«Հրապարակ». Երվանդ Զախարյանի դեմ նոր քրգործեր են հարուցել

«Հրապարակ». Երվանդ Զախարյանի դեմ նոր քրգործեր են հարուցել

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին առնչվող հերթական քրեական գործն է հարուցվել։ Խոսքը վերաբերում է 2007- 2010 թվականներին, երբ Զախարյանը զբաղեցնում էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, իսկ քրգործի առիթը գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող, Երեւանի Աբովյան 10 հասցեում գտնվող շենքն է, որն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում հարուցված վարույթով է անցնում։ Ըստ տարածված հայտարարության՝ 2007 թվականին Մայրապետյանը 166 մլն դրամով ձեռք է բերել շենքն ու հարակից հողատարածքը՝ պայմանով, որ 2 տարվա ընթացքում շենքի վրա պետք է 150 մլն դրամի ներդրում կատարի, այսինքն՝ վերանորոգի այն, իսկ եթե պայմանը չկատարի, ապա Պետգույքի կառավարման կոմիտեն կարող է դիմել դատարան՝ գույքը Մայրապետյանից բռնագանձելու պահանջով։

2008-2009 թվականներին Պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, ըստ դատախազության իրականացրած ուսումնասիրության, դիմել է Մայրապետյանի ընկերությանը, որպեսզի 150 մլն դրամի ներդրումը հավաստող փաստաթղթերը ներկայացնի Պետգույքի կառավարման վարչությանը, սակայն պատասխան չի ստացել։
2010 թվականին Կարինե Կիրակոսյանը գրություն է ուղարկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Երվանդ Զախարյանին, հայտնելով, որ  Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտականությունները չեն կատարվել, եւ որ Աբովյան 10 հասցեում գտնվող տարածքը բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ։ Զախարյանի կողմից էլ Կարինե Կիրակոսյանին ուղարկվել է պատասխան գրություն այն մասին, որ գույքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը հիմք չէ այդ գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքը չեղյալ հայտարարելու համար, ուստի, վերոնշյալ գրության հիման վրա, Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հիպոթեքի պետական գրանցումը դադարեցնել հնարավոր չէ։ Այսինքն՝ Զախարյանը, ըստ դատախազության, ասել է, որ հիմքեր չկան գույքը բռնագանձելու համար։

Հետագայում պարզվել է, որ Մայրապետյանը կատարել է ներդրումային պարտավորությունը, սակայն դատախազությունն այստեղ էլ է փորձել «կեղտ բռնել»՝ ասելով, որ ընկերության կողմից առերեւույթ բիզնես գործունեության շրջանակներում չպարզված ժամանակահատվածում ձեռք բերված ապրանքների համար (ականջակալ, ֆեն, գդալ, ավել, մոխրաման եւ այլն) ծախսված գումարը գնահատվել է որպես Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի հիմնական վերանորոգման եւ վերականգնման նպատակով կատարված ծախս: Այսինքն, ըստ դատախազության՝  ականջակալի, ֆենի, գդալի, ավելի, մոխրամանի գումարները 150 մլն-ի մեջ չեն մտնում, հետեւաբար, գույքն ապօրինի է ձեռք բերվել։ Արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ):

Մենք Երվանդ Զախարյանից փորձեցինք պարզել, թե արդյոք իրեն մեղադրանք առաջադրվե՞լ է, որովհետեւ դատախազության հաղորդագրությունն ու մեղադրանքների նկարագրությունը հուշում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն իսկ որպես մեղադրյալ է դիտարկում Զախարյանին։ Զախարյանը նախ ճշտեց, թե ինչ է եղել, ինչ հաղորդագրության մասին է խոսքը, ապա տեղեկանալով՝ ասաց․

«Ծանոթ չեմ ես այդ գործերին, ես չեմ լսել այդ գործերը, ոչ մի հարցի ծանոթ չեմ, տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ»։ Այսինքն՝ առանց իրեն կանչելու, իր պարզաբանումները լսելու քրեական գո՞րծ են հարուցել, Զախարյանը կրկին նույնն ասաց․ «Ասում եմ՝ ոչ մի ինֆորմացիա չունեմ, ոչնչից տեղյակ չեմ»։ Այսինքն, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ «Ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել ենք, ո՛չ էլ գիտենք, թե էդ փողերն ուր են»։

Փաստորեն, դատախազությունը նույն գործի շրջանակներում ցանկանում է «մի զարկով 2 նապաստակ որսալ»․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում Սամվել Մայրապետյանից խլել գույքը, իսկ Երվանդ Զախարյանին էլ մեղադրանք առաջադրել` այդ գույքի հետ կապված անգործություն դրսեւորելու համար: Եվ չի բացառվում, որ Երեւանի նախկին քաղաքապետին անազատության դատապարտեն, քանի որ հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական գործը, ենթադրում է 2-6 տարվա ազատազրկում։