Ագրեսորին խաղաղեցնելու (հաշտեցնելու) քաղաքականության ավարտը

Ագրեսորին խաղաղեցնելու (հաշտեցնելու) քաղաքականության ավարտը

Իլհամը Սյունիքի տարածքով միջանցք է պահանջում Նիկոլից՝ հրաժարվելու դեպքում սպառնալով պատերազմով: Հենց Նիկոլը կամուկացի մեջ է ընկնում, ադրբեջանցիները քայլելով տարածք են վերցնում սահմանից: Քայլելով, քանի որ սահմանը պահող զինվորներին կրակելու հրաման չի տրվում: Իսկ երբ, անուամենայնիվ, կա՛մ հրաման է տրվում, եւ կա՛մ զինվորները կրակում են առանց հրամանի, զոհեր ու գերեվարվածներ ենք ունենում, կա՛մ, որ համարյա թե նույնն է՝ անհայտ կորածներ: Այսպես են ծառայում մեր զինվորները սահմանում: Բայց մեկ-երկու օր առաջ հենց Նիկոլից իմացանք, որ չկրակելու հրաման տալը պետական դավաճանություն է: Ու հիմա երկընտրանքի մեջ ենք՝ ո՞րն է ավելի բարին՝ որպես պետական դավաճանություն դիտարկվող չկրակելու հրաման տալը, թե՞ չտալը: Որովհետեւ երկու դեպքում էլ մենք սահմանային բարձունքներ ենք զիջում թշնամուն: Բայց չկրակելու հրամանի դեպքում գոնե պահպանում ենք զինվորների կյանքը: Եվ նրանք գերի չեն ընկնում կամ անհայտ չեն կորչում: 

Պատկերացնո՞ւմ եք նման երկընտրանք նախկինների օրոք: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, չնայած անընդհատ կռիվ եմ տվել նրանց դեմ: Բայց խնդիրը հենց այն է, որ կռիվ եմ տվել ոչ թե մեր հայրենիքի անվտանգության, այլ սեփական երկրում արդարության ու օրինականության պահպանման հարցով: Հիմա ի՞նչ ստացվեց՝ ավելի լավ չէ՞ր լինի, եթե արդարությունն ու օրինականությունը չպահպանվեին, սակայն մենք շարունակեինք մեզ անվտանգ զգալ մեր երկրում ու, բացի դրանից՝ լինեինք նաեւ հպարտ, այո, հպարտ: Իրական հպարտը, այն մեկը, որն առկա էր 1994-ից մինչեւ 2018 թվականը: Եվ ոչ թե այն մյուսը, որը մեզ հրամցվեց 2018-ի ապրիլյան իրադարձությունների օրերին: Իսկ դրանից երկու եւ կես տարի անց պարզվեց, որ ընդամենը սիրուն փուչիկ էր: Բնականաբար, բոլոր նորմալ ու գիտակից մարդիկ կնախընտրեին առաջինը: Բայց պարզվեց, որ, իսկապես, մերն ուրիշ է՝  մեր չափահաս բնակչության առնվազն 80 տոկոսն այդպես չէր մտածում:

Գանք տարածքներ հանձնելուն: Հանձնենք, որպեսզի այլեւս պատերազմ չլինի: Ու մենք էլ, որպես «սերգոջանների» բազմություն, վերջապես լավ ապրենք: Ու ապրենք առանց նախկինների կոռուպցիայի: Բայց լավ ապրելուն արդեն խիստ եմ կասկածում: Ինչ մնում է նախկինների կոռուպցիային, ապա այն արդեն փոխարինվել է նորերի կոռուպցիայով: Ուղղակի Նիկոլի կողմից մանիպուլացված ուղեղը դա դեռեւս չի ընկալում: Բայց, ոչինչ, շուտով կբացվեն այդ անձանց աչքերը: Մնաց պատերազմի եւ խաղաղության խնդիրը: Այս հարցում ինչ էլ ասեմ, հաստատ ավելի լավ չեմ ասի, քան պատմական օրինակը: Վայելե՛ք, նիկոլապաշտ զոմբիներ:

1938 թվականին Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Գերմանիային «նվիրեցին»  Չեխոսլովակիայի Սուդետների մարզը, որը բնակեցված էր գերմանացիներով: 

Դա պատերազմից խուսափելու Ադոլֆ Հիտլերի պահանջն էր, ինչը եւ բավարարվեց: «Նվիրաբերման» համաձայնագիրը կնքվեց Գերմանիայի Մյունխեն քաղաքում եւ, ըստ այդմ՝ կոչվեց Մյունխենյան համաձայնագիր, իսկ ավելի ուշ գնահատվեց որպես ամոթալի: Քննարկումը տեղի ունեցավ առանց չեխոսլովակյան կողմի մասնակցության, պատվիրակության ղեկավարներն ընդամենը ստիպողաբար ստորագրեցին խայտառակ փաստաթուղթը: 

Դրանից կես տարի չանցած՝ Չեխիան ու Սլովակիան բաժանվեցին, առաջինը նվաճվեց Գերմանիայի կողմից, երկրորդը դարձավ նրանից կախյալ երկիր: Այդպիսի ավարտ ունեցավ ագրեսորին խաղաղեցնելու (կամ հաշտեցնելու)՝  Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, ինչը զիջումների եւ ագրեսորի հանդեպ ամենաթողության վրա հիմնված քաղաքականություն էր։ 
Եվ այն, ինչ տեղի է ունենում այսօր, հենց դրա դրսեւորումն է: Ինչը, ենթադրում եմ, ծանոթ չէ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, այլապես կիմանար, թե ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանին՝ իր կողմից նախաձեռնված «խաղաղ դարաշրջանի մեկնարկի» շնորհիվ: