Մնում է, որ մի նապաստակ էլ կախի ականջներից՝ եկեք մեզ կերեք․․․

Մնում է, որ մի նապաստակ էլ կախի ականջներից՝ եկեք մեզ կերեք․․․

Պատահական այլաբանություն չհամարեք, երբ Փաշինյանն օգտագործեց ցուլի ու կարմիր շորի եզրույթը։ 
Ցուլը, նույն եզը, առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ է ունեցել  հայերիս համար։ Ուրարտական ռազմի աստվածը՝ Թեյշեբան, հաճախ պատկերված է հենց ցուլի վրա կանգնած։ Հայկական հին տիեզերաբանության առասպելներում «Երկիրը հանգչում է եզի եղջյուրների վրա․ երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում»։ Եզը քրիստոնեությանը նախորդող հայ հեթանոսական դիցարանում դասվել է սուրբ կաթնասունների շարքը, նույնիսկ կապվել Աստղիկ/Անահիտ աստվածուհու հետ։

«Վիշապաքար» կոչվող կոթողների վրա պատկերված է ցուլ, երինջ՝ բերանից բխող ջրի ալիքներով։ Ցուլի զոհաբերությունը հայերիս մոտ կապվում է հարսանեկան ծեսին։ Եզը կամ ցուլը, որպես հարս-Լուսնի մարմնավորում թագավորի /փեսայի/ տանից տանում էին հարսի տուն և այնտեղ մորթում, ընդ որում փեսան մորթելիս աջ ոտքը դնում է եզան վրա, ինչպես ուրարտական որմնանկարներում է։ Սրանք ներկայացնում եմ, որպեսզի պատկերացնեք, որ ցուլի հայկական խորհրդանիշը՝ որպես ուժի նշան, Փաշինյանն իր այլաբանության միջոցով վերագրել է Ադրբեջանին։ Իր այլաբանությամբ  Հայաստանին դարձրել է կարմիր լաթի կտոր, իսկ Ադրբեջանին՝ ցուլ։ Նույնը շարունակում է նրա կողակիցը։ Աննա Հակոբյանը ամուսնու հայտարարությունից հետո կիսալուսնի օղերը հանում է ականջներից ու կախում գազար։ Գազար է կախում նաև վզին։ Սա նույնպես այլաբանություն է, որն առաջին հայացքից ինձ  հիշեցրեց ռուսական մուլտֆիլմը՝ նապաստակների մասին։ Մոխրագույն նապաստակներն  ապրում են «Կրոլիկագրադում»։

Այն կառուցված էր մեծ բլուրի վրա, անտառում նրանց բներն են, իսկ նրանց խորհրդանիշը գազարն է, քանի որ գազարը նապաստակների սիրելին ուտելիքն է, և նապաստակները պատրաստում են դրանից ճաշատեսակներ և հյութեր, իսկ մի քանի նապաստակներ ունեն իրենց գազարի այգին։ Ամանորին զարդարում են տոնածառները գազարներով և գրիչն էլ է գազարի տեսքով։

Ինչ եմ ուզում ասել, ամուսինը մեր Սահմանադրությունը, Հայաստանը համեմատում է կարմիր շորի հետ, իսկ կինն էլ ականջներից ու պարանոցից գազար է կախում՝ որպես ամենավախկոտ կենդանու՝ նապաստակի կեր։ Եկեք մեզ կերեք։ 

Կարելի է նաև այլ այլաբանություն անել։ Ինձ հետաքրքիր էր, թե գազարը Հայաստանի որ շրջաններում է աճում ու ստացա տեղեկատվությունը։  Գազարի ինքնուրույն բուսուտներ հանդիպում են Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին։