Իշխանափոխություն. ինչպես անել

Իշխանափոխություն. ինչպես անել

Վստահ չեմ, որ քաղպոռնոգրաֆիկ մեծամասնությունը մարսել է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների վերջին համատեղ հայտարարությունը, եւ, ահա, անհրաժեշտություն նկատեցի այդ հայտարարությունը մի փոքր ավելի բացելու: Հուսամ՝ օգտակար գործ եմ անում:
Բուն հայտարարության կետերին չեմ անդրադառնա: Ասեմ միայն, որ այն ընդգրկում է ներկա իրավիճակի (Հայաստանում եւ Արցախում) գնահատականը եւ այդ իրավիճակից դուս գալու քայլերի նկարագրությունը: Միով բանիվ՝ դա հայտարարության մի տեքստ էր, որ ուղղված էր բոլորին՝ բացի Հայաստանի եւ Արցախի իշխանություններից: Եվ եթե քաղաքացիական պոռնոգրաֆիան չտապալեր այս հայտարարության ընդունումը, այն կարող էր դառնալ քաղաքական լուրջ փաստաթուղթ, փաստարկված բողոք՝ Արցախի խնդրով երբեւէ զբաղված միջազգային կառույցներին, Մինսկի խմբին եւ մեր բարեկամ բոլոր երկրներին: Քաղպոռնոգրաֆիան չմիացավ այդ բողոքին եւ դրանով իսկ խոչընդոտեց, որ մեր ձայնը չլսվի ոչ մի տեղ, ու ողջ աշխարհում տպավորություն ստանան, թե հայերը ոչ միայն կողմ են թուրքերի հետ բարեկամությանը, այլեւ ուրախ են Արցախի ու արցախահայության, ինչպես նաեւ Հայաստանի ու հայաստանցիների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների համար:

Քաղպոռնոգրաֆիկ մեծամասնությունից այլ վերաբերմունք սպասելը, իհարկե, միամտություն էր, բայց, մյուս կողմից էլ, սա լավ շանս էր նրա համար՝ երեսի մուրը լվանալու, ժողովրդի եւ իր ընտրողների առջեւ գոնե մեկ անգամ բաց ճակատով երեւալու: Ժողովուրդն էլ կնայեր ու կասեր՝ մենք էլ նախրում էշ ունենք, մեր բողոքը միջազգային հանրությանը հասցնող, մեր ապագայի համար ամեն ինչի պատրաստ իշխանություն: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Քաղպոռնոգրաֆիան թռավ պատասխանատվությունից՝ ավելի բարձրանալով իր իսկական տերերի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի աչքին:

Իսկ հիմա՝ ամենակարեւորի՝ ընդդիմության նախաբան խոսքի մասին, որը կարող էր եւ չլինել, եթե ԱԺ ամբիոնի ձախ կողմում գոյացած ճահիճը կարողանար հաղթահարել հետագա ճահճացման պրոցեսը եւ կողմ քվեարկել ընդդիմության նախաձեռնությանը: Իսկ ընդդիմությունն իր նախաբան խոսքում ասել է այն ամենը, ինչ մտածում է ՀՀ իշխանությունների, այն է՝ քաղպոռնոգրաֆիկ մեծամասնության մասին՝ «ազգային եւ պետական շահերին խոչընդոտող», «Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը չընդդիմացող», «ընդդիմության ցանկացած նախաձեռնություն տապալող»: Ապա եզրակացրել են. «Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որեւէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել եւ կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար»: Կներեք, հարգելի ընդդիմադիրներ, բայց ձեր այս եզրափակիչ ձեւակերպումը որոշակի հարցեր է առաջացնում: Ի՞նչ է նշանակում, օրինակ, «համախմբվել եւ կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար» ձեւակերպումը: Դա գուցե սարսափեցնում է ուսապարկերի հանրույթին, բայց անձամբ ինձ չի բավարարում: Ես այն տպավորությունն ունեմ, որ դուք, հարգելի ընդդիմադիրներ, կարող եք հանդես գալ շատ ավելի լավ նախաձեռնություններով, իսկ քաղպոռնոգրաֆիան դրանք տապալի ու սրտի ուզածի չափ իշխանության ղեկին մնա: Եվ ինչո՞ւ չմնա… Փող է՝ լափում են, շքեղություն է՝ վայելում են: Բա հո իշխանությունը սկուտեղի վրա ձեզ չե՞ն մատուցելու:

«Կտրուկ քայլերով պայքարենք օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար»: Ամենակտրուկ քայլը, սիրելի ընդդիմություն, կառավարության շենքի մոտ կանգնելն ու տուն չգնալն է: Պահանջը մեկը պետք է լինի. «Նիկոլ, սիկտիր»: Համախմբումը երբեք չի նախորդում պայքարին:

Ընդհակառակը՝ պայքարն է ծնում համախմբում: Մարդիկ փողոց դուրս կգան միայն այն ժամանակ, երբ տեսնեն՝ փողոցում ինչ-որ բան է կատարվում: Հրաշալի է ասված․ «Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել եւ կտրուկ քայլերով պայքարել»: Բայց դա արդեն ոչ թե մեկ, այլ երկու բան է: Էլ չասեմ, որ այդ պայքարը կարող է եւ հաղթանակով չպսակվել: Բայց խաղասեղանին, ինչպես նշել եք, պետության ու հայրենիքի հարց է դրված: Ռիսկի չե՞նք ենթարկում, արդյոք, պետությունն ու հայրենիքը՝ սպասելով մեր պատկերացրած հանկարծակի համախմբմանը: Կարծում եմ՝ պետք է մի փոքր սրբագրել եզրակացությունը՝ այն վերաշարադրելով հետեւյալ կերպ. «Կատարել կտրուկ քայլեր, համախմբել ժողովրդին եւ ազատվել այս իշխանությունից»: