«Հրապարակ»․ Բոլոր շարժումներին լույսեր են վառում, թմբուկ խփում, վրաններ խփում` ով ուզենա նմանություններ գտնել, կգտնի
«Վաղվանից Բաղրամյան փողոցի մեր այս ավանը պետք է դուրս գա, որովհետեւ մեր 4-օրյա գործընթացն ավարտված է։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք պետք է հանդիպենք տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ես ուզում եմ մեր ամբողջ շարժումը վերադասավորել եւ առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն եւ շարժումը հասցնել հաղթական ավարտի»,- նախօրեին կայացած հանրահավաքում հայտարարեց Բագրատ սրբազանը, ում հայտարարությունը բավականին հիասթափություն է առաջացրել պայքարի ակտիվ շարքերում։ Ոմանք չարախնդում են, որ շարժումը մարեց, սրբազանը «վերադասավորումների» անվան տակ տուն է ուղարկում մարդկանց։ Իսկ երկուշաբթի օրվա հանրահավաքը լինելու է վերջինը․ հունիսի 17-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, ԱԺ-ի մոտ հանրահավաք է նշանակված։ Այդ օրը խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ նիստ կհրավիրի՝ կառավարության հրաժարականի օրակարգով, որի առնչությամբ ՔՊ-ականներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին, եւ, ամենայն հավանականությամբ, քվորումի բացակայության պատճառով այն չի կայանա։ Ինչպիսի՞ն է լինելու շարժման հետագա ընթացքը, այն մարե՞ց, թե՞ նոր փուլ է մտնում։ Երեկ այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման լիդերներից մեկի` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։
- Պարոն Դանիելյան, վրանային ավանը հավաքելու սրբազանի հայտարարությունը շարժման մասնակիցներն ու աջակիցները ծանր են տանում՝ կարծելով, թե հերթական շարժումը մարեց, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Ի՞նչ գործողություններ եք պլանավորել առաջիկայում, գուցե արդեն որոշել եք անցնել առավել պասի՞վ ռեժիմի։
- Մենք ասել էինք, որ վրաններն ամիսներով պիտի մնա՞ն այնտեղ, մենք ասել ենք, որ դրանք մի քանի օրով պետք է խփվեն՝ 3-4 օր, այդքան էլ տեւել է։ Ինչ վերաբերում է մարելուն, ապա իշխանությունները շարժման առաջին օրից հայտարարում են, որ շարժումը մարում է, մարել է, 40 օր է՝ շարժումը կա, եւ ամեն օր այդ խոսակցություններն ենք լսում։ Թե՛ Կիրանցում էին ասում, որ շարժումը մարել է, թե՛ Երեւանում: Արայիկ Հարությունյանը երկու շաբաթ առաջ էր ասում, որ շարժումը մարել է, մի ամիս առաջ էին ասում, բայց մարելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք ունենք կարեւոր օրեր, երբ անհրաժեշտ է մոբիլիզացիա ապահովել, իսկ հետագայում պլանավորում ենք մեր անելիքները, գործողությունները։ Մենք պետք է պատրաստ լինենք, մտածենք, որ ոչ թե մի քանի օրն է, ժամն է, այլ երկարատեւ պայքար է պետք տանել։ Որքան կան այս ապօրինի իշխանությունները, այնքան կլինի պայքարը։
- Հայտարարվել էր ընդամենը 4 օր, 96 ժամ, որի ընթացքում «պայքարը հասցնում ենք տրամաբանական ավարտին», անցավ այդ ժամանակը, գուցե այդ պատճառո՞վ են ասում, որ պայքարն ավարտվեց։
- Սրբազան հայրն ասել է, որ այս ժամերը կարեւոր ժամեր են լինելու, կարեւոր էին, իսկապես, մարդկանց մոտ գուցե կարծիք է ձեւավորվել, որ այդ 96 ժամվա մեջ պետք է լիներ իշխանափոխություն, բայց ես կարծում եմ, հուսով եմ՝ այն մարդիկ, որոնք պայքարի են դուրս եկել, նահանջող տեսակ չեն, գործի կեսից հրաժարվող տեսակ չեն։ Ես շատ-շատ մարդկանց հետ եմ զրուցել, մարդիկ ոչ թե հիասթափված են, այլ ակնկալում են, որ շուտ լինի արդյունքը, մենք էլ ենք դա ուզում, բայց եթե այդպես չի լինում, պետք է ոչ թե հիասթափվենք ու տրտնջանք, այլ շարունակենք ավելի մեծ ուժով։ Երկրում ամենամեծ սերը, վստահությունը, հարգանքը վայելում է սրբազան հայրը, իր շուրջ համախմբումը պետք է ավելի ուժեղացնել, թերությունները շտկել ու շարժվել առաջ։
- Սրբազանը հայտարարեց, որ շարժումը պետք է վերադասավորել․ ի՞նչ վերադասավորումների մասին է խոսքը, մարտավարությո՞ւնն է փոխվելու, փողոցային պայքա՞րն է փոխարինվելու այլ ֆորմատի միջոցառումներով։
- Մեր պայքարը Կիրանց գյուղից, Ոսկեպարից սկսվել է, տեղափոխվել Երեւան, ամբողջ Հայաստանը պետք է ընդգրկվի այս պայքարի մեջ, ինչպես նաեւ՝ սփյուռքը, որի աջակցությունը շատ կարեւոր է։ Սփյուռքում մեծ ոգեւորություն կա, այնտեղ եւս մեծ աշխատանքներ են ընթանում, ուստի պետք է հասնել այս եռամիասնությանը։
Բացի այդ, մեր արցախցի քույր-եղբայրների նկատմամբ էլ մեծ ճնշումներ կան, ու մենք պետք է զբաղվենք նրանց իրավունքների պաշտպանությամբ, պիտի հետամուտ լինենք նաեւ, որ ծեծող ոստիկանները կրեն իրենց պատիժը։ Այս աշխատանքները մեծ ծավալի աշխատանքներ են, ու մենք հետեւողականորեն մինչեւ վերջ դրանք առաջ ենք տանելու։
- Ես ճի՞շտ հասկացա, որ փողոցային պայքարը, հանրահավաքները, անհնազանդության ակցիաները փոխարինվելու են այլ ֆորմատի աշխատանքներով։
- Ոչ, ես նման բան չասացի։
- Մինչդեռ շատերը զուգահեռներ են անցկացնում անցած տարի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ձեւավորված Ազգային ճակատի հետ, որը փողոցային կարճատեւ պայքարից հետո հայտարարեց, թե քաղաքական կոնսուլտացիաների է գնում, գնաց ու այդպես էլ չվերադարձավ։ Հնարավո՞ր է սրբազան շարժումն էլ չվերադառնա` «վերադասավորումների» արդյունքում։
- Ընդհանրապես, շատ շարժումներ շատ բաներով ունեն նմանություններ, օրինակ, գրեթե բոլոր շարժումներին հեռախոսի լույսեր են վառում, Վրաստանում էլ են լույս վառում, թմբուկ խփում, աշխարհի տարբեր տեղերում վրաններ խփվել են, այնպես որ՝ ով ուզենա նմանություն գտնել, կգտնի։ Բայց ես նորից եմ ասում, որ մենք չենք մարելու, մենք պետք է մոբիլ լինենք, կարող է մի օր մարզ գնանք, կամ մի օր հանրահավաք լինի Ֆրանսիայում` գնանք-մասնակցենք, գանք: Ուզում եմ ասել, որ մեր առջեւ խնդիր չկա դրված, որ սա չպիտի անենք, նա անենք։ Մեր առջեւ կա մեկ խնդիր՝ շարժումը դարձնել ավելի ընդգրկուն, ավելի մեծ, համահայկական։ Մարդիկ, ասում եք, հիասթափվե՞լ են, մենք քանի՞ ամիս է՝ պայքարում ենք, ես շարժման որերո՞րդ մարդն եմ, գուցե հազարերորդը, ես երբեք չեմ հիասթափվել, այս օրերին պայքարել եմ, շարունակելու եմ պայքարել։
Կարծիքներ