«Հրապարակ». Թուրքիայի՞ց էին ՀՀ նախագահին հանձնարարել՝ շնորհակալություն հայտնել…

«Հրապարակ». Թուրքիայի՞ց էին ՀՀ նախագահին հանձնարարել՝ շնորհակալություն հայտնել…

Հարցազրույց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ 

- 30 տարի առաջ փակված հայ-թուրքական սահմանի՝ Մարգարայի կամուրջը 4 օր առաջ բացվեց․ Հայաստանը 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց Թուրքիայի աղետի գոտի, դրանից առաջ էլ՝ փրկարարական ջոկատ։ Իշխանական շրջանակներն այս օգնությունը ներկայացնում են իբրեւ դիվանագիտական քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելուն ուղղված։ Ի՞նչ եք կարծում՝ նպատակին կհասնի՞ իշխանությունների քայլը, պարզ ասած՝ Թուրքիան կհասկանա եւ նո՞ւյնը կպատասխանի։ 

- Եթե վերացարկվենք պատմությունից եւ ներկա իրողություններից, ապա կարող ենք ասել՝ քայլը ճիշտ է, պետք է օգնել դժբախտության մեջ հայտնվածին, հատկապես, եթե նա քո հարեւանն է։ Բայց երբ նայում ենք կոնկրետության մեջ, ապա խրթին ու խճճված վիճակ է: Թուրքիան (նաեւ Ադրբեջանը) վերամբարձ ու անհարգալից վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, Թուրքիայի ղեկավարների` մեզ ուղղված խոսքն անփոփոխ կշտամբական է, վերեւից են նայում մեզ, անընդհատ մեզնից պահանջում խոհեմություն, հնազանդություն, զիջումներ, ու երբեք իրենցից մեկը չասաց, թե իրենք ինչ են պատրաստ զիջելու: Նրանք երբեք ափսոսանք չհայտնեցին ո՛չ 1915-23 թվականներին պետական մակարդակով կազմակերպած եւ ամենայն դաժանությամբ իրականացրած Հայոց ցեղասպանության համար, ո՛չ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունները ձախողելու ու 2020 թվականին սանձազերծած պատերազմի համար: Չէ՞ որ իրենց հրահրմամբ էր Ադրբեջանը քառորդ դար մտածված ձգձգում բանակցությունները, որպեսզի հարմար միջազգային իրադրության մեջ, ստանալով ԱՄՆ-ի, եվրոպացիների, կասկածներ կան՝ նաեւ մեր դաշնակցի համաձայնությունը, ղարաբաղյան խնդիրը լուծեն ոչ թե քաղաքական հարթությունում ու խաղաղաբար՝ ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այլ կացնով կտրեն-վերացնեն խնդիրը։ Այն, ինչ 1990-ականների պատերազմում չկարողացան անել, արեցին հիմա։ Ո՛չ մի լավ բան չեմ սպասում նրանցից: Մերոնցից էլ չեմ սպասում, որովհետեւ համարձակություն չեն ունենա իրենց քայլը հրամցնելու, դիվանագիտական շփումներում ասելու, որ մենք էլ ձեզնից ենք մեր նկատմամբ համարժեք բարեկամական քայլ ակնկալում։ 

- Չնայած ՀՀ ԱԳՆ-ից վստահեցնում են, որ Մարգարայի կամուրջն արդեն փակ է, տեղի է ունեցել մեկանգամյա մուտք Թուրքիա, սակայն հանրության շրջանում վրդովմունք կա, որ փաստացի ցեղասպանության հարցը մի կողմ է դրվում, եթե չասենք՝ ուրանում ենք, ու սա կարող է շարունակական լինել։

- Հայաստանը չունի Թուրքիայի հետ օրակարգ, Հայաստանը չունի իր թղթածրարը, իր առաջարկները: Ասելիք ու անելիք չունենք։ «Ով էշ` ես փալան» ողորմելի կենսափիլիսոփայությամբ են շարժվում։ Մեր իշխանությունը նման է կուշտ եւ ծույլ երեխայի։

- Նիկոլ Փաշինյանն օրերս հյուրընկալելով ՀՀ նախագահին՝ հիմնավորել է, թե ինչու ենք օգնել Թուրքիային, ասելով՝ «եթե ուզում ենք մեր պետության հարատեւությունն ապահովել, պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում, որովհետեւ, անկախ ամեն ինչից, մենք այստեղ ենք, եւ մեզ շրջապատող երկրները, մեր հարեւան երկրներն էլ են այստեղ»։ Ապա հավելել է, թե մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված։

- Նախ՝ այդ հանդիպմանը նախագահն ինչո՞ւ էր շնորհակալություն հայտնում, ո՞ւմ անունից էր հայտնում, Թուրքիայի՞ց էին ՀՀ նախագահին հանձնարարել՝ շնորհակալություն հայտնել: Սա ի՞նչ երկու դերասանի թատրոն էր: Շատ անհարմար, նսեմ վիճակ է։ Վերջին շրջանում անհասկանալի հայտարարություններ են հնչում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Եթե դրանք լեզվի սայթաքումներ են, անզգուշություն, շատ արագ պիտի բացատրություն տրվի։ Օրինակ, գործադիրի ղեկավարի ասածը, թե ԵՄ դիտորդները պիտի հետեւեն հայկական եւ ռուսական զորքերի շարժը: Խայտառակ վրիպում էր: Կառավարությունը պետք է հերքում տա կամ բացատրի, թե ինչ է սա նշանակում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «հարաբերությունների որակը փոխելու» մտադրությանը: Թշնամության այլընտրանքն անսկզբունք ու բոլորանվեր սերը չէ: Առկա հանգամանքներից ելնելով՝ կարելի է կառուցել զուսպ, չափավոր հարաբերություններ: Ջարդերի, հայրենազրկման, նվաստացման մեկուկես դարից հետո հայ-թուրքական «պռոշտին» մատնացույց է անում, որ մենք արտաքին կոշտ հարկադրանքի տակ ենք։