Տուրիստական մեքենաները զավթել են քաղաքի կենտրոնի «կարմիր գծերը»

Տուրիստական մեքենաները զավթել են քաղաքի կենտրոնի «կարմիր գծերը»

Երեւանում ավտոկայանատեղիները զավթել են վարձույթով եւ տուրիստական ծառայություն մատուցող մեքենաները։ Երկու ծառայություններն էլ վճարել են «կարմիր գծերի» տարեկան վճարն ու օրերով, բառի բուն իմաստով, զավթել քաղաքի կենտրոնի ավտոկայանատեղիները։ Վարձույթով մեքենաների համար Երեւանի քաղաքապետարանից ասացին՝ նախագիծ են մշակում, առաջիկա նիստին կդնեն քննարկման, իսկ, այ, տուրիստական մեքենաների մասով (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, մինիվեններ) արդեն կա քաղաքապետարանի որոշումն ու կարգավորումը։ Նրանց համար Երեւանի քաղաքապետարանը հատուկ տեղ է հատկացրել՝ Հանրապետության հրապարակում՝ նախկին ԱԳ նախարարության շենքի դիմաց։

Սա հատուկ հենց այս մեքենաների համար է, նշան էլ կա տեղադրված, որ այդ տարածքում բացի զբոսաշրջային ծառայություն մատուցող մեքենաներից, այլ մեքենա կայանելու իրավունք չունի։ Իհարկե, երբեմն կայանում են, բայց շատ դեպքերում, երբ ոստիկանությունը նկատում է կամ ցանկանում է, գալիս տուգանում ու ավտոքարշակով տանում է հատուկ պահպանվող տարածք։ Այսքանից հետո էլի տուրիստական մեքենաներ կան, որոնք նախընտրում են դուրս գալ իրենց հատկացված գոտուց եւ գնալ կանգնել «կարմիր գծերի» մեջ ու այնտեղից իրենց բիզնեսը ծավալել։ Այդտեղ կայանելու իրավունք, սակայն, նրանք չունեն։ Ընդ որում, կայանում են հենց հրապարակին հարակից փողոցներում՝ հիմնականում զբաղեցնելով Նալբանդյան, Ամիրյան փողոցների բանուկ հատվածները։

Երեկ, օրինակ, մենք հենց Ամիրյան փողոցում ֆիքսեցինք միանգամից մի քանի այդպիսի ավտոմեքենա, որոնք շարքով կանգնած էին Զաքյան-Ամիրյան խաչմերուկից մինչեւ հրապարակ։ Նրանցից մեկը Mercedes Sprinter էր, որն իր չափերով միանգամից երկու մեքենայի տեղ էր զբաղեցրել, մյուսը՝ Mercedes Viano, երրորդը՝ Toyota Alphard, չորրորդը՝ Honda Odyssey, ու այսպես շարունակ։ Բոլորի վրա էլ փակցված էին նրանց գովազդային պաստառները։ Ավելին, մենք նկատեցինք, որ վարորդներն իրենց նախաձեռնությամբ կարմիր ներկով լրացուցիչ գծանշում էին կատարել՝ լայնացնելով ու երկարացնելով «կարմիր գծերի» զոնան։

Մի քիչ հետաքրքրվեցինք ու իմացանք, որ տուրիստական մեքենաների վարորդներն այլ խորամանկ քայլի էլ են դիմում։ Մեզ ասացին՝ այդ փողոցի երկայնքով կայանված գրեթե բոլոր մեքենաները նրանցն են կամ նրանց հետ կապ ունեն։ Այդ մեքենաներով էլ իրենք տեղ են պահում իրենց տուրիստական մեքենաների համար։ Հենց որեւէ մեկը պատվերով դուրս է գալիս, նրանք տեղն այլ մեքենա են բերում կանգնեցնում, որ տեղը զբաղեցնեն, որպեսզի երբ իրենց տուրիստական մեքենան պատվերից վերադառնա, կանգնելու տեղ ունենա։ Ստացվում է՝ տուրիստական բիզնեսով զբաղվող այդ վարորդները, փոխանակ կայանեն իրենց համար օրինական հատկացված առանձին վայրում, եկել ու բառի բուն իմաստով զավթել են այլ մեքենաների համար հատկացված հատվածը, որի իրավունքը չունեն։

Համենայնդեպս, քաղաքապետարանից մեզ այդպես ասացին, որ նրանք այդտեղ կայանելու իրավունք չունեն։ Բայց քաղաքապետարանը որեւէ լծակ էլ չունի նրանց վրա ազդելու։ Առաջարկեցին այդ հարցով դիմել ոստիկանության պարեկային ծառայությանը, քանզի նրանք պետք է այդ հարցով զբաղվեն, թույլ չտան, որ կայանեն, կամ տուգանեն։ Պարեկներն էլ, չնայած նրան, որ օրը հարյուր անգամ այդ տարածքով անցնում են, բայց կա՛մ չեն նկատում, կա՛մ չնկատելու են տալիս, կա՛մ տեղյակ չեն իրենց պարտականություններից, կա՛մ էլ, ով իմանա՝ փայ ունեն այդ բիզնեսում, որ աչք են փակում դրա վրա։

Մանրամասն՝ տեսանյութում