«Հրապարակ». Պարեկը քաղաքում ավտո քշելով 500 հազար ստանա, պոստ պահող տղերքը՝ 160-180 հազար

«Հրապարակ». Պարեկը քաղաքում ավտո քշելով 500 հազար ստանա, պոստ պահող տղերքը՝ 160-180 հազար

Նախորդ գիշեր ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով 5 զոհ եւ 1 վիրավոր ունեցանք Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։ Ադրբեջանցիները ներկայացրին, թե հայկական կողմն է նախահարձակ եղել, իրենք էլ իրականացրել են «Հատուցում» օպերացիան: Իրականում հայ զինծառայողները պատասխանել են մեր տարածքում տեղակայված թշնամու կրակոցին, իսկ ռազմական ոստիկանությունը հայտարարել է, թե կպարզի մեղավորին, եւ ոստիկաններ են ուղարկել դիրքեր` կրակոցն արձակած հայ զինվորի հետեւից: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ քայլեր կձեռնարկեր ցանկացած բանակ՝ նման դեպքերից հետո։ Զրուցել ենք ազատամարտիկ, այժմ օկուպացված Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սեւյանի հետ։

- Մենք տեղեկացանք, որ երեկ երեկոյան թշնամու կրակոցին պատասխանած ԵԿՄ անդամի հետեւից ռազմական ոստիկաններ են գնացել։ Բայց մեր զինծառայողներն իրենց պինդ են պահել, եւ «պատժողները» դիրքեր չեն հասել:

- Ես այսպես եմ պատկերացնում` կարող է մեր զորքից ինչ-որ մեկին էլ մեղավոր հանեն, էլի կզողական դիրք ընդունեն՝ նորմալ է, պարզ է։

- Ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե հետաքննելու են, պարզելու են՝ ինչ է եղել։

- Ասեմ միանգամից՝ դատվողները լինելու են հայկական կողմից: Նույնիսկ եթե պարզվի, որ ադրբեջանական կողմն է մեղավորը, ի՞նչ են անելու՝ ոչ մի բան։ Իրենց մեղավոր է պետք, մեղավորին էլ, ինչպես միշտ, գտնելու են հայկական կողմից։ Իրենց այս քայլերը հաշվարկված են, The Telegraph-ի հարցազրույցի ժամանակ Պուտինի ձերբակալության մասին հարց տալը զուր չէր, այս ամբողջը նույն պրոպագանդայի մեջ է տեղավորվում։ Այս մարդիկ անում են ամեն ինչ, ուզում են վերին աստիճանի Հայաստանի հարաբերությունները փչացնեն, Հայաստանը վարի տան։

- Այսինքն՝ Ռուսաստանին Հայաստանի դե՞մ հրահրեն։

- Հա, ինձ թվում է այդպես։ Վաղը, մյուս օրը նորից ՔՊ-ական միկրոֆոնները կկանգնեն կասեն` տեսա՞ք, Հայաստանի սահմաններին Ադրբեջանն ագրեսիա գործեց, ՀԱՊԿ-ն էլի չաջակցեց, չմիջամտեց։

- Ռազմական տեսանկյունից դիտարկենք Ներքին Հանդում տեղի ունեցածը։ Երբ ռազմական ոստիկան են ուղարկում հայ դիրքապահի հետեւից, ի՞նչ է դա նշանակում։

- Փորձեմ այսպես մեկնաբանել․ դա նշանակում է, որ հայ դիրքապահը կրակելուց առաջ հարյուր անգամ պիտի մտածի՝ կրակի՞, թե՞ էլի գնա գերի ընկնի։ Այս մարդկանց արածը բոլորիս էլ պարզ է եղել, մեռել ենք գոռալով, ասելով, որ այս մարդիկ, այդ գեներալները, ովքեր մտել էին իրենց տակ, այսպես լռելով` Հայաստանը տանում են կործանման։ Այսօր Հայաստանի բանակն ի վիճակի չէ նույնիսկ իր ժողովրդի անվտանգությունն ապահովել։ Մի բան մոռանում ենք, որ այդ նույն թուրքերը, երբ Ներքին Հանդից մեր պոստերի վրա են կրակում, պոստ են գրավում՝ Հայաստանի տարածքի ներսում են։ Դա էն թուրքերն են, որոնց մասին ասում էին. հացը կպրծնի, հետ կգնան։ Մարդիկ խախտել են պետության սահմանը՝ իրենց կրակին պիտի կրակով պատասխանվեր, ոչ թե էլի զիջողություն, էլի հայ զինվորին կվերցնեն կդատեն՝ կասեն սադրել է։ Կապիկություն է, շոու են անում։ 

- Այսինքն, դա ազդակ է մյուսների համար, որ անգամ եթե ձեզ վրա կրակում են, մի կրակեք, խնդիրներ կունենաք։

- Մի կրակեք, մարդը վաղը մտածելու է, լավագույն դեպքում խելացի մարդը դիմում է գրելու՝ դուրս գա բանակից, վատագույն դեպքում՝ վաղը գալու են, հասնեն իրեն, կենդանու նման պոստում վերցնեն, իսկ ինքը վախենալու է կրակել, որովհետեւ ռազմական ոստիկանությունը քրեական գործ է հարուցելու՝ տանի նստացնի։

- Ներքին Հանդի ուղղությամբ թշնամու «Հատուցում» կոչվող օպերացիային, չասենք` հզոր, նորմալ բանակ ունեցող երկիրն ինչպե՞ս պետք է պատասխաներ։

- Հակահարված պիտի տար։ Հասարակ օրինակ բերեմ. ՀՀ ԶՈՒ քայլերն օրինական են, թշնամին գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս՝ խորքում, իրենք այդ դիրքերի վրա կրակելով` ուզում են այդ բարձունքներին տիրանալ, ավելի խորն են մխրճվում Հայաստանի Հանրապետության սահմանի խորքերը։ Իրենք վերցնում են բոլոր բարձունքները, որտեղից 100-ից 100 վերահսկելու են բոլոր ճանապարհները։

- Այդ տարածքում դեռ կա՞ն բարձունքներ, որ իրենց վերահսկողության տակ չեն։

- Այո, ու անելու են` վերցնելու են։ Այս ռազմական ոստիկանության տարածած հաղորդագրությունը, հետաքննություն սկսելը, այս բոլորը նույն ծրագրի մեջ է մտնում` համաձայնեցված գործողություններ են։ Մարդիկ հայոց լեզու, եկեղեցի, հերոսների նկարներն են հանում դպրոցներից՝ ամեն ինչը ոչնչացնում են։ Այս մարդկանց համար հերոսի կերպարն ո՞վ է՝ հարկատուն։ Իսկ հարկատուն հարկ չի տալիս, որ Նիկոլն ու Ալենն ախրանա պահեն ու ՔՊ-ին պարգեւավճար տան, հարկ է տալիս, որ իր անվտանգությունն ապահովեն։ Հիմա Ներքին Հանդի հարկատու «հերոսներն» իրենց ապահո՞վ են զգում։ Դա է իրողությունը, ցավում եմ, բայց փաստ է։ Ես գիտեմ՝ զոհերը Երկրապահի տղերքն են․ բա ո՞ւր է մեր նորմալ, կանոնավոր բանակը՝ չկա, չունենք, վերացրել են այս մարդիկ բանակը։ Երկրապահի պոստ պահող տղաների աշխատավարձերը ցածր են, մարդիկ հրաժարվում են ծառայել, չկա համակարգ։ Ես միշտ ասել եմ՝ այն երկիրը, որը չգնահատեց իր զինվորին, իր սահմանապահին, դա կորած, ոչնչացած երկիր է։ Ինչի՞ պիտի պաստավիկը 160-170 հազար դրամ աշխատավարձ ստանա։ Տարին 12 ամիս ցրտերին, սոված, ծարավ։ Պարեկն իր համար` քաղաքի ներսում ավտո քշելով 500 հազար ստանա, իսկ պոստ պահող տղերքը, որ կյանքը վտանգի տակ է, մազից կախված է, 160-180 հազար են ստանում։ Դա է մեր ազգային դժբախտությունը։ Մեր ժողովուրդն էլ, իր բնավորության համաձայն, եթե խոսք բացվի, կասեն` դե մենք Կապանի հետ ի՞նչ գործ ունենք, դեռ չի հասել մեզ, կհասնի մեզ, նոր կմտածենք։ Տեղային են մտածում, հասկանո՞ւմ եք։
Ամեն ինչ սկսվում է դպրոցից ու պատմությունից։ Այս մարդիկ ամեն ինչն են ջնջում՝ հավատ, կրթություն, պատմություն, ամեն ինչ ջնջում են՝ դա է տողատակում։ Վարդենիսցիները գառ էին մորթում ոտքի տակ, երեկ բա ինչի՞ էին աղմկում։

- Ասում էին` ապաքաղաքական է բողոքը։

- Դե, ապաքաղաքական է, իրենք էլ ապաքաղաքական վարի են տալիս, Վարդենիսը շուտով կոչելու են Բասարգեչար, էլի ապաքաղաքական է լինելու։ Վարդենիսի ղեկավարը երբ լինի Մամեդը, նոր կհասկանան, բայց ուշ կլինի։ Ինձ համար բոլորը դավաճան են` ով այսօր լռում է, սկսած ինձնից, ով այսօր լռում է, սրանք էլ ինչ ուզում, անում են։ Ընդդիմություն, դիմություն ինձ համար չկա՝ ինձնից սկսած, բոլորն էլ մեղք ունեն։