Հետին թվով

Հետին թվով

Այն, ինչի մասին կգրեմ ստորև, զարմացրել  ու հետաքրքրել է հենց առաջին օրերից, երբ արցախյան պատերազմի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական հարթակում (այսպիսի հարթակ էլ էր ստեղծվել, որպեսզի պաշտոնապես «հարթվեին» մեր ուղեղները՝ ստով ու կեղծիքով ապակողմնորոշված) երևացին մեր և թշնամու զոհերի վերաբերյալ առաջին տեղեկությունները։ Մեր զոհերի թվի ստույգության վերաբերյալ եթե մինչև պատերազմի ավարտը լուրջ կասկածներ չկային (դրանք հետո՛ պիտի դաժանորեն հերքվեին), ապա այնքա՛ն կասկածելի էին թշնամու կորուստների թվերը։ Հիշեցնեմ, որ ամբողջ պատերազմի ընթացքում թշնամին այդպես էլ իր կենդանի ուժի կորուստների վերաբերյալ թվեր չհրապարակեց։

Պատերազմից հետո միայն պարզվեց, որ նա ավելի խոհեմ է եղել՝ չնվազեցնելով և չուռճացնելով զոհերի թվերը, այլ պարզապես լռության մատնելով դրանք։ Իսկ ահա մերոնք ամենօրյա ռեժիմով հայ հանրությանը սնում էին կեղծիքով՝ թշնամու կենդանի ուժի կորուստների վերաբերյալ հրապարակելով շատ որոշակի, ստույգ թվեր։ Եվ մի՞թե տարօրինակ չէր, որ եթե հակառակորդը պաշտոնապես թվեր չէր հրապարակում, այդ դեպքում մերոնք որտեղի՞ց էին վերցնում, դիցուք, նոյեմբերի 5-ի դրությամբ թշնամու զոհերի թիվը՝ 7290։ Բացարձակ ճշգրտություն ապահովող այդ ի՞նչ տեխնոլոգիաներով էին մերոնք «հաշվում» թշնամու զոհերին, որն անհնար է ցանկացած պատերազմում, արցախյան պատերազմում՝ առավել ևս։ Մի՞թե պարզ չէ, որ պատերազմի թոհուբոհում ճշգրտություն ապահովող սոսկ մի «տեխնոլոգիա» կարող էր աշխատել՝ սուտը։ 

Սա գրում եմ ի պատասխան պնդումների, թե ՊՆ լրատվական ծառայությունը և ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հենվել են ՊՆ և ՊԲ համապատասխան ստորաբաժանումներից ստացված տեղեկագրերի վրա և պատերազմական խրոնիկան ներկայացրել ըստ այդմ։ Մինչդեռ վերլուծական տարրական կարողություն ունեցող յուրաքանչյուր ոք պարտավոր էր կասկածել թշնամու զոհերի վերաբերյալ թվերի ծագումնաբանության, ասել  է թե՝ հավաստիության վրա, իսկ դա իր հերթին կնշանակեր, որ կասկածի տակ կառնվեին նաև շաբաթներ շարունակ հանրությանը մատուցվող մյուս տեղեկությունները ևս (մեր զոհերի, զինտեխնիկայի կորուստների, պատերազմական իրավիճակի մասին՝ ընդհանրապես)։ Եվ այդ դեպքում մենք ազգովի թաղված չէինք լինի անտեղյակության այն թմբիրի մեջ, որից դեպի դաժան իրականություն դուրս գալու, սթափվելու հոգեբանական ջանքերը դեռ այնքա՛ն ապարդյուն են։ 

Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը պիտի փորձի ստանալ նաև այն քննիչ հանձնաժողովը (անկախ կարգավիճակից), որը մոտ ապագայում կուսումնասիրի 2020 թվականի արցախյան պատերազմի խայտառակ պարտության ու ձախողումների պատճառները, այդ թվում՝ նաև տեղեկատվական ոլորտի։