Օրբելյանի փոխարեն առաջարկելու էին Ռուսաստանի քաղաքացի Բորիս Հայրապետյանի թեկնածությունը

Օրբելյանի փոխարեն առաջարկելու էին Ռուսաստանի քաղաքացի Բորիս Հայրապետյանի թեկնածությունը

Մի քանի օր է, ինչ բուռն քննարկման առիթ է դարձել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու որոշումը։ Այսօր էլ օպերային թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը եւ Օրբելյանի վերադարձը։ 

Մեզ տեղեկություններ են հասել, որ օրերս առաջարկվել է Օրբելյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանի, որն, ի դեպ, ըստ «Վիքիպեդիայում» հրապարակված տվյալների՝ ունի Ռուսաստանի քաղաքացիություն, սովորել է Մոսկվայում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Նազենի Ղարիբյանը տեղեկության վերաբերյալ նախ ասաց․ «Այդ հարցն այլեւս քննարկման առարկա չէ»,-ապա ավելացրեց․ «Իր անունն եղել է թեկնածուների մեջ, որոնք մենք ունեինք մեր ձեռքի տակ։ Այո, իր անունը եղել է»։
Հարցին, թե Բորիս Հայրապետյանին առաջարկը ներկայացրե՞լ են, արձագանքեց․ «Առանց իրեն հարցնելու ինչպե՞ս կարող էին թեկնածուների անուններն ունենալ»։

Մեր մյուս հարցերին Ղարիբյանն այլեւս չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Նազենի Ղարիբյանը Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ասել էր, որ չի տիրապետում հայերենին եւ նրան տնօրենի պաշտոնում նշանակելու հրամանը եղել է ավելի շուտ, քան այդ պաշտոնում նշանակելու համար կառավարության որոշման փոփոխությունն ուժի մեջ է մտել: