Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 8

Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 8

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր երեսունիններորդ՝ մայիսի 8:

2018թ․ մայիսի 8 - ԱԺ-ում ձայների 58 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Քվեարկությունից առաջ նա հայտարարել էր. «Այսօր Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես բոլորիս շնորհավորում եմ դարակազմիկ հաղթանակի առթիվ։ Մեծ խորհրդանիշ կա, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այս օրը։ ՀՀ քաղաքացին եւ հայ ժողովուրդը ոգեւորված է նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին։ Այսօր առավել, քան երբեւէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրականացմանը։ Հայ ժողովուրդը համախմբված է․․․ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ձեւավորել ազգային համերաշխության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի եւ օրենքի վրա հիմնված ազգային միասնություն։ Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրություններ չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, տնտեսական արհեստական մենաշնորհներ չեն լինելու, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, եւ վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան, եւ վերջ։ Որեւէ մեկը թող չկասկածի»:

Իրականում եղավ հակառակը՝ Շուշին տրվեց Ադրբեջանին, համախմբման փոխարեն հասարակությունը բաժանվեց սեւեր-սպիտակների, հայհոյախոսությունը, վիրավորանքները եւ այլ արատավոր երեւույթները հիմնավորվեցին մեր կյանքում:

2019թ․ մայիսի 8 - Պաշտոնավարման մեկ տարվա առիթով ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրեն պետք չէ պահել վարչապետի աթոռը, եւ ինքը քննադատությանը նորմալ է վերաբերվում: Իրականում հակառակը եղավ, օրենքներ խախտելու գնով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր պարտված թիմակիցների համար համայնքապետերի աթոռները պահել, ու ցանկացած քննադատությանն ի պատասխան՝ հայհոյախոսություն եւ վիրավորանքներ են տարածվում: Ընտրված համայնքապետերը հայտնվում են բանտում, եւ օրենքը փոխելով՝ համայնքապետի ԺՊ-ներ է նշանակում, որոնք քաղաքացիների կողմից ընտրված չեն։ Քննադատությունների դեմն առնելու համար էլ զրպարտության եւ վիրավորանքի օրենքը քրեականացրին, որ մարդիկ, քրեական պատժից վախենալով, այլեւս Փաշինյանին չքննադատեն։  
2020թ․ մայիսի 8 - Սիրո եւ համերաշխության մասին խոսող ուժի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն ԱԺ-ում, վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, տեղից վիրավորում է ամբիոնից ելույթ ունեցող պատգամավոր Էդմոն Մարուքյանին, հետո մոտենում է ու հարվածում: Պատգամավորները բաժանում են կռվողներին, Նիկոլ Փաշինյանի քավոր-սանիկ Վահե Ղալումյանը թիկունքից հարվածում է Էդմոն Մարուքյանին:

2021թ․ մայիսի 8 - 1992 թվականին ազատագրված Շուշին կրկին գերության մեջ է: Նիկոլ Փաշինյանն այս մասին չի խոսում, անգամ երբ հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհում Շուշիի ազատագրման պլանի հեղինակ եւ հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին: Փաշինյանը Եռաբլուր չի այցելում: Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ, օրը ցերեկով Եռաբլուր է այցելել 2020 թվականի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից 40 օր անց՝ մեծաթիվ ոստիկանների ու ԱԱԾ-ականների օգնությամբ, հրմշտելով հաղթահարել իր դեմ բողոքողների շղթան: Դրանից հետո առիթների ժամանակ նա  Եռաբլուր է բարձրանում վաղ առավոտյան, թիկնապահներով շրջապատված ու արագ հեռանում:

2022թ․ մայիսի 8 - Իշխան Սաղաթելյանը հաղորդում է․ «Իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում։ Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել եւ, իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանության այս հիստերիկ վարքագիծը շատ խոսուն է՝ ցայտնոտի մեջ են ու փրփուրներից են կախվում: Սպասելի՞ էր արդյոք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահվածքը։ Իհարկե՝ այո։ 4 տարի շարունակ հասարակության մեջ սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամություն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Նա պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը եւ այդկերպ փորձի իշխանություն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդյունք չեն տալու։ Ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին ու նրա ստոր կամակատարներին։ Նրան այլեւս ոչինչ չի փրկի։ Միեւնույն է՝ այս ամենի վերջը շատ շուտով կտրվի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ սադրանքների չտրվեք։ Մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում»։

Արեգ Մարգարյան