Քոչարյանի գործը քննող դատավորը Ջհանգիրյանի առաջարկով մեդալ է ստացել

Քոչարյանի գործը քննող դատավորը Ջհանգիրյանի առաջարկով մեդալ է ստացել

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի և մյուսների՝ սահմանադրական կարգի տապալման գործի կարճման դեմ բերված բողոքները։ 

Նիստը նախագահող Նարինե Հովակիմյանին, նախորդ նիստին, պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը  մերժվեց։ Ալումյանը նշել էր, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը` արդար։ 

Մինչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքն է քննվում, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը միջնորդել է, որպեսզի Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։ Անկախության տոնի առթիվ նախագահը նրան պարգեւատրել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Ալումյանն այդ իսկ պատճառով նշում է․ «Մի մարդ, որն ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման»։

Բացի սրանից, որոշակի կապ կա  նաեւ Վերաքննիչ բողոքը ներկայացրած դատախազ Գեւորգ Բաղդասարյանի եւ Նարինե Հովակիմյանի միջեւ։ Դատական համակարգի մեր աղբյուրը փոխանցում է՝ այս դեպքում եւս դատավորը չի կարող լինել անկողմնակալ․

«Նարինե Հովակիմյանը մինչեւ Վերաքննիչ դատարանում որպես դատավոր նշանակվելը, աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այդ ժամանակահատվածում Լոռու մարզում դատավոր է եղել նաեւ Գեւորգ Բաղդասարյանի հայրը՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակված, որպես դատավոր։ Այսօրվա դրությամբ, Գևորգ Բաղդասարյանը Վերաքննիչ բողոք ներկայացրած անձն է՝ Ռ․Քոչարյանի գործով։  Նարինե Հովակիմյանն ընդհանուր առմամբ դատական համակարգում վատ չի ընկալվում, բայց նա ունի մեկ ֆունդամենտալ խնդիր․ ինքը Մանվել Գրիգորյանին մի քանի անգամ կալանքի տակ պահած դատավորն է, դա իրեն վստահորեն կոմպլեքսավորվում է։ Ու հիմա այսպիսի բեռի տակ է այս կինը, մի կողմից Գեւորգ Բաղդասարյանի հետ կապ, մյուս կողից Ջհանգիրյանն իրեն ներկայացրել է պարգեւատրման, դրան զուգահեռ իր վարույթում է քննվում այս իշխանության համար կարեւորություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի գործը»։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ Որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմեց Բարձր դատարան, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն ներկայացրին՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ։