Ջորջ Սորոսի Կիեւ-Երեւան հավաքածուն

Ջորջ Սորոսի Կիեւ-Երեւան հավաքածուն

Ուկրաինայի նախագահը, որին այդքան ասում են՝ Զելենսկի, Զելենսկի, ընդամենը Զելենսկի Երկրորդն է: Զելենսկի Առաջինը, եթե չասեմ էլ, դուք արդեն գլխի եք ընկնում, թե ով է՝ մեր Նիկոլը: «Մեր» էլ ասում եմ… Զելենսկի Երկրորդը Մայդանի հայտնի դեմքերի (Պորոշենկո եւ այլք) կատարելագործված տեսակն է, մինչդեռ Զելենսկի Առաջինն աննախադեպ է: Այդուհանդերձ, նրանց Զելենսկին իր շատ պարամետրերով զիջում է մերին: Նրանցը, օրինակ, սուտ խոսելիս կմկմում է, ինչը չես կարող ասել մերի մասին: Մերը բարդագույն մանիպուլյացիաների կծիկ է, նրանցը՝ լավագույն դեպքում կրկնում կամ, որ ավելի ճիշտ է, թութակում է մերին: Ընդհանրություններ, բնականաբար, կան: Երկուսն էլ գիժ են, պատասխանատվության զգացումից զուրկ, պետության ու ժողովրդի վրա թքած ունենալու հարցում իսկական երկվորյակ եղբայրներ: Բայց դա քիչ է, որ ասենք՝ նրանք նույնն են:

Կհարցնեք՝ լավ, բա քո պրոբլեմը ո՞րն ա, որ ուզում ես անպայման մտնել երկու Զելենսկու արանքը: Խոստովանեմ, որ այդքան էլ տրամադրված չեմ նրանց արանքը մտնելու: Եվ, առհասարակ, թքած ունեմ սորոսական ինդուստրիայի վրա՝ ինչ է արտադրել, ինչպես է արտադրել, որքան է արտադրել: Ինձ այլ հարց է հետաքրքրում: Տեսեք՝ մեր ու նրանց Զելենսկիները երբեք չեն հանդիպել, չէ՞: Ինչո՞ւ: Ինձ հենց այդ «ինչու»-ն է հետաքրքրում: Իմանաս, որ Հայաստանում երկվորյակ եղբայր ունես, ու մի անգամ չգնաս նրան տեսնելո՞ւ: Եվ կամ հակառակը՝ բա մի հատ չգնա՞ս տեսնես, թե ինչ հալի է քո եղբայրն Ուկրաինայում: Ի վերջո, երկուսդ էլ պատերազմ եք անցել, կապիտուլացվել ու մնացել ձեր աթոռներին: Այս հանգամանքը, գոնե, ձեզ կարո՞ղ էր բերել իրար մոտ, որ նստեիք, դարդներդ իրարով տայիք: Իլհամ Ալիեւը, օրինակ, 2022թ․ հունվարի 14-ին այցելել է Կիեւ: Սա չի՞ նշանակում, որ Ալիեւը բավականին կիրթ անձնավորություն է: Իհարկե: Եվ ոչ միայն կիրթ: Նա գնացել էր Զելենսկի Երկրորդին համոզելու, որ անհանգիստ շարժումներ չանի Ռուսաստանի դեմ, քանզի հետխորհրդային տարածքում Ռուսաստանն ընդունակ է բոլորի հարցերը լուծել գյուղական կարգով, ինչից ամենամեծ տուժողն Ադրբեջանն է լինելու: Կիեւի Զելենսկին գլխով արեց, բայց, ի վերջո, չլսեց Ալիեւին: Արեւմուտքը չթողեց, որ լսի: Արդյունքում Կիեւը պատերազմ ստացավ, իսկ Ուկրաինան կորցրեց իր տարածքի գրեթե կեսն ու ծովային ելքերի մեծ մասը: Ալիեւը նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում չդադարեցրեց շփումներն Ուկրաինայի հետ՝ հեռախոսազրույցներ, հումանիտար բեռների առաքում, փող եւ այլն: Այս ամբողջ ընթացքում Զելենսկի Առաջինը լուռ էր՝ ո՛չ հռոց, ո՛չ բռոց: Արծրուն Հովհաննիսյանը կասեր՝ դակդիկա է, եւ դա կլիներ Արծրունի հերթական սուտը: Ես հիշում եմ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչպես իրեն պահեց ռուս-վրացական պատերազմի ժամանակ, որ հրահրել էր սորոսական մեկ այլ պրոդուկտ՝ Սահակաշվիլին: Որ ռուսները չմտան Քութայիսի ու Թբիլիսի, նաեւ մեր շնորհիվ էր: Այն ժամանակ Հայաստանը սորոսական ղեկավարություն չուներ եւ դերակատար էր Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հարցերում: Իսկ այսօ՞ր: Թե բա դակդիկա… Չէ-չէ մի՝ բրթած մածուն: Ասեք, որ մեր Զելենսկին վախկոտի մեկն է, քաղաքականությունից հեռու, պետական գործերից անտեղյակ: Այլապես ի՞նչն էր նրան խանգարում հայ համայնքի խնդիրներով պայմանավորված մի այց կազմակերպել Կիեւ: Բայց, ինչպես ասացինք վերեւում, Զելենսկիները թքած ունեն բոլոր տիպի նուրբ հարցերի վրա:

Դավոսի վերջին տնտեսական ֆորումին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետակին Աննա Հակոբյանի շռնդալից մասնակցությունը հազիվ թե հնարավոր լինի դակդիգական քայլ համարել: Այդպես չէ՞, Արծրուն: Մարդիկ գնացել էին մի քիչ մաքուր օդ շնչելու:

Իսկ էն Զելենսկու տեսաուղերձին հոտնկայս ծափահարություններն էլ միանգամայն անսպասելի էին մեր նախագահի համար: Տեսավ՝ բոլորը հոտնկայս ծափահարում են, ինքն էլ ոտքի կանգնեց ու ծափահարեց… Զելենսկուն: Բա Արմեն Սարգսյանն իրեն այդպիսի բան թույլ կտա՞ր: Այդ պահին նա դահլիճը լքած չինացիներից փող կկպցներ, ոչ թե Զելենսկուն ծափ կտար: Ու լավ էր, որ մեր Զելենսկին Դավոսում ներկա էր միայն յուր տիկնոջ դեմքով: Այլապես՝ հա՛մ ծափ կտար, հա՛մ էլ սեղանի վրա ինչ կար-չկար՝ ներս կաներ ու մեզ կխայտառակեր աշխարհի առաջ: Իսկ ես վստահ եմ, որ Դավոս չմեկնելու լուրջ պատճառներ Զելենսկի Առաջինն ուներ: Նա դեռ չէր մարսել Բրյուսելը եւ Շառլ Միշելի ցնդած հայտարարությունները: Ռուսները լավ չէին ընդունել Հայաստան-ԵՄ-Ադրբեջան եռակողմ բանակցությունների փաստն ինքնին, որ, ոչ ավել, ոչ պակաս՝ դեմարշ էր Մոսկվայի ուղղությամբ: Էլ չեմ խոսում այն մասին, որ Բրյուսելից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովին զանգել էր Արարատ Միրզոյանը, իսկ ԱՄՆ պետքարտուղարին՝ Զելենսկի Առաջինն անձամբ: Ճիշտ կլիներ, որ երկուսին էլ Արարատ Միրզոյանը զանգեր, բայց մեր Զելենսկուն ո՞վ է տվել նուրբ բաներից գլուխ հանելու կարողություն: Ինչեւէ, Բրյուսելն էլ պրծավ, Դավոսն էլ, բայց Ռուսաստանից կոշտ հայտարարությունները մնացին: Տպավորություն ունեմ, որ Ուկրաինայում զբաղված ձեռքերն ազատելուց հետո Ռուսաստանը մեր Զելենսկիով է զբաղվելու, ինչը, որքան էլ ցանկալի, անընդունելի է ինձ համար: Մեզ Զելենսկի պետք չէ: Մենք տեսնում ենք, թե ինչի են վերածվում Զելենսկի ունեցող երկրները: Բայց մեզ պետք չէ, որ Մոսկվան մեր Զելենսկու հարցով զբաղվի այնպես, ինչպես Ուկրաինայում: Այստեղ Ուկրաինայի սցենարը կարող է չաշխատել, եւ Թուրքիան ու Ադրբեջանը հանկարծ օգնության հասնեն Զելենսկի Առաջինին:

ՀԳ. Պարոնայք Զելենսկիներ, ֆիննական առածն ասում է՝ աշխատիր քիչ շուռումուռ գալ, մանավանդ՝ երբ արջի գրկում ես քնած: Էլ չասեմ, թե Արջն ով է: