Ինչու է Փաշինյանը գեներալ Սաքոյի կերպարանքով հասել Կոռնիձոր

Ինչու է Փաշինյանը գեներալ Սաքոյի կերպարանքով հասել Կոռնիձոր

Խաչակիր Սաքոյին հրապարակ, իսկ հրապարակից Կոռնիձոր է ուղարկել Նիկոլ Փաշինյանը. այսպիսի պնդում են անում շատերը: Հարցն այն է, թե Փաշինյանի ինչին է պետք նման ցածրորակ ներկայացման բեմադրությունը, եւ ինչ արդյունքի է ուզում նա դրանով հասնել: Հիշեցնենք, որ իրենց խաչակիրներ հռչակած խումբն օրեր առաջ հայտարարեց, թե պատրաստվում է հասնել Կոռնիձոր եւ բացել Հակարիի կամուրջը՝ ապահովելով Արցախ-Հայաստան ուղիղ կապը։ 
Ըստ իս, Նիկոլ Փաշինյանը սրանով ուզում է հայ հասարակությանն ապացուցել, որ որեւէ մեկը պատրաստ չէ մասնակցել Արցախի փրկությանը, որ մարդիկ միայն խոսում են, պահանջներ են դնում իշխանությունների առաջ, իսկ երբ հարցը հասնում է իրենց, հրաժարվում են մասնակցություն ունենալ կամ արդյունավետ քայլեր ձեռնարկել: Սա Փաշինյանի սիրելի գործելաոճն է. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էլ փոխանակ կազմակերպեր երկրի պաշտպանությունը, իր վրայից պատասխանատվությունը գցելու համար Փաշինյանը կոչով դիմեց կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքապետարաններին, որ ջոկատներ կազմեն եւ մեկնեն Արցախ՝ կռվելու: Ի՞նչ անի Փաշինյանը, որ քչերն արձագանքեցին նրա կոչին եւ չգնացին մեռնելու՝ հանուն այն բանի, որ ինքը մնա իշխանության:

Փաշինյանը չի թաքցնում Արցախի հարցի լուծման իր համար ընդունելի տարբերակը. ստիպել արցախցիներին՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները եւ ինտեգրվել Ադրբեջանին: Այդ նպատակին հասնելու համար Փաշինյանը գործում է Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցված, նպատակն արցախցիների դիմադրությունը կոտրելն է, համոզելը, որ հանձնվելուց բացի այլ ելք իրենց ուղղակի չի մնում: Հուլիսի 26-ին Փաշինյանը հումանիտար բեռով բարձված մի քանի բեռնատար ուղարկեց Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք, որտեղ նրանք արդեն 20 օր է՝ կանգնած են: Փաշինյանը շատ լավ գիտեր, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալու, որ հումանիտար բեռներով բարձված ավտոշարասյունը մտնի Արցախ, բայց, այնուամենայնիվ, ավտոշարասյունը մեկնեց ու շարունակում է ճանապարհին կանգնած մնալ: Փաշինյանն արցախցիներին ցույց է տալիս, որ իբրեւ թե ցանկություն ունի օգնելու, բայց հնարավորություն չկա: Փաշինյանի արածը շատ նման է սոված մարդուն սնունդը հեռվից ցույց տալուն. մարդը նայում է սննդին, ախորժակը գրգռվում է, ուզում է ուտել, բայց չի կարողանում: 

Իսկ ի՞նչ տարբերակ կա՝ սնունդն Արցախ հասցնելու, արցախցիներին սովից փրկելու: Հասարակության մի մասն ասում է, որ պետք է փորձել Լաչինի միջանցքը բացել՝ ուժ կիրառելով: Տեսակետներ են հնչում, որ Հայաստանի զինված ուժերը պետք է գործի դրվեն՝ արցախցիների ցեղասպանությունը կանխելու համար, որովհետեւ եթե Արցախում Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործում, իսկ Հայաստանը դիտորդի դերում է եւ չի միջամտում, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչի համար են Հայաստանի բանակը, զինված ուժերը: Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ մի փոքր պարզաբանում տվեց՝ ասելով,թե «Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ», իսկ «ՀՀ զինված ուժերի գործառույթը, ՀՀ սահմանադրությամբ, Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունն ապահովելն է»։ Փաշինյանն ասում է` դուք ձեր գլխի ճարը տեսեք, մենք միջամտողը չենք: Բայց որպեսզի հայ հասարակությանն ավելի հիմնավոր համոզի, որ Լաչինի միջանցքը զենքի ուժով բացելը մեր խելքի եւ ուժի բանը չէ, Կոռնիձոր է ուղարկում ոչ միայն հումանիտար բեռներ, այլեւ գեներալ Սաքոյին՝ իր խմբի հետ:

Սաքոն, դիմելով հայ հասարակությանը, կոչ էր անում՝ համախմբվել իր շուրջ եւ զենքի ուժով բացել Լաչինի միջանցքը: Նրա կոչին արձագանքողներ գրեթե չեղան, փոխարենը սկսվեց փոխադարձ մեղադրանքների մի շղթա: Տարբեր մարդիկ եւ քաղաքական ուժեր սկսեցին նրան մեղադրել ոչինչ չանելու, ընդամենը կեղծ հայտարարություններ տարածելու, սադրելու մեջ, նա էլ իր հերթին սկսեց սպառնալ, թե հաշվեհարդար կտեսնի իրեն վարկաբեկողների, իրեն քննադատողների նկատմամբ: Գեներալ Սաքոն կոկորդ է պատռում, թե ուզում է գնալ՝ Լաչինի միջանցքը բացել, ուզում է համախմբել խնդրով մտահոգ բոլոր ուժերին, վերջ դնել Արցախի շրջափակմանը, հաց հասցնել Արցախում սովի մատնված երեխաներին ու ծերերին, բայց մնացել է մենակ, ոչ մեկը չի ուզում միանալ իր կոչին, բոլորը, բազմոցներին պառկած կամ համակարգիչների դիմաց նստած, միայն քննադատում են իրեն: Իսկ ինքը որքան էլ հերոս լինի, որքան էլ ռազմական մեծ փորձ ու հմտություն ունենա, չի կարող միայնակ գնալ ու բացել Լաչինի միջանցքը:

Հաշվեք, որ գեներալ Սաքոն նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, նույնիսկ հոխորտալն ու սպառնալն են շատ նման, առանց գեներալի ուսադիրների: Փաշինյանը Սաքոյի բերանով հայ հասարակությանն ասում է. արա, էս չե՞ք, մենակ խոսում եք, մենակ մեղադրում եք իշխանություններին, թե ոչ մի բան չեն անում, Լաչինի միջանցքը չեն բացում, Արցախը չեն փրկում, դե դուք փրկեք, եթե փրկող եք: Ես էլ ձեզնից մեկն եմ, եթե դուք չեք ուզում ձեզ վտանգի ենթարկել, ինձնից ի՞նչ եք ուզում: Վաղը, մյուս օրը Աննա Հակոբյանը կարող է ասել, թե Հայաստանում 500-600 հազար տղամարդ կար, ովքեր կարող էին միանալ գեներալ Սաքոյի կոչին եւ եթե միանային, գուցե հնարավոր լիներ բացել Լաչինի միջանցքը եւ փրկել Արցախը, որ չմիացան, ո՞վ է դրանում մեղավոր:

Փաշինյանն արցախցիներին էլ է ուզում ցույց տալ, որ Հայաստանի, Հայաստանի իշխանությունների եւ հայ հասարակության վրա հույս չդնեն. Հայաստանում կարող են շատ խոսել, շատ բան ասել, ֆեյսբուքներում կոկորդ պատռել ու լալահառաչ տեքստեր գրել, բայց արդյունքում ո՛չ սնունդ է հասնելու Արցախ, ո՛չ միջանցքն է բացվելու,ո՛չ էլ որեւէ մեկը վտանգելու է իր կոմֆորտը՝ հանուն Արցախի: Այնպես որ, գնացեք, կզեք Ադրբեջանի առաջ ու ինձ հանգիստ թողեք: Բայց մի պարզ հարց է ծագում՝ եթե հասարակությունը՝ ինքը, պետք է ինքնուրույն կազմակերպի երկրի պաշտպանությունը, Արցախի փրկությունը, Արցախին սնունդ ու դեղորայք հասցնելը, այդ դեպքում ինչի՞ համար են ընդհանրապես իշխանությունը, պետական կառույցները:

Ավետիս Բաբաջանյան