Ամսի 25-ին էլ հանդիպելու ենք Քոչարյանի հետ, ուրեմն Քոչարյանի թիմակի՞ցն ենք
Մոսկվայում գործող Հայ իրավաբանների ասոցիացիան, ինչպես հայտնի է, իմքայլականների գործընկերն է՝ ռուսական սփյուռքում։ Միակը, որը բարյացակամ ընդունելության է արժանացրել Փաշինյանին եւ նրա թիմակից՝ Գլենդելի նախկին քաղաքապետ, սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանին: Սակայն կազմակերպության ղեկավար Շահեն Պետրոսյանի մասին ոչ այնքան հաճելի տեղեկություններ են տարածվում: Ըստ լուրերի, նա այնքան էլ բարեխիղճ չէ ֆինանսական հարցերում, բազմաթիվ պարտատերեր ունի Մոսկվայի հայության շրջանում: Այս մասին մեզ պատմող աղբյուրը Մոսկվայի գործարար շրջանակներից է:
Նախկինում Շահեն Պետրոսյանը Ռուսաստանի հայերի միության մոսկովյան բաժանմունքի ղեկավարն է եղել եւ, ըստ տարածված լուրերի, այս կազմակերպությանը հրաժեշտ է տվել այն բանից հետո, երբ Արա Աբրահամյանի ականջին է հասել, որ պատերազմի շրջանում հայերի հավաքած հումանիտար ապրանքների ինչ-որ մաս յուրացվել է: Խոսքը զրահաբաճկոնների, մեծ քանակությամբ գուլպաների, երեք տեպլովիզորի՝ ջերմացույցների մասին է:
Մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է հայտնում նաեւ այն մասին, որ մեծահարուստ անձանցից մեկը, որն այդ ջերմացույցներից է ուղարկել Հայաստան՝ Շահեն Պետրոսյանի միջոցով, տեղեկացել է, որ ապրանքը տեղ չի հասել: Նա դիմել է ՌԴ-ում ոստիկանության մի գնդապետի, որը Շահեն Պետրոսյանից «ստացել» է տեպլովիզորների գումարը: «Սկզբում Պետրոսյանն ասել է, թե մաքսայինում են «տակով արել», բայց գնդապետը պահանջել է, որ «տամոժնյայից» թուղթ բերի, նա գնացել է ու թղթի փոխարեն բերել է տեպլովիզորների փողը»,- ասում է մոսկովյան աղբյուրը, որը «հարց լուծող» գնդապետի շրջապատից է:
Քանի որ այս տեղեկությունները վերաբերում են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գործընկեր կազմակերպության ղեկավարին, որը մեծ դիտումներ է հավաքում «Տելեգրամ» հարթակում, մենք խնդրեցինք Հայ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Շահեն Պետրոսյանի պարզաբանումները: Նախ նա ասաց, որ իր կազմակերպությունը չի կարելի Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի գործընկեր կառույց համարել:
«Որտեղի՞ց եք հորինում նման բաներ: Դրանք ֆեյք լուրեր են: Մեր կազմակերպությունը շուտով Քոչարյանի հետ է հանդիպելու, հետո Վանեցյանի հետ է հանդիպելու, որտեղի՞ց եք հորինում այդ հեքիաթները»:
- Չեմ հորինում, Փաշինյանը եկավ Մոսկվա եւ միայն ձեր կազմակերպության հետ հանդիպեց:
- Բոլորս էլ բոլորի հետ հանդիպում ենք: Ամսի 25-ին էլ հանդիպելու ենք Քոչարյանի հետ, դուրս է գալիս, որ մենք Քոչարյանի թիմակի՞ցն ենք: Մենք ոչ մեկի թիմակիցն էլ չենք: Մեր կազմակերպության մեջ մի քանի հարյուր իրավաբաններ կան, ովքեր ունեն քաղաքական տարբեր տեսակետներ, եւ իրենք չեն կարող պաշտպանել մեկ քաղաքական թիմի, առավել եւս, որ բոլորը ՌԴ քաղաքացի են:
- Կապված հումանիտար օգնությունների շուրջ աղմուկի հետ՝ կան դժգոհություններ, որ դրանք տեղ չեն հասել:
- Ավելի լավ է՝ ճշտեք դեսպանատնից, թե ես ինչ դեր եմ կատարել հումանիտար օգնությունների հարցում: Ես միակ մարդկանցից եմ, ովքեր ակտիվ աջակցել են պատերազմի ժամանակ, իսկ այդ հեքիաթները ֆեյքերն են գրում:
- Տեպլովիզորների մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ տեղ չեն հասել: Ինչ-որ պարտքեր, գումարային պահանջներ կա՞ն՝ Ձեզ ուղղված:
- Մենք հազարավոր տեպլովիզորներ ենք փորձել ուղարկել: Ո՞ւմ պետք է պարտք լինեմ: Ես Մոսկվա քաղաքի կենտրոնում միշտ եղել եմ համայնքային գործունեության ամենակարկառուն դեմքերից: Չեք պատկերացնի, թե մենք մեր անձնական գումարներից ինչքան փող ենք ծախսել պատերազմի ժամանակ:
- Տեպլովիզորներ կան, որ տեղ չեն հասել:
- Տեպլովիզորները վերցրել եմ, տեղը փողն եմ տվել: Ի՞նչն է վատ: Ինչ մնում է Զարեհ Սինանյանին, Նիկոլ Փաշինյանին, մյուսներին՝ հիմա եթե համայնքային աշխատանք է, մարդիկ գալիս են, ուզում են հանդիպել, հարցեր են տալիս, որ իրենց համար հասկանալի լինի, ուրիշ ո՞նց հասկանանք, թե ինչ են իրենք իրենցից ներկայացնում:
- Բայց Փաշինյանը որ ձեզ հետ հանդիպեց, էլի մարդիկ կային, որ ուզում էին հարցեր տալ՝ թույլ չէին տվել, ոստիկանությունը բերման էր ենթարկել, իսկ ձեզ հետ հանդիպեց:
- Հո ես չե՞մ թողնող-չթողնողը, ես կարո՞ղ եմ Փաշինյանին ասել՝ մարդկանց հետ հանդիպի, հարցերին պատասխանի: Այդ հանդիպումները դեսպանատունն է կազմակերպում: Նրանց դիմեք:
- Փաշինյանի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք կա, ոնց որ թե այնքան էլ լավ չէ:
- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ մի կողմի չեմ պաշտպանում ու հասկանում եմ մի բան, որ բոլոր կողմերն էլ հեքիաթային իրավիճակ են ստեղծել Հայաստանում, դրա համար մենք քաղաքականությամբ ընդհանրապես չենք զբաղվում: Ուղղակի ուզում ենք Հայաստանին պիտանի լինենք, իսկ դրա միակ ձեւը հարց տալն է, որ իմանանք, թե ինչպես կարող ենք պիտանի լինել: Վերջը՝ 30 տարի է, գիտենք, որ Հայաստանը ծանր վիճակի մեջ է, երկուսուկես տարի է՝ նորից ծանր, գոնե հանդիպելով իմանանք, թե ով իրենից ինչ է ներկայացնում: Դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ, մենք չենք շփվում: Մինչեւ նրանց չհանդիպենք, չենք հասկանա, ով իրենից ինչ է ներկայացնում:
- Իսկ ինչո՞ւ դուրս եկաք ՌՀՄ-ից:
- Որովհետեւ ստեղծվել է նոր կազմակերպություն, որը ես ղեկավարում եմ, իսկ ՌՀՄ-ի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ եմ: Ուղղակի այստեղ հասարակական աշխատանք կատարելը շատ դժվար է: Մեր ասոցիացիան այսօր միակ կառույցն է Ռուսաստանում, որ իրոք մարդկանց օգնում է, ուղղակի մենք մարդկանց չենք օգնում գլուխ գովալու համար:
Կարծիքներ