90-ականներին եթե մտածեինք՝ ռեսուրս կա, թե չկա, Արցախն այդ ժամանակ կհանձնեինք

90-ականներին եթե մտածեինք՝ ռեսուրս կա, թե չկա, Արցախն այդ ժամանակ կհանձնեինք

Ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է հոդված՝ «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» վերնագրով, որտեղ հղում անելով ոմն անհայտ զրուցակցի` ռուսական պետական կառույցներից, հեղինակը հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետեւ Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Հետաքրքիր է, որ զրուցակիցն Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումն անվանում է անօրինական եւ շեշտում, որ հենց Ադրբեջանն է հրահրել հումանիստական ճգնաժամ Արցախում, եւ դա միջոց է՝ Արցախը վերջնականապես Ադրբեջանի կազմում տարրալուծելու համար։

Անհայտ զրուցակիցը հոդվածում մասնավորապես նշում է․ «Այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի եւ սովահարության սպառնալիքի օգտագործմանը՝ որպես զենք եւ Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց: Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որ Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման եւ, գուցե, Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխման համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո: Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով եւ առաջարկելով այլընտրանքային երթուղիներ՝ ադրբեջանական կողմը հետեւողականորեն փորձում է կտրել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի միջեւ գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից»։

Նման տեղեկատվական արտահոսքը նախ մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում, եւ շատերը սա գնահատեցին որպես Ադրբեջանի հետ Արցախի ինտեգրման քաղաքականությանն ուղղված միջամտություն ռուսական կողմից, եւ գնահատականը խիստ բացասական էր, անգամ Արցախի ԱԳՆ-ն արձագանքեց սրան: Մենք փորձեցինք այս հրապարակման եւ Լավրովին վերագրվող այդ առաջարկի մասին լսել հայ քաղաքագետների կարծիքները` ի՞նչ մեսիջներ է սրանով փոխանցում ռուսական կողմը, արդյոք սա կարո՞ղ է ազդանշան լինել այն բանի, որ ռուսական կողմի քաղաքականությունը փոխվում է, եւ նրանք հստակ պրոադրբեջանական դիրքորոշում են որդեգրում, թե՞ պարզապես հերթական տեղեկատվական արտահոսքն է՝ տրամադրությունները շոշափելու համար, գուցե ադրբեջանական լոբբիստների կողմից կազմակերպված։

Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր ունեցած տեղեկություններով, այդ բանաձեւը եղել է՝ Բերձորի միջանցքը բացելու դիմաց արցախցիներն էլ պետք է Ակնայի ուղղությամբ ճանապարհը բացեին, սակայն պայմանավորվածությունը չի կատարվել, այնպես, ինչպես էկոակտիվիստների հետ կապված պայմանավորվածություն կար, մինչեւ իրենց կողմից Բերձորում միջանցքը շրջափակելը։

«Հիմա այս հոդվածն ինչ-որ հատուկ ուղերձ չունի, շատերն են տեղյակ, որ բանակցություններ են եղել՝ պարզապես ուզեցել են պարզել, թե ինչ խնդիր էր, ինչու չի ստացվել։ Չեմ կարծում, թե ինչ-որ հատուկ մեսիջների կարիք կար այս դեպքում»,- ասաց Մելքոնյանը։

Ռուսական կողմն ընդունում է, որ Բերձորի միջանցքի շրջափակումն անօրինական է։ Վերլուծաբանը հիշեցնում է, որ այդ մասին այս տարեսկզբին Բաքվում հայտարարել է նաեւ Սերգեյ Լավրովը, որ Բերձորի միջանցքի բլոկադան չի համապատասխանում եռակողմ հայտարարության ոգուն, եւ ոչ մի դեպքում անցակետի կամ այլ ենթակառուցվածքի մասին չեն կարող խոսել, բայց Ռուսաստանը կփորձի ինչ-որ տեխնիկական առաջարկություններ անել, եւ դա չի լինի ինչ-որ անցակետ։ Բոլոր մակարդակներում այդ մասին նշել են։ Մեր հարցին, թե արդյոք ռուսական կողմի քաղաքականության փոփոխության ազդակներ տեսնո՞ւմ է, թե ոչ, ասաց, որ քանի դեռ Հայաստանը միջանցքը բացելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում, ակնկալել, որ աշխարհը դա կանի, կարեւոր չէ՝ Մոսկվան, Բրյուսելը կամ Վաշինգտոնը, դա չի լինելու։

«Աշխարհի ուժային կենտրոններից յուրաքանչյուրն ուզում են դառնալ գլխավոր բրոկերները` խաղաղության պայմանագրի եւ փաստացի Լաչինի միջանցքի բացումը կարող են իրականացվել միայն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով։ Իսկ դրա հնարավորություններն ունեն բոլորը՝ սկսած Վաշինգտոնից, որը կարող է միակողմանի սանկցիաներ ընդունել Ալիեւի ռեժիմի դեմ՝ դա ամենաէֆեկտիվ գործիքակազմը կլինի, վերջացրած Մոսկվայով։ Բայց Մոսկվան այն ազդեցությունը չունի տարածաշրջանում, որը կար նույնիսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ»,- ասաց Մելքոնյանը։

Այսինքն՝ սա նշանակում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրը որոշակիորեն հաջողությա՞մբ է պսակվել: Վերլուծաբանը կարծում է, որ՝ այո, եւ նրանք դա բաց ու պարզ ասում են, ոչ ոք դա չի թաքցնում։
«Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրսմղումն անխուսափելի չէ, բայց միտումը դեպի դա է գնում»,- ասաց մեր զրուցակիցը եւ շեշտեց, որ Հայաստանը պատրաստ չէ, ինչպես երեսուն տարիների ընթացքում՝ մինչեւ 2020 թվականը, լինել Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը: Հիմա` եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ապա փաստացի մեր 120 հազար հայրենակիցները՝ Հայաստանի քաղաքացիները, կա՛մ կենթարկվեն էթնիկ զտումների՝ ցեղասպանության, կա՛մ կտեղափոխվեն, կվերաբնակեցվեն։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանն Արցախը պաշտպանելու ռեսուրսներ ունի այսօր, Մելքոնյանը կարծում է, որ ռեսուրսներ միշտ կարելի է գտնել։ «1990-ականներին եթե մտածեինք՝ ռեսուրս կա, թե չկա, Արցախն այդ ժամանակ էլ կհանձնեին, այդ ժամանակ ռեսուրսներն ավելի քիչ էին, էլի շփում չկար, Արցախը էլի շրջափակված էր, տնտեսական վիճակը շատ վատ էր, երկրաշարժից հետո եւ այլն։ Այստեղ քաղաքական կամքի մասին է խոսք գնում, ոչ թե ռեսուրսների»,- եզրափակեց Սերգեյ Մելքոնյանը։