Ռուս օլիգարխներ, որոնք դեմ են Ուկրաինայի հետ պատերազմին

Ռուս օլիգարխներ, որոնք դեմ են Ուկրաինայի հետ պատերազմին

Մի շարք ռուս միլիարդատերեր, այդ թվում՝ «Մագնիտ» ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին և «Եվրոխիմ»-ի հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն, դեմ են Ուկրաինայի հետ պատերազմին, սակայն վախենում են բացահայտորեն արտահայտվել այդ մասին։

Նման հայտարարություն «Դոժդ» հեռուստաալիքի եթերում արել է հայտնի գործարար, «Տինկոֆֆ» բանկի նախկին սեփականատեր Օլեգ Տինկովը։

«Ես վստահ էի, որ շատ ուրիշներ գործընկերներ կհետևեն ինձ։ Որովհետև մասնավոր զրույցներում և՛ Մելնիչենկոն, և՛ Գալիցկին, և՛ Աբրամովիչի գործընկերները և այլն, նրանք բոլորն ասում էին նույն բանը, բայց հանրության առաջ մենակ ես խոսեցի, իսկ նրանք բոլորը վախեցան», - ասել է Տինկովը:

Գործարարը հիշատակել է Գալիցկու հետ ունեցած զրույցները, ով, ըստ նրա, մի քանի անգամ պատրաստվել է հրապարակայնորեն պաշտպանել Տինկովի դիրքորոշումը, բայց, ի վերջո, չի համարձակվել։

«Ես մենակ էի։ Չեմ ափսոսում, ուղղակի խղճում եմ նրանց։ Նրանք բոլորը վախկոտ են։ Քանի որ, իհարկե, նրանք բոլորն ատում են Պուտինին։ Իհարկե, նրանք դեմ են պատերազմին։ Բայց նրանք պարզապես վախենում են, ես ցավում եմ նրանց համար », - հավելել է Տինկովը:

Ի դեպ, օրերս տեղեկություն տարածվեց, որ Մեծ Բրիտանիան չեղարկել է Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները։ «Տինկոֆֆ» բանկի հիմնադրի անունն անհետացել է երկրի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված պատժամիջոցների ցուցակից։