Էլիզա Մխիթարյան. Երկընտրանք կամ հույսի հենարան

Էլիզա Մխիթարյան. Երկընտրանք կամ հույսի հենարան

Եթե աղոթելիս շտապում ես պատմել Աստծուն, թե որքան ես հավատում նրա գոյությանը, ուրեմն հոգու խորքում ավելի շատ մարդ ես, քան Աստված։ Ես իսկապես կարծում եմ, որ հավատն աննյութ է, բայց որոնելի․ իմն ինձ հետ է, քոնն էլ՝ քեզ հետ։ Թախանձանքս է, որ հույսդ չնյութականացնես, քանի որ քեզ իսկապես լսողը բառերիդ կարիքը չունի այնպես, ինչպես դրսում անելիք չունի քո ներսում քայլող ապաշխարանքը։ Համոզված եմ, որ ճշմարտությունը մի օր անպայման կպատռի կոկորդդ, եւ դու կհասկանաս, որ արտաշնչում ես անցյալը, եւ որ այն, ինչ կարդացել ես գրքերում ու քեզ հետ այդպես էլ չպատահեց, պատիր էր։ 

Հիշողությունն ակնթարթորեն լույսի պես կցրվի տնովդ մեկ, եւ դու վաղվա համար հայացք ունենալու խնդիր կունենաս։ Աներկբայորեն կարող ես այլայլվել, հուսահատվել եւ կամ գնալ մոլեգնության ուղով, բայցեւ կարող ես ընտրել հույսի հենարանը։ Բացահայտ մարդկային կանոն է․ բարեկամիդ հանդեպ սիրո մեջ եղիր ողջախորհուրդ, եւ նա հուսախաբ կանի ակնկալությունդ։ Ընդամենը մեկ անգամ հավատիդ մեջ եղիր բովանդակ, եւ Տերը կամոքի։ Այդ հույսի հենարանն Աստծո ընծան է, որից հաճախ մարդը, ցավոք, օգտվում է ոչ թե անվերապահ դավանության, այլ Աստծուն ամեն դեպքում հավատալու օրինաչափությունից ելնելով։ Այնինչ Տերը ոչ թե վերջին, այլ առաջին հույսը պիտի լիներ։ 

Մարդը մեղավոր էր երեկ, մեղավոր է այսօր եւ մեղավոր է լինելու վաղը։ Բայցեւ Տերը նույնն էր երեկ, նույնն է այսօր եւ նույնն է լինելու վաղը։ Քեզնից կարող են երես դարձնել մարդիկ, բայց ոչ երբեք Նա։ Ծնկիր իրական ապաշխարությամբ, եւ նա կուղղի ողնաշարդ, անկասկած։ Բայց քանի դեռ լեզուդ բանսարկում է՝ դու թույլ ես։ Քանի դեռ նրա անունը տալիս ես սուտ վկայության ժամանակ, քանի դեռ փորձում ես ինքնությունդ մաքրագործել սնոտի չարաբանություններով, նա քեզ չի լսի։ Ազատագրության միակ, բացառիկ եւ կատարյալ ելքն ապաշխարությունն է․ երբ դադարում ես խարդախել մերձավորիդ, եւ ընտրությունդ իսկապես լինում է զղջման արահետով քայլելը, Տերն անհապաղ ուղարկում է վարձքդ։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ