Հետաքրքրված ենք Ryanair և Easyjet բյուջետային ավիաընկերություններով

Հետաքրքրված ենք Ryanair և Easyjet բյուջետային ավիաընկերություններով

Հայաստանը հետաքրքրված է Ryanair և Easyjet բյուջետային ավիաընկերությունների, իսկ դեպի ԱՄՆ ուղղություններով՝ իսլանդական Wow Air-բյուջետային ավիաընկերությունների հետ համագործակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգի հարցերից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հաշվետվությունից՝ Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն աշխարհագրությամբ գործուղման արդյունքների մասին։ Այցի արդյունքում որոշվել է, որ ՀՀ և ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին նախաստորագրված համաձայնագիրը կստորագրվի 2019թ.-ի 2-րդ- 3-րդ եռամսյակում:

10-12 օրյա ուղևորության գլխավոր միջոցառումը Եվրոկոնտրոլի Գլխավոր խորհրդի 50-րդ նիստն էր, որի ժամանակ քննարկվել են՝ կազմակերպության 2019-2023 թթ․ ռազմավարական ծրագիրը, ՀՀ և ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր է նախաստորագրվել, քննարկվել է, թե ինչպես դառնալ անկախ, ինքնաֆինանսավորվող հաստատություն, իսկ շեշտն էլ հիմնականում դրվել է դեպի Հայաստան բյուջետային ավիաուղիներ ներգրավելու ու «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման խնդիրների վրա։

Եղել են նաև այլ հարցեր՝ փոքր ավիացիայի զարգացում, անօդաչու թռչող սարքերի կարգավորում և վերջապես, քննարկումներ անվտանգության գծով։ Ըստ հաշվետվության՝ Եվրոկոնտրոլ-ի անվտանգության բաժնի բարձիաստիճան չինովնիկ Դրագիցա Ստանկովիչը խոստացել է հանդիպել Wizz Air ավիաընկերության ֆինանսական պատասխանատուի հետ և ներկայացնել, որ Հայաստանի հետաքրքրված է բյուջետային այս ավիաընկերության հետ համագործակցությամբ։

Քննարկվել է նաև Հայաստանի հետաքրքրվածությունը Ryanair և Easyjet մուտք գործելու առումով։ Եվրոկոնտրոլ կազմակերպության տնօրեն Իմոն Բռենանի հետ էլ պայմանավորվել են, որ վերջինս հարցը կներկայացնի բյուջետային ավիաընկերությունների ղեկավարությանը։ Իսլանդիայի տրանսպորտային մարմինը՝ ի դեմս քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխտնօրեն՝ Հալա Սիգրուն Սիգարդարդոտթի, համաձայնել է մեզ ներկայացնել բյուջետային՝ Wow Air- ի ավիաընկերության տնօրինությանը՝ քննարկելու Հայաստանից դեպի ԱՄՆ լավագույն ուղիները: Airbus Group- ն էլ պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին «ազգային փոխադրող» բիզնես-պլան մշակելու գործում: Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կազմակերպության Արևելյան Եվրոպայի փոխնախագահ Ժակ Գարեգինը խոստացել է առաջիկայում այցելել Հայաստան։

Նշենք, որ հաջորդ՝ 2019 թվականին «Եվրոկոնտրոլ»-ի մշտական հանձնաժողովի և կառավարման կոմիտեն նախագահելու իրավունքը ստանձնել է Հայաստանը, այսինքն՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Կոմիտեի նախագահը Տաթևիկ Ռևազյանն է, իսկ փոխնախագահը՝ Կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը: Այս գործուղման շրջանակներում Տաթևիկ Ռևազյանը, մի շարք երկրների քաղավիացիոն կազմակերպությունների ղեկավարների թվում հանդիպել է նաև ադրբեջանցի պաշտոնակցի՝ Արիֆ Մամեդովի և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բաժնի ղեկավար՝ Սեդրակ Կարաբուլուտի հետ։

Չենք կարող ասել, որ սա ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական ավիացիաների ղեկավարների 1-ին հանդիպումն է, տարիներ առաջ ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն էլ ԻԿԱՕ-ի միջոցառումների շրջանակում հանդիպել էր ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սա նորմալ է՝ որքան էլ երկրները հակամարտող են, սա, այնուամենայնիվ, քաղաքացիական ավիացիա է։

«Ընդհանուր թեմաներ կան, չէ, ի վերջո, իրենք թռնում են մեր օդային տարածքով, մեր օդանավերն էլ՝ իրենց տարածքի վրայով։ Հիմա, մենք ուղղակի օդանավ չունենք, բայց իրենք տրանզիտով մեր տարածքի վրայով գալիս անցնում են, փակ է միայն Արցախի հատվածը»,- ներկայացրեց Շահեն Պետրոսյանը։

Նշենք, որ, օրինակ՝ Բաքու-Նախիջևան չվերթը Ադրբեջանը կատարում է Հայաստանի տարածքով։ Տեսականորեն հնարավոր է, որ այս հարցը ևս քննարկված լիներ։ Նշվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Տաթևիկ Ռևազյանի օգնական Աննա Աղաջանյանին, բայց նա ասաց, որ այդ հարցի շուրջ կարող է խոսել Տաթևիկ Ռևազյանը, ով ամբողջ օրն անհասանելի էր։

Անուշ Դաշտենց