«Հրապարակ». Հիմա հացը մի քիչ քիչ է, բայց տեսարանները «դվայնոյ պորցիայով» տալիս են, ժողովուրդն էլ կուլ է տալիս

«Հրապարակ». Հիմա հացը մի քիչ քիչ է, բայց տեսարանները «դվայնոյ պորցիայով» տալիս են, ժողովուրդն էլ կուլ է տալիս

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանն է։

- Պարոն Նիկոյան, Հանրապետական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցում։ Խոսքը երկրի մայրաքաղաքի ՏԻՄ ընտրությունների մասին է, որտեղ 1,5 մլն մարդ է ապրում։ Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել։

- Մի քանի գործոն կա, որոնք կարող են ազդել որեւէ կուսակցության վարքագծի վրա՝ առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցում, կամ մասնակցել-չմասնակցելու․ զուտ մասնակցության առումով կամ որոշակի թվով ավագանու անդամներ ունենալը ՀՀԿ-ի համար որեւէ խնդիր չի լուծում, որեւէ նշանակություն չունի։ Եթե Դուք ուշադիր եք, ապա մեր ամբողջ ուշադրությունն այս տարիների ընթացքում սեւեռված է մեր սահմանների եւ Արցախի հիմնախնդրի ուղղությամբ, մեր ամբողջ էներգիան գնում է այնտեղ։ Հիմա, ենթադրենք՝ մենք մասնակցեցինք եւ ունեցանք որոշակի թվով ավագանու անդամներ, դա ի՞նչ կտա պետությանը, ի՞նչ կտա Արցախին եւ ի՞նչ կտա մեզ․ ոչինչ։

- Բայց գուցե հաղթեիք, ու քաղաքապետը լիներ հանրապետական։

- Դուք այդ կարծիքի՞ն եք։

- Հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ն Երեւանում ցածր վարկանիշ ունի, ՀՀԿ-ն այս իրավիճակում ՝ որպես արմատական ընդդիմություն, գուցե կարողանար շատ ձայն հավաքել։

- Գիտեք՝ այսօր բավականին շատ թեկնածուներ կան, եւ կարելի է մտածել, որ բավականին պայքարող եւ բավականին շանսեր ունեցող մարդիկ կան։ Այդ առումով նորից եմ ասում՝ մեր խնդիրը, ընդհանուր առմամբ, ՏԻՄ-երում ինչ-որ պատերազմներ տալ, ասել, որ այս մի գյուղապետը մերն է, այս մի փոքր քաղաքը կամ Երեւան քաղաքը մերն է, դա չէ։ Ի վերջո, սա ՏԻՄ մարմին է, սա պետական մարմին չէ, իր խնդիրը լուսավորությունը, սանիտարական վիճակը, աղբահանությունը, կանաչապատումն է եւ այլ խնդիրներ լուծելն է, այն քաղաքական մարմին չէ, իսկ այսօր մեր պետության առջեւ ծառացած բոլոր խնդիրները քաղաքական են կամ ռազմաքաղաքական են։ Կարծում ենք՝ անիմաստ է մեր էներգիան այդ դաշտ մտցնելը։

- Բայց եթե ՀՀԿ-ն մասնակցեր ու շատ ձայներ հավաքեր, ապա դա ցուցիչ կդառնար, որ մայրաքաղաքում մարդկանց մեծ մասն ընդդիմադիր հայացքներ ունի եւ դեմ է գործող իշխանությանը, այսինքն՝ ընտրությունները լակմուսի թուղթ կդառնային։

- Բան չունեմ ասելու, Ձեր ասածի մեջ կա տրամաբանություն, որովհետեւ անցած պառլամենտական ընտրությունների ժամանակ Նիկոլը Երեւան քաղաքում կարծեմ 48 տոկոս քվե է ստացել, իսկ 65-70-ը մարզերի հաշվին է տարել, այսինքն՝ ինքը 50-ից պակաս է եղել դեռեւս այն ժամանակ Երեւան քաղաքում, որովհետեւ Երեւանն այլ է, գյուղերն այլ են, էլեկտորատի մտածելակերպը տարբեր է, մոտեցումներն ու պահանջներն այլ են։ Կարծում եմ, որ կան թեկնածուներ, որոնք կարող են Նիկոլի դեմ նորմալ պայքարի մեջ մտնել եւ նորմալ, լարված պայքար տանել։ Իմ կարծիքով՝ շատ հնարավոր է, որ Նիկոլը Երեւանում պարտվի։ Մեր խնդիրը, ակնկեղծ ասած, Նիկոլի պարտվելն է Երեւանում, ոչ թե մեր հաղթանակը։

- Կա՞ քաղաքական ուժ, որին ՀՀԿ-ն կսատարի այս ընտրություններում։

- Նման խնդիր մեզ մոտ դեռեւս չի քննարկվել։ Կարծում եմ՝ այդ ընտրություններին մի խնդիր, որ մենք պարտավոր ենք լուծել, որը մեզնից կախված է, այն է, որ մենք հանձնաժողովներում տեղեր ունենք, մենք պետք է ձեւավորենք դրանք շատ գրագետ մարդկանցով, իսկ մենք ունենք բավականին գրագետ եւ փորձառու մարդիկ, որոնք իրավունք ունեն լինել այնտեղ, եւ մենք կարող ենք տեղամասում ապահովել նորմալ քվեարկություն եւ ձայների հաշվարկ։ Դա կլինի մեր կողմից, այսպես ասած, ներդրումն ընտրություններին կամ պայքարողներին, որոնք հանձնաժողովներում տեղեր չունեն եւ այլն։

- Օրերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հրապարակային առաջարկով հանդես եկավ, որ պետք է ստեղծվի մի խումբ՝ կազմված իշխանության, ընդդիմության եւ սփյուռքի ներկայացուցիչներից, եւ այդ խումբը պետք է բանակցի Ադրբեջանի հետ։ Ի՞նչ կարծիք ունեք այս առաջարկի մասին, իրատեսական համարո՞ւմ եք։ 

- Բազմաթիվ առաջարկներ են եղել, նաեւ՝ այս առաջարկը, որոնց նպատակը հետեւյալն է․ միավորել բոլոր մեր ռեսուրսներն ու ուժերը՝ այս իրավիճակը, անկումը գոնե կասեցնելու համար կամ ինչ-որ որոշակի դրական արդյունքներ գրանցելու համար, բայց ես չեմ հավատում դրա իրագործմանը, որովհետեւ մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք․ մենք գործ ունենք ինքնասիրահարված, դիլետանտ մի խմբի հետ, որը բացի իրենից ուրիշ ոչինչ չի տեսնում։ 5 հազար մեր զավակները զոհվեցին, 15 հազարը վիրավորվեցին, եւ ամեն օր սահմաններին լարվածությունը շարունակվում է, մենք մեր զավակներին կորցնում ենք։ Դա իրենց քիչ է հետաքրքրում, իրենց հետաքրքրում է, որ Երեւանի կենտրոնում սրճարաններն աշխատեն, լույսերը լավ վառվեն, ասֆալտն այնպես անեն, որ մարդիկ տեսնեն, ասեն՝ դե լավ, էլի, լավ փոփոխություններ կան: Բերեն փառատոններ կազմակերպեն՝ գինու, գարեջրի փառատոններ, ինչ-որ համերգներ կազմակերպեն եւ այլն։ Այսինքն՝ սա հին, դասական մոտեցում է․ ասում են՝ ժողովրդին ի՞նչ է պետք․ հաց եւ տեսարաններ, հիմա հացը մի քիչ քիչ է, բայց տեսարանները «դվայնոյ պորցիայով» տալիս են, ժողովուրդն էլ կուլ է տալիս, ուտում է դա, դրա համար էլ իրենք կան ու գործում են։ Սա է խնդիրը։

- Վեհափառ հայրապետը նաեւ ասաց, որ Հայաստանում ժողովուրդն անտարբեր է Արցախի իրավիճակի նկատմամբ, նախատեց, որ դուրս չեն գալիս փողոց։ Կարծում եմ՝ այս նախատինքն առաջին հերթին հենց ընդդիմությանն է ուղղված, որ չեն կազմակերպում բողոքի ակցիաներ։

- Ես համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետեւ ընդդիմությունը․․․ լավ, կոնկրետ մենք 5 տարուց ավելի չենք լքել մեր ընդդիմադիր դիրքերը, համար մեկ տեղում ենք։ Անցյալ տարի վաղ գարնանից մինչեւ ամառվա շոգերը՝ ամիսներ շարունակ արել ենք այն, ինչ հնարավոր է եղել։ Ես կաթողիկոսին նկատի չունեմ, բայց յուրաքանչյուր մարդ պետք է մի բան անի, նոր խոսի այն մարդկանց մասին, որոնք շոգին, արեւին, անձրեւին ու կարկուտին եղել են փողոցում։ Սրճարաններում նստած մարդիկ իրավունք չունեն քննադատեն, թե ընդդիմությունն այսպես արեց, այս մի փողոցով պիտի չգնար, այն մի փողոցով պիտի գնար, այս մարդը լավը չէ, այս մարդու կողքին ո՞ւր գնամ կանգնեմ, այս մի հռետորը լավը չէր։ Դրանք մարդիկ են, որոնք փնտրում են պատճառներ՝ չմասնակցելու, գործ չանելու համար, իսկ ով ուզում է գործ անել, նրա համար միեւնույն է, թե փողոցում ով է կանգնած, ինքը չի գնում նրա կողքը կանգնելու, ինքը գնում է ինչ-որ մեկի դեմ կանգնելու։ Ցավոք սրտի, մեր հանրության մեջ այդ հանդարտությունը, ոչինչ չանելու այդ կրավորական վիճակը կա, այո, դա այդպես է։ Այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք, որ դա այդպես չլինի, էլի կանենք, էլի կփորձենք։ Այսինքն՝ մեզնից ինչ կախված է, մեր հնարավորությունների սահմաններում մենք անելու ենք։