Ինչքան գումար է ծախսվել «տնային կալանքն» ապահովող սարքավորումների համար

Ինչքան գումար է ծախսվել «տնային կալանքն» ապահովող սարքավորումների համար

2023 թվականի հունվարի 1-ից Քրեական դատավարության օրենսգրքով որպես այլընտրանքային խափանման միջոցներ նախատեսված են տնային կալանքը և վարչական հսկողությունը: Քրեական օրենսգիրքը նախատեսում է նաև ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ, որը ազատության սահմանափակումն է (վերջինիս մասով կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հուլիսի 1-ից): Նախկինում, հիշեցնենք, կար միայն կալանավորումը, բնակավայրից հեռանալու արգելքը և գրավը։ Մենք արդեն գրել ենք, որ հունվարի 1-ից մինչև մարտ 4-ն ընկած ժամանակահատվածում տնային կալանք է կիրառվել 25 մեղադրյալի նկատմամբ։

Տնային կալանք և վարչական վերահսկողություն խափանման միջոցներն ու պատժատեսակն օբյեկտիվորեն հնարավոր է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցների օգնությամբ, որոնք ամրացվում են ազատազրկված անձի կամ ձեռքին, կամ ոտքին: Արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են ապահովում խափանման միջոցների կատարումը․

«Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը, որի վրա դրվել է տնային կալանքի, վարչական հսկողության և ազատության սահմանափակման կատարումը, հնարավորություն է տալիս հսկել անձի տեղաշարժը և խախտման դեպքում անմիջապես այն արձանագրել ու միջոցներ ձեռնարկել խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- պատասխանել են նախարարությունից։ Հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ սարքեր է ձեռք բերել նախարարությունը և ինչքան գումար է դրա համար ծախսվել․

«Սարքերի ձեռք բերման համար ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է մրցույթ, որի շրջանակում կնքվել է «Պետության կարիքների համար համակարգչային հսկողության (էլեկտրոնային) համակարգի մատակարարման» պայմանագիր հաղթող ճանաչված՝ ENIGMA information protection Sistems LTD ընկերության հետ:

Ձեռք է բերվել ընդհանուր էլեկտրոնային համակարգ, որը ներառել է՝ սերվերային համակարգ, հսկողության ծրագիր, ծրագրի սպասարկում, 150 տնային կալանքի և 50 վարչական հսկողության համար:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել երկու օտարերկրյա ընկերություն՝ GEOSATIS Շվեյցարական և ENIGMA information protection Sistems LTD Լեհական ընկերությունները:

Համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում էլեկտրոնային հսկողությունն իրականացնելու համար համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորվել է հատուկ սենյակ: Համակարգի ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմել է 220 մլն ՀՀ դրամ, որից 110-ը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 110-ը՝ Եվրոպական միության աջակցությամբ»,- պատասխանել են նախարարությունից։

Մեր հարցմանն ի պատասխան նաև նախարարությունից ներկայացրել են, թե ի՞նչ է ենթադրում ձեռք բերված համակարգը և ինչպես է այն աշխատում․ «Սարքավորումների գործարկումն ապահովելու նպատակով վերապատրաստվել են Պրոբացիայի ծառայության թվով 40 աշխատակիցներ (վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ), որի արդյունքում վերջիններս ձեռք են բերել նշված սարքավորումներից օգտվելու ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտություններ, ծանոթացել են համակարգը գործարկող հավելվածին: Վերապատրաստումների ընթացքում իրականացվել են նաև սիմուլյացիոն ահազանգեր՝ հնարավորինս նմանեցնելով խափանման միջոցի կիրառման կամ պատժի կատարման ընթացքում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքերին և կատարվել են նման դեպքերում ձեռնարկվող միջոցառումները:

Համակարգչային (էլեկտրոնային) հսկողության համակարգը բաղկացած է՝ էլեկտրոնային հսկողության շղթայից, ներտնային վերահսկման սարքից, կառավարման ծրագրային համակարգից, սերվերային լրակազմ համակարգից: Սարքն էլեկտրոնային թևնոցի տեսք ունի կոշտ պատյանի մեջ և ռետինե ամրակապ:

Սարքը հիպոալերգիկ է և ունի հավաստագիր, դիմակայուն է ցնցումների նկատմամբ: Այն կարող է գործել՝ -15 աստիճանից մինչև +55 աստիճան ջերմաստիճանի պարագայում: Լիցքավորվում է հատուկ շարժական լիցքավորիչի միջոցով, որով կարելի է լիցքավորել հոսանքի աղբյուրից և այնուհետև միացնել էլեկտրոնային թևնոցին՝ լիցքավորման նպատակով:

Հսկիչ համակարգում սարքի առկա տվյալներն ստանալու համար կան սենսորներ, որոնք տվյալներ են ստանում, երբ պատյանը բացվում է, պատյանը կամ ամրակապը վնասվում է, անձը բացակայում է թույլատրելի տարածքից, մարտկոցի լիցքավորումը մինիմալ է, կորել է կապը մշտադիտարկման կենտրոնի հետ և այլն»։