Արցախի նախագահի կողմից մեղադրանք կա՝ ուղղված Փաշինյանին, լսեք ձայնագրությունը. Մարտիրոսյան

Արցախի նախագահի կողմից մեղադրանք կա՝ ուղղված Փաշինյանին, լսեք ձայնագրությունը. Մարտիրոսյան

Գրել էինք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այժմ քննվում է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության անգործության, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության տարբեր հոդվածներով։

Գլխավոր դատախազության անգործության դեմ բողոք ներկայացրած փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն իր խոսքում օրինակներ բերեց՝ փորձելով հիմնավորել իր մտքերը, թե ինչու է Փաշինյանը դավաճան, մասնավորապես դավաճանական ինչ արարքներ է գործել 44-օրյա պատերազմի ընթացքում։

«Դուք կարող եք նորից լսել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի խոսակցության ձայնագրությունը, որում ասվում է, որ Հայաստանից զորք չեն ուղարկում և Արցախի պաշտպանությունը մնացել է երկու մարդու հույսին։ Արայիկ Հարությունյանը նաև ասում է,որ մարդ չեն տվել, դրա համար ադրբեջանցիները եկել, հասել են Շուշի։ Ի դեպ, նա նաև արձանագրում է, որ ազգը մտածում է հաղթում են, բայց, փաստորեն, իրականում այդպիսի բան չկա։ Սա Արցախի նախագահի կողմից առերևույթ մեղադրանք է՝ ուղղված մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սա լիովին բավարար է քրեական գործ հարուցելու համար։ Թեպետ և ոչ մեկը հաստատապես չի կարող ասել՝ ով է կատարել պետական դավաճանություն այն պարզ պատճառով, որ այսօր իրավապահների անգործության արդյունքում մենք չենք կարողանում իմանալ, թե իրականում ով է պետական դավաճանություն կատարաում ,ով՝ ոչ»,- ասաց Մարտիրոսյանը, վերջինս հավելեց.«Դատախազները պետք է գնան ճշմարտությունը բացահայտեն, մինչդեռ մեզ ասում են իբրև մեր ներկայացրածը բավարար չէ, որ վարույթն իրականացնող մարմինը գործ հարուցի»։