Ուկրաինայի քաղաքական վերնախավում «լուրջ ցնցումներ» են սպասվում 

Ուկրաինայի քաղաքական վերնախավում «լուրջ ցնցումներ» են սպասվում 

Մինչեւ ձմռան գալուստը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմում լուրջ ցնցումներ են սպասվում։ Կփոխվի նաեւ ռուս-ուկրաինական ճակատում ուկրաինական զինուժի մարտավարությունը, այս մասին հայտնում է Time պարբերականը, հղում տալով Զելենսկու աշխատակազմում ունեցած իր անանուն աղբյուրներին։ Հրապարակման մեջ ասվում է, որ առնվազն մեկ նախարար հրաժեշտ կտա պաշտոնին, նաեւ մեկ բարձրաստիճան գեներալ, ով պատասխանատու է ուկրաինական հակահարձակման համար, հնարավոր է պաշտոնանկ արվի՝ ուկրաինական բանակի դանդաղ առաջընթացի համար։

Time-ի աղբյուրներից մեկը նշել է, որ ուկրաինական բանակը առաջ չի շարժվում եւ պատճառը նաեւ այն է, որ առաջնագծում որոշ հրամանատարներ պարզապես հրաժարվում են կատարել հարձակմանը վերաբերող հրամանները, նույնիսկ եթե դրանք արձակվել են անմիջականորեն նախագահի աշխատակազմի կողմից։ Շատ հրամանատարներ պարզապես ցանկանում են նստել խրամատներում եւ պահել պաշտպանությունը։ Դա անհանգստություն է առաջացնում թե Կիեւում, թե Արեւմուտքում։ Հրապարակման մեջ նաեւ որոշ մանրամասներ են ներկայացված Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ այս տարվա սեպտեմբերի վերջին կատարած այցից։ Մասնավորապես ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում Զելենսկու այն խոսքերը, թե ինքն արդեն հյուծվել է ոչ միայն շարունակվող պատերազմի պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ ստիպված է դաշնակիցներին անընդհատ բացատրել, որ Ուկրաինան կարիք ունի օգնության, որպեսզի կարողանա հաղթել ռազմաճակատում։ Զելենսկին նաեւ դժգոհել է, որ ոչ ոք չի հավատում, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում, բացի իրենից։ Այդուհանդերձ, նա լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է, որ հաղթանակ հնարավոր է, թեեւ շատ ջանք, եռանդ, ռեսուրս եւ էներգիա կպահանջվի։ Զելենսկու համար հուսահատեցնող է եղել նաեւ այն, որ շատ դաշնակիցներ արդեն «հոգնել են» ուկրաինական հակամարտությունից։ 

Time-ը գրում է, որ «ԱՄՆ այցից հետո նախագահ Զելենսկին եղել է շատ զայրացած եւ իրեն զգում է դավաճանված եւ լքված Արեւմուտքի դաշնակիցների կողմից, որոնք իրեն թողել են առանց այն անհրաժեշտ միջոցների, որը պետք է, որպեսզի կարողանա հաղթել մարտի դաշտում եւ որը պետք է որպեսզի իր երկիրը գոյատեւի ներկայիս պատերազմական պայմաններում»։ Ու թեեւ Արեւմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն շարունակում են հավաստիացնել, թե կօգնեն Ուկրաինային այնքան, որքան հարկավոր է, սակայն կարծես թե գործնական հարթությունում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով Ուկրաինայի մատակարարումների հարցում առաջացած խնդիրները չեն հարթվում։