Ադրբեջանցիների մեջտեղում ենք հայտնվել՝ ինչքան բարձունքներ կան, եկել տեղավորվել են

Ադրբեջանցիների մեջտեղում ենք հայտնվել՝ ինչքան բարձունքներ կան, եկել տեղավորվել են

Տեղ գյուղում սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ չեն կատարվում, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։ «Ոչ մի բան էլ չենք նկատում, ոնց այն ժամանակ դրոշը դրել են՝ այնպես էլ մնացել է, ոչ մի բան չկա»,-ասաց նա։ Երկու կողմն էլ իրենց դիրքերում կանգնած են, որևէ փոփոխություն չկա։ Գյուղն ապրում է իր առօրյա կյանքով, գյուղից մեկ-երկու հոգի հեռացել է: Ինչ որ  ծրագիր են իրականացնում՝ 16 միլիոն դրամ են տրամադրում երիտասարդ ընտանիքներին՝ տներ կառուցելու համար, եթե վերջիններս ցանկանում են հաստատվել Տեղ գյուղում։ «Մի ֆունդամենտ են դեռ փորել, որ գյուղում սկսի շինարարություն: Դեռ այդ մեկն է»,-ասաց Զեյնալյանը։

Կապանի Ներքին Հանդ գյուղի բնակչուհի տիկին Հասմիկն էլ մեզ ասաց, որ իր տնամերձ այգու բերք ու բարիքն է բերել Կապան վաճառքի։ «Երեք- չորս կողմից ադրբեջանցիների մեջտեղում ենք հայտնվել՝ արդեն ներսում ենք՝ իրենք ինչքան բարձունքներ կան՝ այնտեղ տեղավորվել են»,- Ներքին Հանդում տիրող վիճակից պատմում է գյուղի բնակչուհին։ Բայց գյուղի սակավաթիվ բնակիչները հարմարվել են այս վիճակին։ Միայն ժամանակ առ ժամանակ ականների վրա պայթող անասունների հետ պակասում է նաեւ գյուղացիների եկամտի միակ աղբյուրը։ Գյուղի տարածքում պայթած վերջին ականի զոհ են դարձել տիկին Հասմիկին պատկանող երկու խոզերը։ Գյուղում ընդամենը երկու հոգի էին մնացել, որ անասուն էին պահում՝ տիկին Հասմիկն ու գյուղացիներից մեկը։ «Տեղ չունենք կենդանիներին տանելու, մինաները երևի մի 200-300 մետրի վրա է դրված»,-ասում է տիկին Հասմիկը։

Կապանի համայնքապետարանը մշտական կապի մեջ է գյուղի հետ և փոխքաղաքապետի հետ վերջին հանդիպման ժամանակ նրանք խնդրել են օգնել անասունների ձմեռվա կերով՝ չոր խոտով, ինչը գնելը ևս գյուղացիների համար լուրջ խնդիր է դարձել։ Տիկին Հասմիկն ունի չորս անասուն, գյուղացիներից մեկը` երեքը, մյուսների անասունները պայթել են ականների վրա կամ ստիպված են եղել վաճառել, որովհետև պատերազմից հետո կորցրել են արոտավայրերը։ Այնինչ, նախկինում  արոտավայրերից ոչ միայն ձմեռվա պաշարն էին ստանում, այլ վաճառելու համար միշտ խոտ էր ավելանում։ «Համայնքապետարանին ինչ հարցով դիմել ենք՝ օգնել են»,-ասում է Հասմիկ Ղազարյանը։
Սակայն գյուղի ջրի խնդիրը մնում է ամենակարրևոր ու չլուծված հարցերից մեկը։ Ադրբեջանցի զինվորականների կողմից գյուղի մի հատվածի օկուպացումից հետո գյուղի թե խմելու, թե ոռոգման ջրի աղբյուրները հայտնվել են թշնամու վերահսկողության տակ և բնակիչները դադարել են օգտվել խմելու ջրից։ Ոռոգման ջուրն էլ տևական ժամանակ է, ինչ ապահովում են նոր քաշած ջրագծով, սակայն դեռ խմելու ջուր չունենք` ստիպված են գետի ջուրն օգտագործել։

Գյուղի դպրոցում չորս աշակերտ է սովորում, որոնցից երկուսը տիկին Հասմիկի թոռնիկներն են։ Ինչ վերաբերվում է ճանապարհներով երթևեկելուն, տիկին Հասմիկն ասում է, որ, իհարկե, զգուշանում են, վախենում են։

«Առավոտը, որ ավտոբուսով գալիս էի` թուրքերի ծուխը մեր գյուղի հին հատվածից երևում է՝ վառարան, բան են վառում։ Մեր հուշարձանի մոտ է ծուխը երևում, մյուսը մի քիչ վերև, նույն վիճակն է, ոչ մի փոփոխություն չկա։ Մեր տանը պառկում եմ՝ նրանց լույսը ընկնում է ճակատներիս, հիմա էլ տերևները թափվել են՝ լույսերը ավելի ուժեղ են երևում։ Ես չգիտեմ ինչ են մտածում այս կառավարությունում, ինչ են մտածում»,-ասում է տիկին Հասմիկը։
Ու չնայած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված այս իրականությանը, Ներքին Հանդի բնակչուհին շեշտում է՝ պետք է ապրել սեփական հողի վրա, նույնիսկ այն պարագայում, երբ կորցել են իրենց արոտավայրերը, ցանքատարածություններն ու հսկայական այգիները։

«Մեր այգիները չենք կարողանում մշակել, մեր սեփականաշնորհված հողերը չենք կարողանում օգտագործել»,-հոգոց է հանում բնակչուհին ու հավելում՝ ով են սրանք, որ իրենց պատճառով թողնենք գնանք մեր հողից, լքենք մեր տները։
«Պետք է զգոն լինենք բոլորս, ամեն ինչով, ամեն ձևով։ Սա գոյատևում է կոչվում, հիմա մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, էն էլ վախվխելով։ Մեր հողերը կորցրինք, ոչ մի փոխհատուցում չեն տվել, չեն աջակցել»,-պատմում է նա եւ հոգոց հանում` եթե փոխհատուցում ստանային գոնե կկարողանային անասունների ձմեռվա խոտը գնել։