Փաշինյանը կրակի վրա յուղ է լցնում՝ շարքային քաղաքացու ականջին կաթեցնելով, որ...

Փաշինյանը կրակի վրա յուղ է լցնում՝ շարքային քաղաքացու ականջին կաթեցնելով, որ...

Զրուցել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։

- ՀՀ պաշտոնյաները խուսափում են ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Երեկ էլ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը չարտասանեց՝ պատճառաբանելով, որ դա կվնասի բանակցային գործընթացին։ Ո՞րն է սրա ենթատեքստը։

- Մեկուկես տարի է՝ Նիկոլ Փաշինյանի ու իր կուսակից պատգամավորների հայտարարություններից հստակ երեւում է, որ իրենց խաղաղության օրակարգը ձեւավորված է Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ: Արցախում բոլորը միաբերան հայտարարում են, որ Հայաստանի եւ Արցախի փրկությունը համախմբվածության եւ միասնության մեջ է, իսկ նշաձողի իջեցման մասին խոսք անգամ չեն ուզում լսել։ Երեկ ՀՀ իշխանությունները շարունակեցին իրենց պրոպագանդան այդ երկու թեզերի շուրջ: «Նշաձողի իջեցման» մասին հերթական դրսեւորումը տեսանք։ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այն կվնասի բանակցային գործընթացին:

- Բայց բանակցություններին չվնասելու մասին խոսում էին նաեւ նախկին իշխանությունները։ Օրինակ՝ ասվում էր, որ Արցախի անկախության ճանաչումը կվնասի բանակցություններին։

- Մինչեւ 2017-ը ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ չեն կարող ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, քանի որ դա կխանգարի բանակցային գործընթացին: Անկախության ճանաչումից մինչեւ Ադրբեջանի կազմ՝ ահա թե որն է նշաձողի իջեցումը, որն արդեն իսկ այս իշխանությունների կողմից իրականացվել է, այսպես կոչված՝ միջազգային հանրության պահանջով: Սա է տարբերությունը։

- Երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց Արցախին տրվող ահռելի ֆինանսական աջակցության մասին՝ մանրամասն թվարկելով, ընդհուպ մինչեւ գազի, էլեկտրաէներգիայի փոխհատուցման մասին խոսեց։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր այդպես մանրակրկիտ խոսում։

- Հայաստանի եւ Արցախի համախմբվածության եւ միասնության դեմ տարվող գործընթացի վկայությունը երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած հայտարարությունն էր առ այն, որ «մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաեւ կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը եւս վճարել է ՀՀ կառավարությունը, դա հատկացվել է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին»։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը։ Առաջին հայացքից թվում է՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե Արցախը շատ է սիրում, պետական մակարդակով հոգատարություն է դրսեւորում, սակայն պարզ երեւում է, որ իրականում ոչ թե ուզում է ցույց տալ իր սերն արցախցիների նկատմամբ, այլ հերթական անգամ թշնամանք է փորձում սերմանել։ Երբ իշխանական գործիչները հայտարարում են, թե փողոցում պայքարող արցախցիներին ուղարկեք Արցախ, երբ հանրային օրակարգում «ուզո՞ւմ եք՝ էլի ղարաբաղցիք գան իշխանության» թեզն է պտտվում, Փաշինյանը կրակի վրա յուղ է լցնում՝ շարքային քաղաքացու ականջին կաթեցնելով, որ «Սերգո ջան, դու կշարունակես վատ ապրել, քանի որ քո հարկերից միլիարդավոր գումարներ ենք ուղարկում Արցախ․․․»։ Ուստի Ֆրանսիայի հրապարակում սկսված շարժումն ամբողջ ուժով պետք է պայթի, ցույցերը պետք է վերածվեն ազգային ոգու անմնացորդ խռովության, ոչ բռնի անհնազանդությունը պետք է խորանա եւ ծավալվի՝ իշխանական բոլոր լծակներից զրկելով ազգին դավաճանած ու երկիրը պարտության տարած ռեժիմին: Այս պայքարին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ, անկախ նրանից՝ Հայաստանում է ապրում, Արցախում, թե սփյուռքում: Հապաղելը կործանարար է: