Դատախազությունից հորդորում են

Դատախազությունից հորդորում են

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից 2019թ. 
փետրվարի 6-ին` ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների 
կարգով նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է 
ուղարկվել քաղաքացու դիմումն այն մասին, որ իր հետ համացանցով ծանոթացած 
Ս.Ս.-ն, ներկայանալով որպես գլխավոր դատախազության աշխատակից՝ զինվորական 
դատախազի տեղակալ, խաբեությամբ` իր համար նորակառույց շենքերից մեկում 
«Համահայկական հիմնադրամի» միջոցներով բնակարան ձեռք բերելու համար 
նախնական վճարումները կատարվելու պատրվակով 2018թ. նոյեմբեր ամսին վերցրել 
է 507,000 ՀՀ դրամ և անհետացել` հափշտակելով այն։

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու 
բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 
հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ 
քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն 
վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:

     Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն 
անձնավորության առերևույթ հանցավոր գործողություններից տուժել է ևս երեք 
քաղաքացի: Մասնավորապես ներկայանալով որպես գլխավոր դատախազության տարբեր 
ստորաբաժանումների դատախազ՝ բնակարան ձեռք բերելու համար նախնական 
վճարումներ կատարելու պատրվակով նրանցից առանձին առանձին, տարբեր 
ժամանակահատվածներում, մաս-մաս ստացել է մի դեպքում շուրջ 1.000.000, 
մյուսի դեպքում՝ 565.000, երրորդի դեպքում՝ 3.330.000 ՀՀ դրամ գումար և 
անհետացել։ Ցուցմունքներում առերևույթ խարդախության զոհ դարձած առանձին 
քաղաքացիներ նշել են, Ս.Ս.-ի հորդորով նաև ապառիկով գնել և նրան են 
փոխանցել բջջային հեռախոսներ, իսկ պահանջված գումարները տալու համար 
ստիպված ձևակերպել և ստացել են վարկեր:

Ս.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ 
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու 
միջնորդություն կներկայացվի դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:

Պարզվել է, որ 1985թ. ծնված Ս.Ս.-ն նախկինում դատապարտվել է նմանատիպ 
հանցագործություն կատարելու համար: Մասնավորապես Էրեբունի և Նուբարաշեն 
վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. դատավճռով ՀՀ 
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-212-րդ հոդվածի 
3-րդ մասով և 34-212-րդ հոդվածի 3-րդ մասով նա դատապարտվել է ազատազրկման՝ 
5 տարի ժամանակով։
Բացի այդ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 
վարույթում քննված քրեական գործով Ս.Ս.-ն կրկին հետապնդվել է ՀՀ քրեական 
օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Տվյալ քրեական գործը 
մեղադրական եզրակացությամբ 29.10.2018թ. ուղարկվել է դատարան։
Նկատի ունենալով, որ Ս.Ս-ի հանցավոր գործողություններից կարող են տուժած 
լինել նաև այլ քաղաքացիներ՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ 
դատախազություն կամ իրավապահ որևէ այլ մարմին: