Նիկոլ Փաշինյանը պետք է դիմի նաև ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին

Նիկոլ Փաշինյանը պետք է դիմի նաև ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին


Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

-Պարոն Դանիելյան, փորձագետների տարածված ընդհանուր գնահատականն այն է, որ Արցախյան հակամարտությունը միակ հարցն է, որում ՌԴ-ն ու Արևմուտքն ունեն կոնսենսուս, հատկապես, եթե նկատի ունենանք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն մեկնեց Մոսկվայից, ապա՝ Ժնև։ Մինչդեռ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արձագանքելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հայտարարությանն, ասել է, թե Մոսկվան ամբողջական տեղեկատվություն չունի Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու գաղափարի մասին ու ավելացրել, որ, ամեն դեպքում, բոլոր պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի միջև: Ի՞նչ է սա։

-Ըստ իս՝ ինչ- որ բանակցություններ ընթանում են փակ դիվանագիտական  ֆորմատով, որին չենք տիրապետում։ Եվ կարող ենք ինչ-որ տեսակետներ հայտնել հրապարակային հայտարարությունների հիման վրա։ Ըստ էության, Հայաստանը հայտարարել էր, որ կողմ են ռուսական խաղապահներին, Միացյալ նահագները՝ որ երրորդ կողմի խաղաղապահներ են նախընտրում։ Հիշում եք․  որպեսզի չլինեն Մինսկի խմբի անդամ, հարևան երկրներից ու լինեն նեյտրալ։ Նախ, Սկանդինավյան երկրները որքան էլ  լինեն այդ պարամետրերին համապատասխանող, ՆԱՏՕ-ական երկրներ են և արևմտյան ազդեցության տակ են։ Այսինքն՝ խաղապահների առումով գործընթաց է, թե ով ինչ առումով կուժեղացնի իր վերահսկողությունն այս տարածաշրջանում։ Հիմա ինչ վերաբերում է ռուսական կողմին, որն ասում է, որ տեղյակ չէ, մանրամասներին, կարելի է ենթադրություն անել, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտագության գծով խորհրդականի հրապարակային  հայտարարությունը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի հետ չի քննարկվել։ Եվ մյուս կողմից, որքանով ես եմ հիշում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ լինեն ռուսական խաղաղապահներ։

-Եկեք նաև արձանագրենք, որ մեկ ամիս առաջ էլ ասել էր, որ դեմ է խաղաղապահներին առհասարակ։

-Այն ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա՝ այլ։ Բայց եկեք խնդրին նայենք այլ տեսանկյունից։ Խաղաղապահների մասին որևէ որոշում ԵԱՀԿ ՄԽ երկրներից  առանձին որևէ երկիր միանձնյա չի կարող ընդունել, և որոշումները պետք է համաձայնեցված լինեն։ Այստեղ ակնհայտ է, որ այս երկրների միջև առաջին անգամ ի հայտ եկած՝ խաղաղապահների հարցում մրցակցության մասին է խոսքը։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ հրադադարի 
 բոլոր տարբերակները չաշխատեցին։ Հիմա․ աներկբա է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այսօր շարունակում է մնալ միակ մարմինը, որ կարող է լեգիտիմ որոշում կայացնել։ Բայց այստեղ է, որ բանակցությունների խնդիր կա։ Եվ կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ու ինքը խթանի 3 կողմերի միջև այդ բանակցությունների խթանումը։ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ նախագահին նամակով, ՌԴ-ն պատասխանեց, որ Հայաստանի պահով իր պարտավորությունները ուժի մեջ են, Արցախի մասով մանդատ չունի։ Խաղապահներ մտցնելու և այլն։ Այսինքն՝ ստեղ, ըստ իս, Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ դիվանագիտական խողովակներով քննարկի ամերիկյան առաջարկը և նմանատիպ մի-մի նամակ էլ գրի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներին։ Որովետև միայն Ռուսաստանի նախագահին դիմելով՝ ինքը, փաստորեն, մյուս երկրներին հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսանավելու։ Իսկ պատասխանատվություն իրենք վերցրել են երեքով՝ որպես ԵԱՀՄ ՄԽ համանախագահ երկրներ։ 

-Ձեր ասածից կարելի՞ է հասկանալ, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև կա անհամաձայնություն, բայց դա չի եղել Երևանի նախաձեռնողականության հետևանքով, այլ եղել է զուտ ամերիկյան առաջարկ, որը մեզ համար նույնքան անսպասելի է, որքան ՌԴ-ի՞։ 

-Իմ կարծիքով՝ տեղի է ունեցել հետևյալը․ Հայաստանից հայտարարել են, որ նախընտրում են ռուսական խաղաղապահների, դրանից հետո ԱՄՆ-ից արդեն հակառակ առաջարկն է եղել։ Այսինքն՝ ամերիկացիներն իրենց մանդատի մասով համաձայն չեն, որ լինեն ռուսական խաղաղապահներ։

-Բայց եկեք չմոռանանք, որ ռուսական կողմը տարիներ շարունակ խոսելով ռուսական խաղաղապահների մասին, հիմա շրջանցում է այս թեման՝ նշելով, որ հիմա խոսք կարող է լինել ընդամենը դիտորդների մասին։ Ի՞նչ կատարվեց, որ խաղաղապահների հարցում համանախագահները սկսեցին մրցակցել։

-Նախ․ եթե լինեն միջազգային մանդատով դիտորդներ, ապա դա նշանակում է՝ շփման նոր գիծ և այդ դիտորդությունն այդ գծի շուրջ է կատարվելու։ Այսինքն՝ խնդիրը սա է լինելու, թե գիծը ո՞րն է, որի մոտ կանգնելու են դիտորդները։ Սա ավելի լուրջ քաղաքական հարց է, քան դիտորդների ներկայությունը։ Երկրորդ․ դիտորդների խնդիրը նոր չէ դրված․ եկեք հիշենք 16 թ․ դեպքերից հետո  Ժնևի, Սանկտ- Պետերբուրգի հայտարարությունները։ Սա հենց դիտորդների՝ կողմերի նախահարձակ գործողությունների վերաբերյալ ապացույցների՝  վերիֆիկացիայի մասին էր։ Եվ հիմա, մինչև խաղապահների լինել- չլինելը կա այդ գծի հարց, որովհետև դիտորդություն անելու ու հետագայում՝ խաղաղապահներ բերելու համար կողմերը պետք է այդ գծի շուրջ պայմանավորվածություն ունենան։ Ու ամբողջ խնդիրն այդ գիծն է․ Ադրբեջանն ասում է՝ մեր տարածքները գնում եմ ազատագրեմ, Հայաստանը պաշտպանվում է, բայց գծի հարցը մնում է։ Որտե՞ղ է այն։ Սա է, իսկ մնացածը հետևանքներ են։

-Իսկ Տեր-Պետրոսյանի մեկնաբանության հետ համամի՞տ եք, որ վայ մեզ, որ չեք հասկանում, թե ինչ է ասում Պուտինը։ Այն է՝ Նիկոլ,  լուծիր, ես չեմ կարող քո փոխարեն լուծել։ Այսինքն՝ ի՞նչ նկատի ունի՝ լուծիր խնդիրը՝ հանձնի՞ր շրջանները։

-  Ճիշտն ասած, Տեր-Պետրոսյանի ասածի մեջ քաղաքական իմաստ չեմ տեսնում։ Ըստ իս՝ դա ինչ-որ էմոցիոնալ հայտարարություն  էր։