Եթե մի օր հետ չգամ, որեւէ մեկին չմեղադրեք

Եթե մի օր հետ չգամ, որեւէ մեկին չմեղադրեք

Պատերազմը նոր էր սկսվել, երբ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ նորածին երեխային թողել ու կռիվ է մեկնել նաեւ երիտասարդ մի մայրիկ: Մենք գտանք մայրիկին՝ մենապայքարային սպորտի բազմակի հաղթող, մարզիչ-մանկավարժ Աշխեն Սիմոնյան:

Բարձրահասակ, գեղեցիկ, սլացիկ կազմվածքով հայուհին, պարզվեց, նաեւ զինվորական մասնագիտություն ունի, բայց այդ մասին գերադասում է չխոսել: Միայն ասաց, որ վտանգներից չի վախենում. այնտեղ է, որտեղ իր կարիքը կա: 

Աշխենը մենապայքարային մարզաձեւերով զբաղվել է 8 տարեկանից, իսկ հասունանալով հասկացել, որ սպորտն ինքնանպատակ ընտրություն չէր: Լավ մարզավիճակն իրեն պետք էր զինվորական գործի մեջ, որն ընտրեց ավելի ուշ: «Միշտ մտածել եմ՝ հարեւանների հարցում մեր երկրի բախտը չի բերել. ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել: Այդ դեպքում ինչո՞ւ պատրաստ չլինել, ի՞նչ կարեւոր է՝ կին ես, թե տղամարդ: Դա էր պատճառը, որ զինվորական դարձա: Հայրենիքիս ծառայելը մեծ պատիվ է ինձ համար»,- ասում է Աշխենը:

Ծնողները դեմ են եղել զինվորականի մասնագիտության ընտրությանը: Աշխենը համառել է, դա իմ կոչումն է՝ ասել է:  «Հայրս խենթանում էր, մայրս մի փոքր ավելի հեշտ էր նայում այդ փաստին: Հենց մտա ծառայության, ասացի՝ եթե մի օր հետ չգամ, որեւէ մեկին չմեղադրեք. դա իմ ընտրած ուղին է, եւ դա անում եմ հանուն հայրենիքի: Ես միշտ եմ մտածել՝ այս ընտրությամբ մի օր հնարավոր է չլինեմ»:
Առաջին անգամ մայրացած կինը մարտի դաշտում հասկացել է, որ այդ զգացմունքները ոչինչ են ավելի վեհ՝ հայրենափրկության գաղափարի համեմատ: Դուստրը հոգատար ձեռքերում է, կմեծանա՝ մտածել է, իսկ հայրենիքն իր կարիքն ունի: Ասում է՝ հայրենիքի նկատմամբ սերն աննկարագրելի չափերի է հասնում, երբ զգում ես, թե ոնց է հողը տնքում ցավից: «Երբ երկիրդ վտանգի մեջ է, բոլոր զգացմունքներդ տեղի են տալիս: Նույնիսկ երեխայիդ նկատմամբ սերը…»:

Աշխենը թշնամու թիկունքում գործողություններ է կատարել նույնիսկ հղի ժամանակ: Այդ մասին իմացել է միայն հոգեբանը, իսկ հրամանատարին ու զինակիցներին հղիության մասին չի ասել, որ գործողություններից հետ չպահեն: «Մտածում էի՝ եթե երեխան ծնվի, ուրեմն ծնվելու է պատրաստված. դեռ չծնված՝ պետք է զգա հողի ուժը, հասկանա՝ ինչ է հայրենիքը… Կարծես չեմ սխալվել. արդեն մեկ տարեկան է՝ բնավորություն է ցույց տալիս, նույնիսկ ոչ մի անգամ չի հիվանդացել»:

Հինգերորդ սերնդի պատերազմը երիտասարդ կնոջը չի վախեցրել: Ոչ միայն պատրաստ է եղել հոգեպես ու ֆիզիկապես, այլեւ պատկերացրել է, թե թշնամին ինչ զինատեսակով է կռվելու: «Ինչպես պատկերացնում էի, այդպես էլ եղավ: Միշտ ամենավատն եմ մտածել, դրա համար չեմ զարմացել… Իմ զոհվելու մասին չեմ էլ մտահոգվել, բայց չեմ հաշտվում ընկերներիս կորստի հետ: Երբ կորցրի առաջին ընկերոջս, կարեւոր առաջադրանք էի կատարում, այդ պահին ոչինչ չզգացի, իսկ երբ ուշքի եկա, հասկացա, թե ինչ է տեղի ունեցել: Հետո կորուստներն ավելացան, ցավը սաստկացավ ու խորացավ… Շատ եմ կարոտում, բոլորին եմ կարոտում, երբ պառկում եմ քնելու, հերթով գալիս են… Չէ, ժամանակը չի բուժում…»։

Հիմա, երբ մարդկային անդառնալի կորուստներ ու անթաղ մեռելներ ունենք, երբ ունենք թշնամուն հանձնած ու հոշոտված հայրենիք, հանգստանալ չենք կարող՝ ասում է Աշխենը: «Հայրենիքը կորցնել ա՞յս ձեւով. չեմ համակերպվում: Չեմ էլ կոտրվում, որովհետեւ պայքարը պետք է շարունակել: Երկու տարբերակ կա՝  կա՛մ հոգնում ենք ու հանձնվում, կա՛մ շարունակում ենք պայքարել ու առաջ գնալ: Մեր նահատակները դա են մեզ պարտադրում: Ես վստահ եմ՝ նրանք հիմա երկնքից նայում ու զայրանում են՝ ինչո՞ւ ենք այսպիսին: Երբեմն ո՜նց եմ նրանց երանի տալիս…»։