Հարցեր, որոնք կարեւոր են դիմադրության շարժման համար

Հարցեր, որոնք կարեւոր են դիմադրության շարժման համար

Հայաստանում արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվում է դիմադրության շարժումը։ 
Ամենօրյա ռեժիմով քայլերթեր, բողոքի ցույցեր, ավտոերթեր եւ այլ գործողություններ՝ միտված առնվազն հայաստանյան (դեռեւս համահայկական լսարանին թողնենք մի կողմ) եւ արցախյան հասարակությանն իրազեկելու, որ առկա են որոշակի վտանգներ՝ հայկական պետականության ապագայի կամ նույնիսկ, առհասարակ, լինելության հետ կապված։ Ու հիմա կարծես թե խոսվում է ռեբրենդինգի, նոր խոսքով, նոր ասելիքով հանդես գալու, մի խոսքով՝ պայմանական ասած՝ շարժման մեջ «թարմ արյուն» ներարկելու մասին։ Առաջիկայում հունիսի 3-ն է։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Օրակարգում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծն է։ Ու թեեւ Իշխան Սաղաթելյանն արդեն հասցրել է հերքել թայմաութի կամ նման այլ քայլի գնալու մասին խոսակցությունը, սակայն փորձենք որոշ դիտարկումներ անել, որոնք, կարծում ենք, օգտակար կլինեն նաեւ հենց դիմադրության շարժման ներկայացուցիչների եւ հատկապես առաջնորդների համար․

• Այն, որ այս ավելի քան մեկ ամսվա ընթացքում որոշակիորեն հասարակության մեջ խլրտոց առաջացավ, դա փաստ է։ Նույնիսկ եթե մարդը կանխատրամադրված լինի ներքաղաքական հարցերով չհետաքրքրվելուն, առնվազն մեկ համապետական սփռման ալիքով հայկական պետության ապագային ու գոյությանն ուղղված սպառնալիքների մասին օրնիբուն խոսելը, իրազեկման կամ այլ տիպի գործողություններ, բողոքի ցույցեր, երթեր ցուցադրելը մարդուն այլընտրանք չի թողնի՝ գոնե թեթեւակի մտածել այն օրակարգի շուրջ, որի մասին խոսում է շարժումը։ Նկատեք՝ սա միայն մեկ համապետական սփռում ունեցող հեռուստաալիքի օրինակի վրա ներկայացրինք, մինչդեռ ասպարեզում կան նաեւ տեղական սփռում ունեցող այլ հեռուստաընկերություններ, մամուլի այլ միջոցներ, լրատվական կայքեր, տելեգրամյան ալիքներ եւ այլն՝ մի ահռելի բանակ, որը, առանց չափազանցնելու, հսկայածավալ ինֆորմացիոն հոսք է ապահովում։ Պատկերավոր ասած՝ այո, շարժումը հասել է առաջնային նպատակներից մեկին՝ «լաոն զարթնել է»։

• Սակայն կան հարցեր, որոնց առնչությամբ հասարակությունը պետք է հստակ դիրքորոշում լսի։ Դա կարեւոր է ոչ միայն այն պատճառով, որ շարժումը շահի հասարակության, այսպես կոչված, «իներտ» կամ «քաղաքականապես անտարբեր զանգվածի» վստահությունը, որը հասարակության խմբերի մեջ մեծամասնություն է կազմում, այլեւ կարեւոր է հենց շարժման համար։

• Այդ հարցերի պատասխանները պետք է լինեն հնարավորինս անկեղծ, հայրենասիրական զգացումներից եւ հուզական-էմոցիոնալ շերտից զերծ, «ռեալ պոլիտիկի» եւ չոր քաղաքական պրագմատիկ հաշվարկների վրա հիմնված։

• Օրինակ, պետք է հստակ ու շիտակ ասել՝ եթե դիմադրության շարժումը կարողանա «տուն ճանապարհել» Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին եւ ձեւավորել իշխանություն, կարեւոր չէ՝ ժամանակավոր թե մշտական, ապա ինչպե՞ս է լուծելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հարցը՝ դրանցից բխող բոլոր հետեւանքներով ու ածանցյալ հարցերով հանդերձ։ Շեշտենք․ եռակողմ հայտարարությունները ստորագրվել են Ռուսաստանի երաշխավորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ու «անձնական քավորությամբ», եւ ամեն անգամ ղարաբաղյան հարցի մասին խոսելիս Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով առաջ է մղում այս երեք հայտարարությունները։

• Այստեղ տեղին ենք համարում հիշեցնել, որ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ոչ թե իր կամ Աննա Հակոբյանի ու իր ընտանիքի անունից, այլ՝ Հայաստան պետության անունից, եւ այդ փաստաթղթերը, կարեւոր չէ՝ հայտարարություն են՝ իրենց դասակարգմամբ, թե «պոմիդորով ձվածեղի բաղադրատոմս», աշխարհաքաղաքական ուժային առնվազն մեկ կենտրոն համարում է տարածաշրջանի նոր ճարտարապետության կերտման հիմքերից մեկը։ Ու այստեղ տրամաբանական հարց կա՝ Հայաստանը շարունակելո՞ւ է այդ հայտարարություններով առաջ շարժվել, թե՞ հետ է կանչելու դրանց ներքո դրած իր ստորագրությունը։

• Միաժամանակ, շարժումը պետք է պատասխանի այն հարցին, թե եռակողմ հայտարարությունների կենսունակությունը պահելու դեպքում ինչպես է պատկերացնում «արժանապատիվ խաղաղության» թեզի իրագործումը (այստեղ մի ելք կա, օրինակ՝ «արժանապատիվ խաղաղության» հիմքում դնել երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ընկերական հարաբերությունները) կամ՝ եթե այդ հայտարարություններից հետ է կանչելու Հայաստանի ստորագրությունը, ապա որոնք են լինելու ամենառեալիստական այլընտրանքն ու հետեւանքը։

• Զուգահեռաբար, դիմադրության շարժումը պետք է բացատրի նաեւ, թե ինչպես է վարվելու Փաշինյանին «տուն ճանապարհելու» դեպքում ղարաբաղյան եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, պայմանական ասած, «արեւմտյան հարթակի» կամ «բրյուսելյան ֆորմատի» հետ։ Այստեղ տեղին է նշել, որ մեծ քաղաքականության մեջ խաղադրույքներն էլ են մեծ, ու հատկապես հիմա, երբ չափազանց սրված է Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը, որեւէ տարընթերցման առիթ տվող քայլ կարող է ճակատագրական լինել։
Սրանք, թերեւս, առաջնային ամենաէական հարցերն են, որոնց, կարծում ենք, պետք է պատասխանեն դիմադրության շարժման ղեկավարները՝ հաջորդ հանգրվան թեւակոխելուց առաջ։