«Հրապարակ». Թույլ չենք տալու, որ նոր գյուղեր, տարածքներ հանձնի, նա պետք է հեռանա

«Հրապարակ». Թույլ չենք տալու, որ նոր գյուղեր, տարածքներ հանձնի, նա պետք է հեռանա

«Հրապարակի» զրուցակիցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է:

- Սրբազան, երեկ վարչապետը Տավուշի մարզում հանդիպել է սահմանապահ գյուղերի բնակիչների հետ: Այս անգամ եւս առաքելական եկեղեցին իշխանության կողմից անտեսվել է` որեւէ հոգեւորական ներկա չի եղել հանդիպմանը: Ինչո՞ւ:

- Այո, գաղտագողի եկել են, գաղտագողի հանդիպել ու փախել են: Եկեղեցուց որեւէ մեկը տեղյակ չի եղել այդ այցի մասին: Ես իր գալուց հինգ րոպե առաջ եմ իմացել, այն էլ արդեն Երեւանի ճանապարհին էի: Ինչ վերաբերում է եկեղեցուն ներգրավելուն, իրենք այդքան երե՞ս ունեն, որ մեզ հետ հանդիպեն: Հանդիպեն, ի՞նչ ասեն, ասեն, որ դավադիր մտադրություննե՞ր ունեն: Ծիծաղելի է անգամ:

- Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քարտեզը ձեռքին թափահարելով, անորոշ հայացքով ասում էր, որ Տավուշի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական են, ուստի պետք է հանձնել Ադրբեջանին:

- Հանդիպել սահմանապահ գյուղերի բնակիչների հետ` մոլորեցնող մոտեցում է, շատ մոլորեցնող: Վեր է կացել եկել Ոսկեպար, Կիրանց ու Բաղանիս, հանդիպել մարդկանց հետ, բայց խնդիրը ո՛չ Ոսկեպարինն է, ո՛չ Կիրանցինը, ո՛չ էլ Բաղանիսինը, թեպետ առաջին շահառուները, այո, այնտեղ ապրող մարդիկ են, բայց այս խնդիրը ողջ Հայաստանինն է: Ողջ հայ ժողովրդի խնդիրն է սա, ինչ-որ գյուղի ներքին հարց չի լուծելու, որ հավաքել է միայն գյուղի ժողովրդին, սա ողջ հայ ժողովրդի հարցն է, վերաբերում է Հայաստանի սահմաններին: Գյուղացիները չէ, որ տերն են այդ ամենի, նրանք ուղղակի առաջին շահառուներն են, այդ գյուղերի տերը հայ ժողովուրդն է` բոլոր մարզերից, քաղաքներից, գյուղերից եւ այլն: Տավուշի գյուղեր այցելելու եւ մարդկանց մոլորեցնելու փոխարեն թող դուրս գա Հանրապետության հրապարակ եւ խոսի ժողովրդի հետ: Ժամանակին խոստացել էր, որ ամեն հարց պետք է ՀՀ քաղաքացին որոշի: Հիմա ինչո՞ւ է մոլորեցնում մարդկանց: Այնուամենայնիվ ասեմ Ձեզ, որ մերոնք շատ լավ, հստակ պատասխաններ են տվել, ինչ պետք է` ասել են: Նիկոլ Փաշինյանը թշնամուն պատերազմելու լեգիտիմ իրավունք է տալիս, որ եկեք ու պատերազմեք: Եթե մի ղեկավար ասում է, որ իր սահմանապահ գյուղերն իրենը չեն, դա թշնամուն պատերազմի լեգիտիմ իրավունք տալն է: Եթե երկրի ղեկավարը ժողովրդին ուղիղ տեքստով ասում է` ես չեմ կարող երաշխավորել ձեր անվտանգությունը, այստեղ հարց է առաջանում. դու էլ ինչի՞ համար ես երկրի ղեկավար, ի՞նչ գործ ունես, քո առաջին պարտականությունը մարդկանց անվտանգությունն ապահովելն ու երաշխավորելն է, ո՞վ ես դու, եթե չես կարողանում դա անել, թե՞ ուզում է ամեն ինչ բարդել գյուղացիների վրա:

- Հայաստանում Փաշինյանը վախի մթնոլորտ է տարածում. «Ամեն ինչ անենք, միայն թե պատերազմ չսկսվի»: Մի՞թե հայ ժողովուրդն այսքան վախկոտ է, թե՞ իրականում մենք վախկոտ ժողովուրդ չենք, պարզապես պետք է լավ առաջնորդ ունենալ՝ այդ վախերը չեզոքացնելու համար:

- Հայ ժողովուրդը ոչ թե վախկոտ է, այլ պարզապես վախենում է նրա գլխավորած պատերազմին գնալուց: Հենց ինքն էլ շատ լավ գիտի, եթե նորից պատերազմ գլխավորի, նորից է երկրի գլխին աղետներ բերելու: Մարդիկ հենց սրանից են վախենում, պատերազմից չեն վախենում: Ոսկեպարցիներն ուղիղ տեքստով ասել են` պատերազմ, պատերազմ, թող պատերազմ լինի, ո՞ւմ ես եկել վախեցնում այստեղ: Երկրի ղեկավարը չի կարող վախի մթնոլորտ ստեղծել, ղեկավարը մարդկանց անվտանգությունն ապահովելու համար է, իսկ եթե չի կարողանում այն կյանքի կոչել, պետք է հեռանա:

- Այնուամենայնիվ, եթե իր սեւ գործն անի, ի՞նչ տեղի կունենա:

- Սեւ գործն արել է, էլ ի՞նչ պետք է անի: Թույլ չենք տալու նոր գյուղեր, տարածքներ հանձնի, նա պետք է հեռանա, այլ ճանապարհ չկա: Նա այլեւս փաստել է` չի կարողանում մարդկանց անվտանգությունը Հայաստանի տարածքում ապահովել, ուրեմն հեռանալուց բացի այլ ճանապարհ չունի:

- Երբ նման գնահատականներ եք հնչեցնում, իշխանությունն ու իր արբանյակները փորձում են հանդես գալ որպես խաղաղության ջատագովներ, ընդվզողներին էլ մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ, այնինչ, իրականում, պատկերը ճիշտ հակառակն է:

- Պատերազմն էլ է այս իշխանությունը բերել, պարտությունն էլ է այս իշխանությունը բերել, կորուստներն էլ են իրենք բերել, մահերն էլ են իրենք բերել, հենց հիմա էլ փաստացի թշնամուն վավերական իրավունք է տալիս՝ հարձակվել Հայաստանի վրա: Իսկ թե որ փոքր ու մեծ երեւույթներն ինչ են ասում, ես իրենց խորհուրդ կտամ ուղղակի լռել: Հիմա էլ ասում են` դրանք գյուղեր չեն, տարածքներ են: Սա ողջ Հայաստանի հարցն է, ողջ հայ ժողովրդի հարցն է, ի՞նչ գյուղեր, ի՞նչ տարածքներ, ի՞նչ են խոսում ընդհանրապես, ո՞վ են առհասարակ այս մարդիկ….

- Տավուշում ի՞նչ տրամադրություններ են այժմ տիրում:

- Արդեն ինչ պետք է, ասել են երեկ գյուղացիները: Ոչ մի պարագայում իրենց կյանքը չեն զիջելու այս իշխանության համար, սա ոչ թե հող զիջել է, այլ կյանք զիջել, ո՞վ իր կյանքը կզիջի: Սա պատվի ու արժանապատվության հարց է: Սա ողջ հայ ժողովրդի հարցն է, միայն տավուշցու հարցը չէ: Տավուշցին ուղղակի պատվով ու արժանապատվությամբ իր հողի վրա ապրում է: Ինչպես Արցախի խնդիրը միայն Արցախինն ու արցախցունը չէր, այնպես էլ Տավուշի խնդիրը միայն տավուշցունը չէ: Ի՞նչ Ոսկեպար, ի՞նչ Կիրանց, ի՞նչ Բաղանիս, հետո ի՞նչ, որ նրանք դժվարություններով ապրում են այնտեղ, հո այս խնդիրը միայն իրենցը չէ՞: