Ինչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն Գյումրիում

Ինչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն Գյումրիում

«Քաղաքացիական պայմանագրի»՝  «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը խզելուց հետո Գյումրիում քաղաքական դաշտը շարունակում է լարված եւ անորոշ մնալ: Ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո , Իրաքի դեսպանի պաշտոնից հետ կանչվեց նախկին քաղաքապետի՝ Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, իսկ ավագանու վերջին նիստին  «Քաղաքացիական պայմանագիր»-ը տապալեց Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատումը: Տարեվերջին Գյումրու ավագանու արտահերթ նիստին, ինչպես սպասվում էր, ՔՊ-ն դեմ քվեարկեց բյուջեի հաստատմանը, իսկ  մյուս երկու խմբակցությունները՝ «Զարթոնքն» ու «Ապրելու երկիրը»՝ ձեռնպահ, կողմ քվեարկեցին միայն «Բալասանյան դաշինքն» ու ՀՀԿ-ն, ինչը բավարար չէր նախագածի հաստատմանը : Ուշագրավ է, որ  ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ, պահը բաց չթողնելով, նետեց՝ թե շնորհավորում է Բալասանյան դաշինքին  եւ ՀՀԿ-ին՝ կրկին վերամիավորվելու առթիվ, ինչպես տարիներ առաջ էր: Ավագանու նիստից հետո շրջանառվեցին խոսակցություններ , թե Հանրապետական կուսակցությունն, այնուամենայնիվ, Գյումրիում ակտիվանում է:

Արդյոք «Բալասանյան դաշինքի» հետ որևէ նոր պայմանավորվածության կամ քաղաքական այլ  ծրագրեր իրականացնելու փորձեր կան՝ hraparak.am-ը հետաքրքրվեց Գյումրի համայնքի ավագանու «Հանրապետական» խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանից:

« «Քաղաքացիական պայմանագիրը» 2021 թվականից «արհեստական» կերպով ստորագրված հուշագրով Գյումրիում եղել է իշխանություն։Ինչու եմ ասում` արհեստական, որովհետև տվյալ հուշագրի իրական նպատակը ՔՊ-ին Գյումրիում իշխանության մաս դարձնելն էր։Հանրապետականը ի սկզբանե դեմ է եղել տվյալ հուշագրին, գտնելով որ այն չի բխում քաղաքի շահերից։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը,  ասեմ,  որ ՀՀԿ-ն արմատական ընդդիմություն է, ՀՀԿ-ն իր որոշումները Գյումրիում կայացնում է բացառապես ի շահ քաղաքի։Հակառակ մեզ՝ ՔՊ-ն,  2 տարի հավասարապես կիսելով իշխանությունը Գյումրիում, փորձեց ողջ պատասխանատվությունը գցել իր վրայից,առաջնորդվեց նեղ կուսակցական շահերով, փորձելով Գյումրին ևս տանել ցնցումների ու Հանրապետության մյուս համայնքների օրինակով,  որտեղ չունեն  համայնքապետի պաշտոն, ապակայունացնել իրավիճակը, այլասերել քաղաքական դաշտը և հասնել բաղձալի իշխանության։ՔՊ-ի պահվածը չի բխում գյումրեցիների շահերից։ ՀՀԿ -ն մշտապես ակտիվ է,  մշտապես գործելով ի շահ երկրի և մեր քաղաքի»,-ասաց մեր զրուցակիցը ։