24-ժամյա ջրամատակարարումը՝ երազա՞նք, թե՞ իրականություն

24-ժամյա ջրամատակարարումը՝ երազա՞նք, թե՞ իրականություն

2022-ի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում նախատեսվել էր կառուցել խմելու ջրի ջրամատակարարման համակարգ: Մոտ 2 տարի է՝ աշխատանքները չեն ավարտվում, իսկ ծրագրով նախատեսված էր ավարտել 2023-ի նոյեմբեր ամսին: Ամիսներ առաջ կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրն այնպես ներկայացրեց վարչապետին, թե իբր մնացել է ջրի որակը ստուգել, եւ շուտով գյուղացիները ջրի ծորակներից հոսող ջուր կունենան:

30 տարուց ավելի Լեռնանիստում գյուղացիները խմելու ջրի կարոտ են: Ջուր ունենալու համար նրանք իրենց բակերում հորեր են փորել եւ մինչ այժմ օգտվում են այդ ջրից, իսկ ովքեր էլ հոր չունեն, ցիստեռնով ջուր են գնում՝ 1 ցիստեռնի արժեքը՝ 60 հազար դրամ. «Տարիներ շարունակ այսպես ենք ապրել, հոր ենք փորել, մատոռով ջուր ենք հանում, ուրիշ ճար չկա: Հիմա խնդիրն ավելի լուրջ ա, ո՛չ հորերում ջուր կա, ո՛չ էլ գյուղում եղած մի քանի աղբյուրներում: Մի խոսքով՝ գյուղը կանգնած ա խմելու ջրի խնդրի առաջ: Մեծամասամբ գյուղում հորերը ցամաքած են, ժողովուրդը ջուր չունի։ Ուրախացել ենք, որ ձյուն ա եկել, հուսանք, որ ջրի պաշար կունենանք՝ հա՛մ տանն օգտագործելու համար, հա՛մ անասուններին: Մեզ հույս ա տալիս, որ գյուղում աշխատանքներ են անում, ասում են, որ ջուր կտան, արդեն 2 տարի ա՝ հույսներս չկտրած սպասում ենք»:

Գյուղացիներին վստահեցրել են, որ ջրագծի աշխատանքների ավարտից հետո գյուղում 24 ժամ ջուր կլինի, ինչին նրանք չեն հավատում, ասում են. «Մինչեւ մեր աչքով չտեսնենք, ոչ մի բանի չենք հավատա»: Մոտ 3 հազար բնակչություն ունեցող Լեռնանիստը հայտնի է քարի մշակման եւ տների յուրահատուկ շարի ձեւով, որը ժողովուրդն անվանում է «կրոշկա»: Լեռնանիստում պատշարների 30-ից ավելի բրիգադ կա, որոնք այս գործում մասնագիտացած են եւ մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որը գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրն է: Գյուղում ջրի պատճառով գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվում, անասնապահությամբ էլ զբաղվում են քչերը:

Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքների 95%-ն ավարտվել է, դիտահորերի մեծ մասը տեղադրված է, ջրավազանը պատրաստ է. «Փորձագիտական համապատասխան մասնագետները մեզ վստահեցրել են, որ ջուրը բավարար է բնակավայրին ապահովելու համար: Որակի առումով խնդիր չկա, երբ որ ջուրը մղվի ջրավազան, այդ ժամանակ կրկին ջրից փորձանմուշ կվերցվի՝ որակը ստուգելու համար: Աշխատանքները կավարտվեն 2024 թվականի աշնանը: Այս ծրագրի շրջանակում կառավարությունից հատկացվել է 167 մլն 805 հազար դրամ, համայնքի բյուջեով՝ 71 մլն 895 հազար դրամ»: Այս ներդրումները նպատակին կծառայե՞ն, քանի որ տվյալ բնակավայրում տարեցտարի քչանում են այն բնական աղբյուրները, որոնցից բնակիչներն օգտվում են։ «Բոլոր ռիսկերը հաշվի առնելով` ընտրել ենք գյուղի այն հատվածը, որտեղ ջուր կա»: