Ռուսական ռազմարշավի տեղապտույտը Ուկրաինայում

Ռուսական ռազմարշավի տեղապտույտը Ուկրաինայում

Այսօր լրանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկ ամիսը: Ռուսաստանը շուրջ 200 հազարանոց զորքով փետրվարի 24-ից ներխուժել է Ուկրաինայի ինքնիշխան տարածք եւ անցնող մեկ ամսում, տարբեր գնահատականներով, տվել է 10 000-14 000 զոհ եւ 30 000-ից ավելի վիրավոր, կորցրել է այնպիսի ծավալների ռազմական տեխնիկա, որ ուկրաինացիները սրամտում են, թե ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին համարժեք զենքի մատակարար է դարձել Ուկրաինայի համար։ Եվ մինչ այժմ գրավել է ընդամենը մեկ նշանակալից քաղաք` Խերսոնը, ՌԴ զինուժը ցամաքային ռազմական գործողություններում մատնվել է ակնբախ ձախողման, իսկ ՌԴ նախագահը հայտնվել է փակուղում (ի դեպ, ռուսական կողմի շուրջ 9 հազար 900 զոհի եւ 17 հազար վիրավորի մասին անգամ ռուսական Комсомольская правда-ն է հաղորդել` հղում անելով ՌԴ պաշտպանական նախարարությունում շրջանառվող տվյալներին): 
Ներկա դրությամբ Ռուսաստանի միակ գործուն զենքը մնացել են քաղաքացիական բնակավայրերի պաշարումը, ենթակառուցվածքների ոչնչացումը, խաղաղ բնակչության գնդակոծումներն ու հրթիռակոծումները, որ ՌԴ զինված ուժերն իրականացնում են հիմնականում Սեւ ծովի ավազանից եւ բուն Ռուսաստանի տարածքից: Շատերը համարում են, որ տապալված ռազմական արշավի եւ արեւմտյան պատժամիջոցների ներքո փլուզվող տնտեսության զուգակցումը Վլադիմիր Պուտինին անկյուն է մղել, որ իրավիճակից ելք չի մնացել:

Ոմանք ենթադրում են, թե ստեղծված իրավիճակում տեսականորեն Վլադիմիր Պուտինը կարող է դիմել կենսաբանական կամ քիմիական զենքի գործադրման կամ միջուկային զենք կիրառել, սակայն դա միայն տեսականորեն: Գործնականում, դատելով Ինդոնեզիայում ՌԴ դեսպանի երեկվա հայտարարությունից, Պուտինը ցանկանում է տարեվերջին Բալիում հյուրընկալվող G20 գագաթնաժողովին մասնակցել, իսկ եթե զանգվածային ոչնչացման զենք գործադրվի, դժվար թե դա հնարավոր լինի: Կենսաբանական կամ քիմիական զենքի գործադրումը, ինչպես Արեւմուտքից քանիցս նախազգուշացվել է, կարող է նշանակել ՆԱՏՕ-ի հետ ուղիղ պատերազմ: Իսկ ՆԱՏՕ-ի հետ պատերազմը եթե սկսվի, այն չի մղվի Ուկրաինայի տարածքում: Նման սցենարի դեպքում Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Ռուսաստանի տարածքը պատերազմի թատերաբեմ կդառնան: Իսկ միջուկային զենքի դիմելու պարագայում, ԿՀՎ նախկին ղեկավարներից մեկը ձեւակերպել է․ «Պուտինն ու իր անտուրաժը տեղում կոչնչացվեն»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ պատերազմի սանձազերծումը ձեւակերպել է այսպես․ «Այն անընդունելի էր քաղաքական առումով եւ անհեթեթ էր ռազմական առումով»: Փաստ է, որ ուկրաինական արկածախնդրությունը ոչ միայն տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ արժեցավ Ռուսաստանին, ոչ միան դրակոնյան պատժամիջոցների օբյեկտ դարձրեց ռուսական տնտեսությունը, ընդսմին հայտարարվում է, որ պատժամիջոցները չեն հանվելու այնքան ժամանակ, մինչեւ այն պահը, երբ Դոնեցկը, Լուգանսկն ու Ղրիմը կրկին Ուկրաինայի իրավազորությանը կվերադարձվեն, եւ Ռուսաստանն Ուկրաինային կվճարի պատերազմի հետեւանքով պատճառած վնասի ռեպարացիաները: Ասել է թե՝ պատժամիջոցները կգործեն շատ երկար, եւ այդ ընթացքում ՌԴ տնտեսությունը կարող է այնքան ավերվել, որ դրա վերականգնվելու հնարավորություններն ու հեռանկարները մարեն:

Սակայն այս պատերազմը բացահայտեց Ռուսաստանի` հզոր ռազմական ուժ ունենալու մասին առասպելը: Նույնիսկ միայն պաշտպանական պատերազմ մղող Ուկրաինան աշխարհի առջեւ քողազերծեց ռուսական զինված ուժի անկազմակերպ ու ողբալի պատկերը, որտեղ, ինչպես արեւմտյան զինվորականներն են գնահատում, ոչնչից չի երեւում, թե ցամաքային ուժերի որեւէ գործողություն կապ ունի օդային ուժերի գործողությունների հետ, կամ դրանցից որեւէ մեկի հետ կապ ունեն ռազմածովային ուժերի գործողությունները: ՌԴ ուժերը գործում են այնքան անկազմակերպ, քաոտիկ, չհամակարգված ու անարդյունավետ, որ իրենց առջեւ դրված նպատակին չեն կարողանում հասնել: Արեւմուտքում անգամ կարծում են, որ ուկրաինական ռազմարշավում ՌԴ ուժերի միասնական հրամանատար առհասարակ գոյություն չունի: Այլապես մեկ ամսում ՌԴ հինգ գեներալ Ուկրաինայում չէր զոհվի: Որքա՜ն պետք է իրադրությունը հուսահատ ու դրամատիկ լինի, որ գեներալներն առաջնագիծ հասնեն ու զոհվեն: