Եթե այս ճակատագրական պահին էլ չպայքարեք, կկորցնենք եւ՛ Արցախը, եւ՛ Հայաստանը

Եթե այս ճակատագրական պահին էլ չպայքարեք, կկորցնենք եւ՛ Արցախը, եւ՛ Հայաստանը

Իմաստուն խոսք կա. «Քնածից միշտ տանում են»: Ինձ իշխանությունը չի հետաքրքրում, իմ իշխանությունն այն է, որի սուրբ պարտքը հայրենիքի անվտանգությունն է, ուժեղացումը եւ բարգավաճումը: Եթե վտանգված է հայրենիքիս անվտանգությունը, ապա ազգովի պետք է դուրս գանք պայքարի եւ փորձենք վերջին ճիգով փրկել այն, քանզի առանց հայրենիքի չկա կյանք...

Բրյուսելյան վերջին պայմանավորվածությունները քարը քարին չթողեցին, Հայաստանի եւ Արցախի փրկության համար մնաց մի վերջին քայլը: Եթե ժողովուրդը չհասկանա, որ հազարամյա մաքառումների ճանապարհ անցած եւ հրաշքով պետականություն ձեռք բերած մեր պետությունը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, ու այսօր կշեռքի նժարին է դրված Արցախի եւ Հայաստանի գոյության հարցը, եւ եթե ազգովին դուրս չգանք անմնացորդ պայքարելու՝ մազից կախված իրավիճակից փրկության համար, ապա կկորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը ու իրականություն կդարձնենք թուրքի դարավոր երազանքը: Կա՛մ կվերանանք աշխարհի երեսից, կա՛մ կդառնանք թուրքական վիլայեթից ավելի ցածր կարգավիճակով՝ ցաքուցրիվ, անորոշ,  փոքրիկ եւ անկանոն բազմություն, որը բոլոր իմաստներով կխոնարհվի ու կծառայի թուրքերին՝ պատրաստ տանելու նրա բոլոր ստորացումները:

Ահա, այս գերվտանգավոր իրավիճակում, երբ փրկության միակ ճանապարհը մնում է ժողովրդի համախմբման ուղին՝ մի վերջին ճիգով փորձելու փրկվել ռեալ կործանումից, ճիշտ հակառակը՝ ոմանք տներում հանգիստ նստել եւ սպասում են, թե երբ կկնքվի խաղաղության դարաշրջանի «երազանքի» համաձայնագիրը, ու Արցախն Ադրբեջանին կհանձնվի՝ անորոշ կարգավիճակով, ձեռք բերելով մշակութային ինքնուրույնություն։ Ժողովուրդն էլ կապրի 100 տոկոսանոց «անվտանգային» վիճակում՝ որեւէ մեկի գլխից մազ պակասելու վտանգը կվերանա: Դե, ինչպե՞ս կարելի է չհամաձայնել այս «ճշմարիտ» ասույթների հետ, երբ Բաքվի, Սումգայիթի եւ հատկապես վերջին երկու տարիների հայ-ադրբեջանական իրադարձությունների ֆոնին մենք բազմիցս համոզվել ենք դրանց «ճշմարտացիության» մեջ ու մշտապես ականատես ենք եղել, թե նույն թշնամին ինչ «փաղաքշական» վերաբերմունք է ցույց տալիս հայերի նկատմամբ, որպեսզի հանկարծ փոշի անգամ չնստի մեզ վրա: 

Հարգելի անտարբեր հայեր, հետաքրքիր է՝ էլ ի՞նչ կարգի վտանգ պետք է կախվի մեր ազգի գլխին, որ ձեր ներսում մի բան շարժվի, որ վերջապես հասկանաք, թե նման պահվածքով որքան եք նպաստում թուրքի՝ Երեւան մտնելուն եւ նախկին կարգավիճակը ձեռք բերելուն: Եթե այս պարզ բանը հայ ժողովրդի մի ստվար հատվածը չի հասկանում եւ այժմ էլ պատրաստ է թուրքի կոշիկները մաքրել ու իր կնոջը, աղջկան, մորը տրամադրել թուրքի հաճույքների բավարարմանը, ապա ի՞նչ կարող եմ ասել՝ թող այդպես վարվեն։ Բայց թող նաեւ պատասխան փնտրեն, թե ինչ են ասելու երկնքից մեզ նայող մեր հազարավոր հերոս տղաներին, ինչու նրանց դարձրին թնդանոթի միս: Դա՞ էր նրանց պատգամը մեզ՝ ապրողներիս, որ իրենց կյանքը զոհեն, իսկ մենք շարունակենք կորցնել մեր հայրենիքը, եւ մեր կանայք, քույրերը, մայրերը դառնան նրանց հարեմի անդամները: Եթե ամեն ինչ այսպես պետք է ավարտվեր, ապա ինչո՞ւ թույլ տվեցինք, որ տեղի ունենար արցախյան վերջին պատերազմը: Գոնե առանց պատերազմի հանձնեինք այդ տարածքները, այդքան զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ չէինք ունենա, էլ չեմ ասում, որ հերթական անգամ մեր ճակատին պարտության խարան չէր դաջվի եւ նման բաներ: Իշխանությունն ասում է, թե այդ դեպքում իրենց կանվանեին դավաճան: Բա հիմա իրենց արածն ի՞նչ է, եթե պատրաստվում են ամբողջ Արցախը հանձնել, այն էլ այսքան կորուստներից հետո: Սրան ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ:

Կոչ եմ անում բոլոր անտարբեր հայերին. մի պարզ բան հասկացեք՝ այս պայքարը միմիայն հայրենիքի փրկության, մեր հայ մնալու համար է։ Այնպես որ՝ մի քնեք, դուրս եկեք ձեր տներից եւ ձեր մասնակցությունը բերեք հայրենիքի՝ Արցախի եւ Հայաստանի փրկության սուրբ գործին, այլապես կկորցնենք այն, ու դրանից հետո մեզ այլ բան չի մնա, քան մեր թուրքացումը եւ ստրուկի կյանքը...

Սա՞ էր մեր ուզածը...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ