Քանի Նիկոլը կա, սաղ կյանքներս դատապարտված ենք. Բարսեղ Բեգլարյան (տեսանյութ)

Քանի Նիկոլը կա, սաղ կյանքներս դատապարտված ենք. Բարսեղ Բեգլարյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթանում է դիզվառելիքի գործով հերթական դատական նիստը։ Դատավարությանն ամբաստանյալներից ներկա են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանը։

Այժմ ճառով հանդես են գալիս ամբաստանյալների պաշտպանական խումբը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ: 

Մինչ դատական նիստը կսկսեր, դատարանի միջանցքում «Հրապարակի» լրագրողը Բարսեղ Բեգլարյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ կդատապարտվի, թե գործով անմեղ կճանաչվի, Բեգլարյանն ի պատասխան ասաց․ «Քանի Նիկոլը կա, սաղ կյանքներս դատապարտված ենք»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:

Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Գործով անցնող ամբաստանյալներից որեւէ մեկը մեղադրանքը չի ընդունում: 

«Հրապարակ»-ով հետեւեք դատական նիստի ուղիղ հեռարձակմանը: