2022-ից ծխելը կարգելվի հանրային սննդի բոլոր օբյեկտներում

2022-ից ծխելը կարգելվի հանրային սննդի բոլոր օբյեկտներում

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել էր խորհրդարանի կողմից։ Նախագծով առաջարկվում է արգելել ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում եւ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա սրճարան-ռեստորաններում։ 

«Առաջարկում ենք հանել «կիսափակ» հասկացությունը: «Կիսափակ» հասկացությունը հստակեցման կարիք ուներ, եւ վարչարարության առումով կարող էին խնդիրներ առաջացնել։ Սակայն դրույթ է ավելացվել, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը, որը ե՛ւ վարչարարության, ե՛ւ առողջապահական, ե՛ւ տնտեսական առումով հիմնավորումներ ունի»,- ասաց նախագիծը զեկուցող փոխնախարարը։

Նա նաեւ նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի մարտի 15-ից։ Ըստ Նանուշյանի՝ իրենք գնացել են բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի ճանապարհով, որպեսզի ապահովեն հավասարությունը, քանի որ տեսակետներ են հնչել, որ դա կարող է անհավասար պայմաններ ստեղծել փակ ու բաց տարածքներով ռեստորանների, սրճարանների համար։ Այսինքն, եթե իրենք արգելեն փակ տարածքներում ծխելը, ապա քաղաքացիները կնախընտրեն բացօթյա սրճարաններից օգտվել, ինչը կվնասի փակ տարածքներով սննդի օբյեկտների բիզնես-գործունեությանը։ Իսկ այս դեպքում արգելքը կտարածվի բոլորի վրա՝ ապահովելով հավասար պայմաններ բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտների համար։

««Կիսափակ» եզրույթն առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագծով օգտագործում էինք բոլոր տարածքների համար: Եվ բացի հանրային սննդի օբյեկտներից, մի շարք տարածքներ եւս ընկնում էին այս դրույթի տակ: Մի շարք խնդիրներ էին բարձրաձայնվել: Հանրային սննդի օբյեկտների տնօրենների կողմից հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է այն հարցը, որ չպետք է տարանջատում սահմանվի փակ կամ բաց ռեստորանների, սրճարանների միջեւ. կարող է տնտեսական վատ ազդեցություն ունենալ հանրային սննդի փակ օբյեկտների վրա, եթե արգելքը սահմանվի միայն փակ տարածքների վրա»,- ասաց Նանուշյանը։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, հավանաբար, ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում։