«Հրապարակ». Ոչ մի ֆեյք բլոգերի միջոցով մտայնություններ ցրել այլեւս հնարավոր չէ

«Հրապարակ». Ոչ մի ֆեյք բլոգերի միջոցով մտայնություններ ցրել այլեւս հնարավոր չէ

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հուլիսի 17-ին մեկնարկած «Կանայք՝ հանուն Արցախի» պայմանական խորագրով մեկօրյա հացադուլ-նստացույցների ակցիան շարունակվում է: Այս անգամ չոր հացադուլի է անցել նախաձեռնության հեղինակ՝ գրականագետ, քաղաքագետ, ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ ակցիայի նախաձեռնողը հենց Սեդրակյանն է, ով առաջինը նստեց, ապա նրան միացան այլ կանայք, որոնք հերթագայելով նստում էին գրասենյակի մոտ՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Արցախի մեկուսացման, ոչնչացման պրոցեսի վրա:

- Տիկին Սեդրակյան, Ֆրանսիայից նոր եք վերադարձել Հայաստան ու անմիջապես հացադուլ եք հայտարարել:

- Այն էլ` չոր հացադուլ: Հացադուլն ամեն օր շարունակվել է, մեկ վայրկյան անգամ չի դադարել: Աղջիկներն ամեն օր այստեղ են եղել:

- Պոպուլյար դեմքեր միացե՞լ են` գրողներ, մշակութային գործիչներ, դերասաններ, երգիչներ:

- Պոպուլյար մշակութային գործիչներ չեն միացել: Երեւի շատ զբաղված են, կամ էլ հանգստի շրջան է: Երբ աշխատանքային օրերը սկսվեն, կարծում եմ՝ հացադուլը նույն ակտիվությամբ չի շարունակվի, ուստի որոշեցի հենց այսօր չոր հացադուլի նստել՝ որպես եզրափակիչ փուլ, որպեսզի հետագայում անցնենք ծրագրային այլ պլատֆորմի: Ամեն դեպքում, գործունեությունը չենք կանգնեցնելու, դա փաստ է: Արդյունք կա: Մեր ակցիան բերեց նրան, որ Հայաստանը վերջապես դիմեց ՄԱԿ-ին, իսկ դա քիչ բան չէ: Ամիսներ շարունակ ոչ ոք չէր դիմում ՄԱԿ-ին: Կարող ենք ասել, որ սա ճնշում է ներքեւից: Ենթադրում եմ, որ մի այսպիսի ներքին խոսակցություն է եղել, որ, հարգարժան իշխանություններ, եթե Հայաստանում ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ են այս մարդիկ ակցիաներ իրականացնում: Նմանաբնույթ բոլոր շարժումների նպատակը մեկն է` տեղից շարժել այն հանրային ճահիճը, որի մեջ մեզ արհեստականորեն գցել են: Այսպիսով դրսին պետք է որոշակի մեսիջ ուղարկել, որ Հայաստանի իշխանությունների եւ հայ հասարակության կարծիքը չի համընկնում: Անգամ որոշները մեզ էին մերժում՝ պնդելով, որ հայ ժողովուրդը հաշտ է Արցախի կորստի գաղափարի հետ: Բայց ինչպե՞ս կարող է հայ ժողովուրդը հաշտ լինել այդ խայտառակության հետ: Այս դժբախտ իրականության ֆոնին հասարակությունն անպայման իր ձայնը պետք է լսելի դարձնի: Թող ամեն մեկը մի բան անի, ինչը հարմար է:

- Նշեցիք նոր ծրագրային պլատֆորմի մասին: Ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ նոր ծրագիր է:

- Քանի որ մենք խմբով ենք աշխատում, իսկ խմբով դեռ չենք քննարկել, այս պահին չեմ կարող այդ մասին հստակ խոսել, բայց կարծում եմ, որ համաձայնության դեպքում պետք է միանա նաեւ քաղաքական կոմպոնենտը: Հայաստանի իշխանության եւ հայ հասարակության կարծիքները չեն համընկնում: Ինչպես ասում են` իշխանություններն իրավիճակին չեն տիրապետում: Ոչ մի ֆեյք բլոգերի միջոցով մտայնություններ ցրել այլեւս հնարավոր չէ:

- ՄԱԿ-ի գրասենյակից կա՞ն արձագանքներ: Կանայք արդեն մեկ ամիս է՝ հացադուլ են իրականացնում: Որեւէ դրական, մարդկային ժեստ ցուցաբերվո՞ւմ է:

- Համակրող ժեստեր կան: Նեգատիվը բացակայում է: Ասեմ, որ ՄԱԿ-ի պրոցեսները բավականին դանդաղ են ընթանում: Առհասարակ, արեւմտյան ինստիտուտներն այդ առումով դանդաղ են ընթանում: Դա կարող եմ ասել ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրինակով, այլեւ այլ պետությունների, օրինակ` Ուկրաինայի: Ուկրաինացի բոլոր պետական պաշտոնյաները, բոլոր անալիտիկներն ու բլոգերները մեկ մարդու պես պնդում են, որ արեւմտյան պատկան մարմինները շատ դանդաղ են աշխատում: Վերջում անում են այն, ինչ պետք է, սակայն երկար ժամանակ է պահանջվում: Այս առումով կարող եմ միայն մեկ տարբերություն նշել՝ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ․ Ուկրաինայի մտավորականությունը եւ հասարակությունը իշխանությունների հետ համակարծիք են, եւ բոլորը ծառայում են մեկ նպատակի` հայրենիքի պաշտպանության: Մեզ մոտ, ինչպես տեսնում եք, չկա համակարծություն:

- Ասում եք՝ կան համակրող ժեստեր ՄԱԿ-ի գրասենյակից: Ի՞նչ տեսակի ժեստեր են դրանք: Օրինակ, այսօր չոր հացադուլի եք անցել, անգամ ջուր այս շոգ եղանակին չեք խմում: Ջուր, սնունդ առաջարկո՞ւմ են Ձեզ:

- Այո, առաջարկում են, բայց ես ասացի, որ չոր հացադուլ է: Անհանգստացան, բայց ասացի, որ ոչինչ հարկավոր չէ:

- Նշում եք, որ արեւմտյան կառույցները բավականին դանդաղ են գործում, ինչո՞ւ:

- Որովհետեւ աշխատում են տարբեր պարամետրերով. առաջինը տեղական իշխանությունների եւ ՀԿ-ների հետ աշխատանքն է, բայց մենք գիտենք, որ ՀԿ-ները, որոնք, ի դեպ, առաջ շատ լավ էին աշխատում, այսօր դարձել են իշխանությունների գրպանային ՀԿ-ները: Նրանք պարբերաբար հանդես են գալիս անիրատեսական զեկույցներով եւ իշխանությունների հետ հանդիպումներով: Կա նաեւ ժողովրդի ֆակտորը, որի կարծիքը եւս հաշվի են առնում, բայց արդարության համար պետք է նշել, որ մինչեւ դանակը չհասավ ոսկորին, ժողովուրդը լուռ էր: Գուցե կար ներքին ընդվզում, սակայն, մեծ հաշվով, լուռ էին: Միգրացիան ահագնանում է, դա տեսանելի է, սա եւս ինչ-որ բան է նշանակում: Եթե ընդվզումը դառնա ավելի մասսայական, ապա մենք կտեսնենք, որ զարգացումներն ավելի արագ են ընթանում: Հայաստանի իշխանությունները ՄԱԿ-ին չէին դիմում ոչ թե այն բանի համար, որ իրենց խանգարում էին, այլ այն բանի համար, որ իրենք չէին ցանկանում…

- Տիկին Սեդրակյան, բավականին շոգ է, ամեն դեպքում, զգույշ եղեք՝ ջրի պակասից այս շոգին կարող եք ուշաթափվել:

- Ոչինչ, թող ուշաթափվեմ, Արցախում ուշաթափվողներից ինչո՞վ եմ առավել…