ԳԽ պատգամավորներին

ԳԽ պատգամավորներին

Թոհուբոհի, կորուստների ու հիստերիայի մեր ժամանակներում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին անդրադառնալը կարող է արխայիկ ու մի քիչ էլ ավանտյուրիստական քայլ թվալ, բայց երբ վտանգված է Հայաստանի Հանրապետության անկախությունը, եւ հանրային բոլոր ռեսուրսների ու գործիքների մոբիլիզացման անհրաժեշտությունը կա, Էդգար Ղազարյանի նախաձեռնությունն ավելի քան պահանջված գործողություն է թվում:

Եվ բանը բոլորովին այն չէ, որ Գերագույն խորհրդի այսօր հրավիրված խորհրդանշական նիստը հետ է բերելու մեր երկրի նվազեցված ինքնիշխանությունը եւ ամրացնելու է Հայաստան պետությունը կամ, առավել եւս, ստիպելու է այդ անկախությունը նվազեցրած Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալ: Բանն այն է, որ 1988-1990 թվերին իշխանության եկած մարդիկ, որոնք մշակել եւ ընդունել են այս Հռչակագիրը, մեր անկախ պետության ստեղծման ակունքներում են կանգնած, եւ նրանք չեն կարող դիտորդի նման հետեւել մեր պետության անկմանը` կարծիք չհայտնել, խոսք չասել, կոչնակ չհնչեցնել:

Նրանք մեր 30-ամյա պատմության ընթացքում լավագույն խորհրդարանն են ներկայացնում, վերջին հարյուրամյակի հայ քաղաքական լավագույն միտքը, ուստի իրավունք չունեն անհաղորդ մնալ մեր երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ճիշտ է` տարիքն ու կյանքի հարվածները միշտ իրենց դերը խաղում են, սակայն եկել է պահը, երբ պետք է մոռանալ ամեն ինչ` տարիք, շահեր,  տարաձայնություններ, հիշել 1990 թվականը եւ նույն երիտասարդական ավյունով մասնակցել այս վիճակը հաղթահարելու գործին:

Հաստատ՝ 1990-ին նրանք անկախ Հայաստանի համար այս ապագան չէին պատկերացնում, բայց այսօր կարող են կարեւոր դերակատարում ունենալ, եւ այս չավարտվող մղձավանջը կարող է հենց նրանց ջանքերով դադարեցվել: