Խեղճ ու ողորմելի

Խեղճ ու ողորմելի

Մեր պետության ղեկավարների խեղճության, թուլության, վախերի կողքին որքա՜ն վճռական են երեւում թուրք-ադրբեջանական 2 պետության ղեկավարները, որոնք չկա օր, որ մի անակնկալ հայտարարություն ու քայլ չանեն: Այնքան են լկտիացել, որ արդեն աշխարհի գերտերություններին են մարտահրավեր նետում: Մեր` հայերիս տրամաբանությամբ, չէին կարող փոքրիկ Ադրբեջանը եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դուրս գալ Միացյալ Նահանգների դեմ: Եթե մեր պետական այրերին ասես` մի նմանատիպ հայտարարություն էլ դուք արեք, կսարսափեն:

Ասենք` հանդիմանեիք ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, որ թույլ տվեցին Արցախը 2 օրում դատարկվի, որ 44-օրյա պատերազմում դիտորդի նման հետեւում էին, թե ինչպես են մեր երիտասարդները զոհվում, թե ինչպես էին անհաղորդ դիտում, երբ Ադրբեջանի զինուժը ներխուժում էր Հանդի, Տեղի, Սեւ լճի, Սոթքի հատված: Մի ձեւով ցույց տայիք, որ դուք էլ պետություն եք: Եվ ոչ մի կապ չունի, որ պարտված եք, խեղճ եք, զենք չունեք: Ինչ է` պատիվ, արժանապատվություն ու խե՞լք էլ չունեք: Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանը դեմարշներ անում Արեւմուտքի դեմ, հայտարարում, որ չի ընդունելու ԱՄՆ-ի նման հզոր պետության` իր վաղեմի դաշնակցի ներկայացուցիչներին եւ նրա հրավերները:

Ադրբեջանի Միլի Մեջլիսը կարող է հայտարարություն անել ԱՄՆ Կոնգրեսի դեմ, ՀՀ ԱԺ-ն չի՞ կարող: Ինչո՞ւ: Որովհետեւ ձեր գլխավոր թշնամին ձեզ նման խեղճուկրակ ընդդիմությո՞ւնն է, որին ծեծելուց, նվաստացնելուց, բանտերը լցնելուց զատ դուք ուրիշ ոչնչի ընդունակ չեք:

Պարզ չէ՞, որ Ադրբեջանն այս դեմարշներով ու կոշտ պահվածքով ստիպելու է, որ Արեւմուտքը զիջումների գնա` կրկին աչք փակելով իր ագրեսիվ ու անօրինական պահվածքի նկատմամբ: Պարզ չէ՞, որ մեզնից էլի ստանալիք ունի եւ սրանով հող է նախապատրաստում դա վերցնելու համար: