխանության հիմնական հենարանն էին հանդիսանում, բայց հասարակական կարծիքի ճնշման ներքո հետզհետե հեռացվեցին իշխանությունից, եւ 2018-ի հեղափոխության ժամանակ նրանց մեծ մասն արդեն պատգամավոր, փոխնախարար կամ թաղապետ չէր։ Շմայսը, Նեմեց Ռուբոն, Թոխմախի Մհերը, Բուռնաշը եւ այլք 2017-ին չմտան ԱԺ։

Չնայած նրանց առկայությունը նախկինում պայմանավորված էր պատերազմի մեջ գտնվող պետության իշխանությանը բրուտալ տեսք ապահովելու անհրաժեշտությամբ։ Հասարակությունը մինչեւ հեղափոխությունը, կարելի է ասել, ամբողջությամբ դեմիլիտարիզացված էր, եւ պետականության այդ մոդելը պահպանվում էր միմիայն իշխանության ամրությամբ, իսկ երբ այդ կերպարներից ազատվեցին, իշխանական բուրգը սկսեց ցնցվել։ Մինչեւ հիմա հանրապետականների կարկառուն դեմքերը՝ Շարմազանովը, Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, լացակումած գրառումներ են անում սոցցանցերում՝ նկարագրելով իրենց տառապանքները հեղափոխության օրերին։ Ռազմականացված երկրի իշխանությունը, պարզվում է, ամենածանր բանը համարում է իրենց տների մոտ դատարկ դագաղներ դնելն ու սեւ լենտեր կապելը։ Իսկ հարց է առաջանում՝ որտե՞ղ էին նրանք, որոնց դռների մոտ հնարավոր չէր դատարկ դագաղ տանել, որովհետեւ դագաղի առաքիչը հենց ինքը կարող էր դրա մեջ հայտնվել՝ սեւ լենտով փաթեթավորված։ 

Ինչպե՞ս էր ստացվել, որ Շմայսի փոխարեն ԱԺ-ում նստած էին սեւ լենտերից եւ դատարկ դագաղներից վախեցողները, ու հենց նրանք պարտվեցին Փաշինյանին կամ, իրենց ասած, սորոսականներին։ Եվ առհասարակ, իշխանությունն ինչպե՞ս է պատրաստվում լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, ո՞ր եղանակով, ովքե՞ր են դա անելու, ի՞նչ աշխարհընկալումներով ենք շարժվելու այսուհետ, ի՞նչ մոտեցումներով։ Արդյոք շարունակելո՞ւ ենք արհամարհել քաղաքակիրթ աշխարհի կանոնները, այդ դեպքում ի՞նչ իրավական պետության մասին կարող է խոսք լինել, եթե նորից գնալու ենք հին ճանապարհով։ Արդյո՞ք պետականությունն ենք ամրապնդելու, թե՞ նորից կուրորեն գնալու ենք ազգային գաղափարախոսության հետեւից, այդ դեպքում ի՞նչ ժողովրդավարություն, եւ ի՞նչ ժողովրդավարական ինստիտուտների մասին կարող է խոսք լինել։

Նորի՞ց միլիտարիզացիա, թե՞ դեմիլիտարիզացիա, իրավո՞ւնք, թե՞ ուժ, պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, եթե պատերազմ, ապա ի՞նչ ռեսուրսներով, եթե խաղաղություն, ապա ի՞նչ պայմաններով, եւ, որ ամենակարեւորն է՝ ովքե՞ր են իրականացնողները, կոնկրետ մարդիկ, որովհետեւ ամեն մի տարբերակ պետք է ունենա հենց դրա իրականացման համար համապատասխան ֆիգուրներ։ Չի կարելի գտնվել պատերազմական վիճակում եւ ամեն օր հրապարակային ելույթներ ունենալ՝ քննադատելով ազգային հերոսներին կամ գեներալներին, չի կարելի ազատամարտիկներին նսեմացնող հրապարակումներ անել, անգամ եթե նրանք որեւէ անընդունելի քայլ են անում։

Ցանկանում ենք, թե ոչ՝ պետք է հանդուրժենք արտոնյալ, օդիոզ կերպարներին, եթե գնում ենք այդ ճանապարհով, իսկ եթե մյուս՝ քաղաքակիրթ ճանապարհով ենք շարժվելու, ուրեմն պետք է մեղմենք մեր ազգային ախորժակը եւ ազգային իղձերին տուրք չտանք։ Չի կարելի հպարտանալ հերոսամարտերով եւ միաժամանակ այդ հերոսամարտերում աչքի ընկածների ունեցվածքը հաշվել կամ նրանց արտոնություններից դժգոհել։ Պարզ ասեք մարդկանց՝ եթե պատերազմի մեջ ենք, կան եւ լինելու են առաքելմովսիսյաններ՝ առաջնային դերերում, եւ այդ դեպքում չեն կարող կամերտոններ լինել՝ Գուչի հագնող գլամուրների եւ սեւ ժապավեններից դեպրեսիայի մեջ ընկնողների տեսքով։ 

Իսկ հիմա նորից անհասկանալի կոնստրուկցիաներ են ձեւավորվում, եւ ֆիգուրները նորից նույնն են ու անկանոն դասավորված տարբեր քաղաքական դաշինքներում, եւ սա նորից քաոս է առաջացնում։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անհույս գեղարվեստական ոճի նամակներ է գրում իր քաղաքական հակառակորդներին, որոնք վերաբերում են իշխանափոխության անհրաժեշտությանը, իսկ հետագա անելիքների մասին՝ ոչ մի խոսք։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի որոշակի ծրագիր եւ ազնվորեն առաջարկում է այն ամենը, ինչն ինքն ի զորու է անել իշխանության գալու պարագայում, բայց նրա աշխարհընկալումներն էլ ժամանակավրեպ են։ Նրա ելույթներից ակնհայտ է, որ իր համար քարտեզի վրա կա մեկ պետություն՝ Ռուսաստանը, որի հետ սերտ համագործակցության մեջ է տեսնում բոլոր խնդիրների կարգավորումը։ Հասկանալի է, որ նա միավեկտոր քաղաքականություն է առաջարկում՝ լավ իմանալով ռուսների մոտեցումների մասին, քանզի վերջիններս շատ խանդոտ են վերաբերվում, երբ իրենց գործընկեր պետությունները փորձում են այլ հնարավորություններ փնտրել։

Գուցե 10-15 տարի առաջ հնարավոր լիներ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մոդելով շարժվել եւ որոշակի հաջողություններ արձանագրել, բայց ներկայումս Ռուսաստանը ոչ շահավետ դիրքերում է հայտնվել, բոլոր առումներով՝ ե՛ւ տնտեսապես, ե՛ւ ռազմականորեն, ե՛ւ աշխարհաքաղաքական առումով։ Ինչպե՞ս կարող ենք մեր ապագան կապել մի պետության հետ, որն ընդհանրապես անկյուն է քշված համաշխարհային քաղաքակրթության կողմից եւ հիմա թուրքալեզու աշխարհի հետ է շփման եզրեր որոնում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, այս պահին դեռ ոչինչ չի առաջարկում, եւ նրանք նոստալգիկ ելույթներ են ունենում ու միակ ելքը տեսնում են ազգադավին հեռացնելու մեջ, որից հետո կփրկվի հայրենիքը։ Ինքը՝ Սերժ Սարգսյանը, շատ ակտիվություն չի ցուցաբերում, եւ, ըստ իս, դրա պատճառն այն է, որ նա կարծես դեռ չի ներել ժողովրդին, հետեւաբար, չի պատրաստվում քաղաքական լուծումներից խոսել կամ առաջարկներ ներկայացնել։ Առայժմ երրորդ նախագահը նախընտրում է ժամանակ առ ժամանակ հին գաղտնիքներից մի քանիսը բացել, եւ, իհարկե, նա դա անում է այնպես, որ այդ բացահայտումներից հետո ավելի շատ հարցեր են առաջանում։ Սերժ Ազատիչի հարցազրույցները դարձել են իսկական հեռուստասերիալ՝ ամեն սերիան վերջանում է ամենահետաքրիր պահին, եւ բոլորն անհամբեր սպասում են հաջորդին, եւ այդ հետաքրքիր ստրատեգիայի շնորհիվ երրորդ նախագահը գնալով ավելի ու ավելի է մտերմանում ժողովրդի հետ։ 

Իհարկե, իշխանությունների մասին խոսելն անիմաստ է, քանի որ իրավիճակը սրվել է հենց իրենց օրոք, եւ եթե նրանք լուծումներ գտած լինեին, ապա այսպիսի իրավիճակում չէինք հայտնվի կամ գոնե իրավիճակից դուրս գալու ուղղությամբ կընթանայինք, իսկ մենք դեռ շարունակում ենք գահավիժել։ Բայց ընդդիմադիրները չպետք է սին հույսեր փայփայեն, որ իրենք միայն իշխանության սխալների վրա հենվելով կարող են ընտրություններում հաղթել։ Միեւնույն է՝ հաղթելու պարագայում անգամ ստիպված են լինելու վերը հիշատակված հարցերին պատասխանել, եւ դրանցից խուսափել պարզապես անհնար է։ 

Երկրի վիճակն իրոք օրհասական է, բայց, փաստորեն, քաղաքական դաշտում չկան հասկանալի լուծումներ, եւ գլխավոր հարցերը շարունակում են մնալ անպատասխան։ Քաղաքական դիսկուրսն այժմ էլ, ինչպես նախկինում, բաղկացած է կենացներից, ուտոպիստական մտքերից, վիրավորանքներից, բանսարկություններից եւ ինչ-որ մակերեսային քննարկումներից։ Ցավոք, բոլորը կարծես լծվել են հեծանիվ հորինելու անիմաստ գործին եւ արհամարհում են քաղաքական դասական ընկալումները։ Բայց չէ՞ որ դրանց մեջ են ամփոփված մարդկության ողջ փորձն ու իմաստնությունը, եւ դրանք են պետականաշինության կողմնորոշիչներն ու բանաձեւերը եւ հենց դրանք անտեսելու ու արհամարհելու պատճառով ենք հայտնվել այս վիճակում։ 
Երբ քաղաքական դիսկուրսն անիմաստ լեզվակռվի է վարածվել, իսկ պետությունը՝ անօգնական անդամալույծի։

Պողոս Պողոսյան