Ընտրելով Նիկոլին`մեղքը վերցնում ենք մեզ վրա

Ընտրելով Նիկոլին`մեղքը վերցնում ենք մեզ վրա

2018-ին մենք չգիտեինք, որ Նիկոլն իշխանություն է ուզում, որպեսզի Արցախը հանձնի` պատերազմում կրած խայտառակ պարտությամբ եւ մի ամբողջ սերունդ զոհելու ու խեղելու գնով: Որ Սյունիքի սահմաններն է մերկացնելու եւ խոցելի վիճակում դնելու է թշնամու ափի մեջ: Որ սեր խոստանալով` ատելություն ու չարություն է տարածելու, հասարակությանը բաժանելու է երկու բեւեռի` թշնամական ու մեկմեկու չհանդուրժող: Որ ցիրուցան է անելու բանակը, ավերելու է ունեցած տնտեսությունը, ոչնչացնելու է ազգային արժեքները, առկախելու է մեր ինքնիշխանությունն ու պետականությունը եւ անորոշության ու սպառնալիքի է մատնելու պետության այսօրն ու վաղվա օրը: 

Այդ ամենը չասաց, երբ ապրիլին փողոց ու հրապարակ էինք փակում, որ Նիկոլը վարչապետ դառնա: Չասաց, երբ մայիսին սպիտակ հագած՝ դուրս էինք եկել հրապարակ, որ Նիկոլը վարչապետ ընտրվի: Չասաց դեկտեմբերին, երբ 72 տոկոս ձայն տվեց ժողովուրդը, որ ինքը եւ իր հետ քայլածները դառնան օրինական իշխանություն: Այն ժամանակ չգիտեինք, իսկ հիմա գիտենք: Ասելու կարիք չկա, մենք տեսնում ենք, թե ինչ է արել եւ ինչ է անելու: Չի ասել, արել է: Տված որեւէ խոստում չի կատարել, իսկ սրանք կատարած խոստումներ են, որոնց մասին չի բարձրաձայնել:  
Նիկոլն ասում է` կատարվածի պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը ես չեմ: Իսկ հունիսի 20-ին ձգտելով վերընտրվել` ոչ միայն պատասխան տալուց ու դատից ժամանակավորապես խուսափելու խնդիր ունի, այլեւ պատասխանատվությունից ու մեղքից ընդմիշտ ազատվելու հարց է լուծում: Նիկոլի նպատակն է՝ վերընտրվել եւ իր մեղքը բարդել ժողովրդի վրա. ոչ թե ինքն է, այլ՝ ժողովուրդը: Եթե կասկածներ կան կամ արդարացման փորձ, թե երեք տարի առաջ սխալվել է ժողովուրդը եւ զղջում է, հիմա ապացուցելու է, որ չի սխալվել եւ բնավ էլ չի զղջում:

Ընտրողը ձայն տալով Նիկոլին` կիսում եւ իր վրա է վերցնում կատարվածի ողջ պատասխանատվությունը: Այդպիսով հավանություն է տալիս եւ համերաշխություն հայտնում պատերազմում կրած խայտառակ պարտության եւ հետեւանքների համար, Սյունիքում կատարվածի համար, չարության, ատելության եւ մեր միջեւ թշնամանքի համար, ցիրուցանի, քանդուավերի համար եւ այն ամենի, որ կատարվել է վերջին երեք տարում: 

Մենք օրինականացնում ենք այդ ամենը եւ այն ապագան, որի մեջ մտնելու ենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը վերջնականապես կորցրած, դառնալու ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհ ու կապող հանգույց: Մենք օրինականացնում ենք նիկոլականությունը, որ աղանդի պես ամեն օր քայքայում է մեզ ներսից ու դրսից: Օրինականացնում ենք այդ նոր աղանդը որպես հավատ ու դավանանք՝ կործանող ու ոչնչացնող:
Նիկոլը դառնում է մաս-մաքուր, ժողովրդական դատարանն արդարացնում է նրան, որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում եւ սպիտակ թիկնոցով հանձնում է պատմության էջերին: Մեղքն ու պատասխանատվությունը ժողովուրդն իր վրա է վերցնելու եւ ինքն է կանգնելու պատմության դատաստանի առաջ: Վկայում է, որ ինքն է բերել Նիկոլին իշխանության, որպեսզի նրա ձեռքով գործի արհավիրքը: Սա է Նիկոլին ձայն տալու գինը: Եվ սա հստակ գիտակցում է յուրաքանչյուրս:

Հուսիկ Արա