ՍԴ նախկին նախագահը մեղվահասարակության մասին ֆիլմ է նկարել (տեսանյութ)

ՍԴ նախկին նախագահը մեղվահասարակության մասին ֆիլմ է նկարել (տեսանյութ)

Նախօրեին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի «Մեղվահասարակության առեղծվածը» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի հեղինակն ու գիտական խորհրդատուն հենց Գագիկ Հարությունյանն է, ով նաեւ սցենարի համահեղինակն է, երաժշտական խորհրդատուն է` Տիգրան Մանսուրյանը, ռեժիսորը` Խորեն Սարգսյանը, պրոդյուսերը` Արման Սուլեյմանյանը:

Նկարահանումների մի մասն արվել էր հենց Գագիկ Հարությունյանի ամառանոցում` մեղուներին նվիրված թանգարանում: 

Իր բացման խոսքում ՍԴ նախկին նախագահը նշեց, որ մարդկությունը կանգնած է մեծագույն վտանգի առջեւ: Ըստ կանխատեսումների, մինչեւ 2033-35թթ-ը հնարավոր է երկրագնդի բնակչության 80 տոկոսը սովի մատնվի, որովհետեւ մեղուների կորուստը, որն այսօր աշխարհում միջինը կազմում է 40 տոկոս, իսկ որոշ երկրներում էլ` 50-60 տոկոս, շղթայական ռեակցիայով բերում է ոչ միայն մեղրամթերքների փոշոտման դադարեցման, այլեւ գյուղատնտեսական 115 հիմնական մշակաբույսերից 75-ը, որ ստացվում է մեղուների փոշոտման արդյունքում, դրա հետեւանքով դրանց բերքատվությունը իջնելու է զրոյի: Ավելին` դեռ Ալբերտ Էյնշտեյնն է նկատել. եթե մեղուները վերանան, ապա մարդկությանը կմնա 4 տարվա կյանք: Դրա համար, այսօր աշխարհառչակ շատ աստղեր, ինպիսին է օրինակ` դերասան Մորգան Ֆրիմանը, իր ֆանզենդաներում մեղուների հսկայական փեթակներ է դրել` դրանց տեսակը փրկելու եւ սերունդներին փոխանցելու համար:  

ՍԴ նախկին նախագահը, մեղուներին ֆիլմում չի ներկայացրել` մեղրի ու նրա օգտակար հատկությունների տեսանկյունից, այլ, ինչպես ինքը նշեց, որպես բանական հասարակություն, որն ունի կատարյալ իմունային համակարգ, որը գոյություն ունի 100 մլն տարի եւ այդ 100 մլն տարվա ընթացքում մուտացիայի չի ենթարկվել. «մինչդեռ մարդկային հասարակությունը գոյություն ունի 10 հազար տարի եւ այսօր տեսնում եք, թե ինչ է կատարվում` իրար են ուտում թե ներսում, թե դրսում, թե ամբողջ աշխարհում, ինչպիսի դեգրադացիա մարդկային հասարակությունում, երբ մի դարի ընթացքում 30-40 մլն. մարդ` մարդու ձեռքով սպանվում է»:

Ֆիլմում զուգահեռներ են տարվում մարդկային ու մեղվա հասարակությունների միջեւ. այսպես օրինակ ՍԴ նախկին նախագահը նկատում է, որ ի տարբերություն մարդկային հասարակության, մեղվա հասարակությունն ունի կատարյալ ընտրական համակարգ, որտեղ լսվում է բոլորի ձայնը, քանի որ անցնում է ոչ թե մեծամասնության, այլ` յուրաքանչյուրի խոսքը:  

Ի դեպ, ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, միայն Չինաստանում ֆիլմը դիտել է 72 մլն-ից ավել մարդ:

Մանրամասն՝ տեսանյութում։