«Հրապարակ». Ում ինչքանով էր հուզում Արցախի ու Լաչինի միջանցքի թեման

«Հրապարակ». Ում ինչքանով էր հուզում Արցախի ու Լաչինի միջանցքի թեման

Ազգային ժողովի երեկվա ճեպազրույցները սկսվեցին ՔՊ-ով եւ Մարգարայի կամրջով Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու հարցով։ ՔՊ-ականները, այս դեպքում՝ Սարգիս Խանդանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, համարում են, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին ու օգնություն առաջարկի։

«Եվ հենց սա է եղել առաջին հերթին Հայաստանի նպատակը, որպեսզի արագ արձագանքի աղետին։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններին եւ այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե, այդ նյուանսը կա։ Առնվազն ընկալման տեսանկյունից՝ ես կարծում եմ, որ սա որոշակի առումով դրական ազդակ է, իհարկե, նման մասշտաբի աղետի դեպքում դրական ազդակներից խոսելը մի քիչ դժվար է, բայց, այնուամենայնիվ, այո, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է, օրինակ, սահմանը բացել, շահագործել ճանապարհներ, կոմունիկացիաները, եւ հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին, եւ մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի բացման հեռանկարին, այս հումանիտար օգնությունը կարող է դրան նպաստել, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը խնդրեց այս պահին այդ դիտանկյունից չնայել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին։

«Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական քայլ է արել, մենք որեւէ ռազմաքաղաքական վերլուծություններ չենք անում ավերիչ երկրաշարժի հիմքով։ Ես չեմ ուզում, որ մենք սկսենք հիմա էս մարդկային մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություններ անել։ Սա, կարծում եմ, կրկին, մեր կողմից մարդասիրական չի կարող դիտվել»,- ասաց Հովհաննիսյանը։

ՔՊ-ականները, առհասարակ, հետեւողականորեն ձգտում էին Թուրքիա ուղարկած հումանիտար օգնությունը չկապել Արցախի ու Լաչինի միջանցքի թեմայի հետ, թե ինչպես է ստացվում, որ կարողանում են այդքան արագ պայմանավորվել եւ Թուրքիա հումանիտար բեռ ուղարկել, իսկ Արցախ՝ ոչ։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու իշխանություններն այդքան արագ չեն կարողանում պայմանավորվածության գալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ՝ մարդասիրական օգնություն նաեւ Արցախ ուղարկելու հարցում, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, ով նախկինում լրագրող էր աշխատում, մեր գործընկերոջ հարցը որակեց անտրամաբանական՝ չգտնելով այդ հարցին որեւէ տրամաբանական ու հոդաբաշխ պատասխան։

«Ես պարզապես չեմ արձագանքի Ձեր հարցին, կխնդրեմ Ձեր հարցը մի հատ նորից դնեք լսեք ու ինքներդ Ձեզ պատասխանեք, թե ինչու մարդասիրական օգնություն Հայաստանը չի կարողանում ուղարկել Արցախ, ով ա փակել Լաչինը, ինչ համատեքստ կա այնտեղ, ինչ աշխարհաքաղաքական զարգացում կա, եւ մյուս կողմում ինչի հետ եք բերում, ուրեմն, էս դեպքը համեմատում։ Ներողություն եմ, իհարկե, խնդրում, բայց հարցն անտրամաբանական է»,- ասաց Հովհաննիսյանը։
Առանց ներողություն խնդրելու՝ հիշեցնենք, որ սա այն նույն Արթուր Հովհաննիսյանն է, ով ժամանակին աշխատել է նախկիններին պատկանող լրատվամիջոցում, ու չենք հիշում, որ նա երբեւէ փայլած լինի իր խիստ տրամաբանական հարցադրումներով։ Ու այսօր, չունենալով մեր գործընկերոջ հնչեցրած հիրավի տրամաբանական հարցին պատասխան, փորձում է ներողություն խնդրելով՝ վիրավորական տոնով արձագանքել նրա հարցին՝ այդպիսով խուսափելով բուն պատասխանից։

ՔՊ-ից հետո եկավ «Հայաստան» դաշինքը՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ քարտուղար Արծվիկ Մինասյանի տեսքով։ Նրանց դարդն ու ցավը, պարզվեց, Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելուն ուղղված դատախազի միջնորդությունն ու դրա բավարարումն էր, թեպետ Սեյրան Օհանյանն իր խոսքի նախաբանում մի թեթեւ ակնարկեց, որ իրենք նախորդ շաբաթ Լաչինի միջանցքի վերաբերյալ փակ նիստ էին հրավիրել։ Լրագրողների հարցերն էլ էին վերաբերում հենց դատախազի ներկայացրած միջնորդագրերին, որոնց Օհանյանը տվեց երկար-բարակ, ձանձրալի պատասխաններ՝ արդարանալով, թե ինքը որեւէ խախտում թույլ չի տվել, իրեն առաջադրված մեղադրանքները սին են ու շինծու, եւ որ ինքն ու Չարչյանն իրենց անմեղությունը դատարանում կապացուցեն։
Նույնաբովանդակ պատասխաններ տվեց նաեւ դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Ու այսպես՝ մոտ 20 րոպե, եւ ոչ մի խոսք Արցախի եւ Լաչինի միջանցքի մասին։ Բրիֆինգների՝ իրենց հատկացված ժամանակը «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն օգտագործեցին տիկին դատախազի հարուցած շինծու, ինչպես իրենք են նշում, պատվերով կարած գործի վերաբերյալ իրենց արդարացումները ներկայացնելու վրա։

«Պատիվ ունեմ»-ից եկել էր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ով հենց սկզբից, մինչ լրագրողների հարցերին անցնելը, անմիջապես անցավ Արցախի թեմային՝ հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ստեղծված խնդրին, որ երկու ամսից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է։

«Արցախում գազամատակարարման, էլեկտրաէներգիայի ճգնաժամը շարունակվում է, բավականին մեծ խնդիրներ կան այսօր ստեղծված՝ սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի, երկար ժամանակ է՝ հետաձգված են պլանային վիրահատությունները, եւ նույնիսկ Կարմիր խաչի միջոցով Արցախից հիվանդների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ բավարար չէ՝ առողջապահական իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցին՝ Տ․ Աբրահամյանն ասաց․ «Եթե Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը հայտարարությունների, հումանիտար բեռի, որքան ինձ համար զարմանալի է՝ նաեւ զորակցության առումով փորձ է արվում տեղավորել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, ակնհայտ է, որ այստեղ կա «պերեբոր», որովհետեւ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետեւած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ես կհասկանայի Հայաստանի այդ պահի իշխանությանը, որը որեւէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր, բայց եթե հետեւում եք ընդհանուր նամակագրությանն ու հայտարարություններին, Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգամ է՝ հումանիտար բեռ են փոխանցում։ Եթե ուշադրություն դարձնեք, գրեթե նույն թվով փրկարարներ ներգրավված են ե՛ւ մեր մշտական բարեկամ Սիրիայում, ե՛ւ նաեւ Թուրքիայում, ու ակնհայտորեն Թուրքիայի վարքագիծը, Հայաստանի նկատմամբ իրականացրած քաղաքականությունը եւ Հայաստանի՝ այս իրավիճակում քայլերը, բնականաբար, համահունչ չեն»։
Աբրահամյանը նաեւ նկատեց, որ չի կարծում, թե Թուրքիային հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր այստեղ կարեւոր լինելու։