Այլեւս Հրազդան քաղաքում շուն չեք տեսնելու

Այլեւս Հրազդան քաղաքում շուն չեք տեսնելու

Թափառող շների հիմնախնդիրը Հայաստանում մնում է չլուծված: Վերջին շրջանում հաճախակի լսում ենք դեպքերի մասին, թե ինչպես են մարդիկ կատաղած կենդանիների զոհը դառնում, ընդհուպ՝ մինչեւ մահվան դեպքերի մասին: Կենդանասեր ակտիվիստների ջանքերով թափառող շները ոչ թե ոչնչացվում, այլ ստերջացվում են և շարունակում են ապրել մեր կողքին՝ բակերում, փողոցներում։ 

Մարզերում փորձում են կիրառել մայրաքաղաքի հաջողված փորձը՝ խնդրին լուծում տալ շների ստերջացման ճանապարհով։ Հրազդանի ավագանու այսօրվա նիստում քննարկման դրվեց Հրազդանում «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ ստեղծելու հարցը: 

Արդյոք կհաջողվի՞ համայնքապետարանին լուծել քաղաքում թափառող շների հարցը։

Համայնքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը նշված հարցին պատասխանեց.

«Դուք գիտեք, որ Հրազդան քաղաքում թափառող շների խնդիրը կարելի է ասել առաջնահերթ է դարձել: Մենք ամեն օր նամակներ եւ զանգեր ենք ստանում թափառող շների մասին, որ կա խնդիր, խնդիրը՝ լուծեք: Ինչի՞ որոշեցինք ՀՈԱԿ բացել: Արդեն 3-րդ տարին ա շների ստերջացման մրցույթ ենք իրականացնում, մոտ 10 մլն. դրամ գումար ենք տալիս օրենքով սահմանված կարգով մրցույթը շահած ընկերությանը, ստերջացում գնում ա, բայց դրա արդյունքը չենք տեսնում՝ շները ավելի են շատանում եւ գումարները՝ անարդյունավետ ծախսվում: Որոշեցինք այդ ծախսի փոխարեն, մենք կենտրոն ստեղծենք: Կընտրենք Հրազդան համայնքից դուրս տարածք, դա կծառայի որպես կացարան, կլինեն աշխատակիցներ, կանոնադրությամբ նախատեսված է 14 հաստիք: Աշխատակիցների գործառույթը լինելու է այն, որ հատուկ միջոցներով շներին բռնելու են, տեղափոխելու են կացարան, եւ այնտեղ ապահովելու են հետագա գործառույթները: Այլեւս քաղաքում շուն չենք տեսնելու, կացարանում այդ շունը կբնակվի, բնականաբար կերի հարց կառաջանա, կկերակրվեն, հնարավոր է՝ ստերջացում լինի»: 

Հարցին՝ մինչեւ ե՞րբ շները կմնան կացարանում, ստերջացումից հետո բա՞ց կթողնեք. «Չեմ կարող ասել, իմ կարծիքով՝ ոչ»:

Համայնքը որքա՞ն կարող է պահել շներին.

«Մենք այսօր ավագանու նիստում կանոնադրությունը հաստատեցինք, բայց դեռ ՀՈԱԿ-ը չկա: Երբ որ բացվեց եւ աշխատեց, մնացած հարցերը ընթացքում կքննարկվի: Մենք համարում ենք, որ դա արդյունավետ տարբերակ է: ՀՈԱԿ-ը մեր վարչական շենքում կգործի, իսկ շների կացարանն, այս պահին տարբերակներ կան՝ քննարկում ենք»: