Նեվինավատայա յա

Նեվինավատայա յա

Անշուշտ, շատ ճարպիկ եւ խորամանկ պետք է լինես, որ համատարած ձախողումների, կորուստների, գիտակցված ու անգիտակից սխալների այս հեղեղի մեջ կարողանաս ներկայացնել, որ ոչ մի սարսափելի բան չի պատահել: Իսկ եթե անգամ պատահել է, ապա դրանում քո մեղքը բացարձակապես չկա: Եթե անգամ քո մեղքը կա, դա այնքան չնչին է, որ ներելի է, ու դրա մասին խոսելն անգամ ավելորդ է: Եվ կարողանաս բաց ճակատով դուրս գալ ժողովրդի առաջ ու փորձել տպավորություն ստեղծել, թե քո պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Հայաստանը ծաղկել է, որ դու կատարել ես քո բոլոր խոստումները եւ անգամ հրաժարական ես տվել` ցուցադրելով քո դեմոկրատ էությունը:

Ձեւ անես, թե Արցախի կորուստը քո վարած քաղաքականությամբ չէր պայմանավորված, եւ դա մեծ կորուստ չէր` ի՞նչ անենք, դե, պատահել է: Որ այսքան երիտասարդների մահն էլ մեծ կորուստ չէ` ի՞նչ անենք, պատահել է, հիմա փող ենք տալիս ընտանիքներին, հոգ ենք տանում ծնողների մասին: Իսկ այն որդեկորույս ծնողները, ովքեր դժգոհ են մեզնից, իրավունք չունեն խոսելու, որովհետեւ մեզ ոչինչ հետ չի պահի, որ նրանց բանտ չնետենք: Ոչինչ, որ ադրբեջանական բանակը մեր հողում է ծվարել, դրանում էլ սարսափելի ոչինչ չկա` Ջերմուկի սարերն ու Իշխանասարն ինչների՞դ էր պետք` ձյունոտ, չօգտագործվող սարեր էին. մեր զինվորը կկանգնի, թե Ադրբեջանի՝ ձեզ համար ի՞նչ տարբերություն: Ոչինչ, որ Գորիս-Կապան մայրուղին կորցրինք, հիմա էլ Տավուշով Վրաստան ճանապարհն ենք կորցում, շրջանցող ճանապարհներ ենք կառուցում` այնպես չէ, որ Կապան ու Մեղրի չեք կարողանում հասնել, Վրաստան էլ մի ձեւ կգնաք: Նորից զինվորնե՞ր են սպանվում, Բաքվում գերինե՞ր ունենք, ամեն օր սպառնալիքնե՞ր են հնչեցնում մեր հասցեին` ոչինչ, դուք հազարամյա դիմացկուն ազգ եք` կդիմանաք: