Անկախության հիշատակի կենացը, կամ՝ այն կա, ով համաձայն չէ, թող գնա Եռաբլուր

Անկախության հիշատակի կենացը, կամ՝ այն կա, ով համաձայն չէ, թող գնա Եռաբլուր

20-րդ դարում Հայաստանն անկախություն ձեռք բերեց 600 եւ ավելի տարվա ընթացքում երկրորդ անգամ․ 1918 թվականին՝ 1000 օրով, եւ 1991-ին։ Նախադասությունը չի ավարտվում «1991-ից»-ով, քանի որ միջազգային հարաբերություններում սուբյեկտից օբյեկտի վերածված Հայաստանի անկախության մասին այսօր միանշանակ խոսել հնարավոր չէ։ 

Մենք Հայաստանի անկախության (գոյության կամ չգոյության) մասին խոսել ենք Գերագույն խորհրդի պատգամավորներ Ազատ Արշակյանի եւ Ալբերտ Բաղդասարյանի հետ։ Երկուսին էլ նույն հարցն ենք ուղղել․ Հայաստանն այսօր  ունի՞ անկախություն, թե՞ ոչ։

Ալբերտ Բաղդասարյանը, ով այսօր անդամակցում է Ազգային ժողովրդավարական բեւեռին, ասաց․ «Մենք էսօր անկախության կենացն ենք խմել։ Անկախության հիշատակի», եւ հավելեց․ «Անկախություն հայտարարելու հաջորդ օրվանից իսկ մենք պատրաստել ենք անկախության թաղումը։ Ամեն օր, բոլոր իշխանավորներով, հետո՝ ամբողջ ազգով։ Էսօր ես չգիտեմ ինչ մեսիջ է ուղարկում, ում, ինչ, ինչի համար, էդ կեղծ նշումը կամ ազգի ներվերի վրա խաղալը․․․ ես չեմ համարում, որ մենք վերջին անգամ ենք նշում կամ որ մինչեւ հիմա նշել ենք: Ուղղակի մենք սիրել ենք ինքնախաբեությունը, որովհետեւ անկախությունը բովանդակություն է, անկախությունն էն չէ, որ մեկը կար, ասում էր՝ Հայաստանն ունի 3 սիմվոլ՝ դրոշը, հիմնը եւ նախագահը․․․ էսպիսի կեղծ, սուտ, խաբեբա եւ ինքնախաբեության մեջ տառապող ազգ, մամուլի միջոցներ, քաղաքական դաշտ, հասարակություն` բոլոր-բոլորս․․․ եւ այս ամենն ասել եմ 94 թվականից սկսած, ես իմ ասածները հիմա բառացիորեն կրկնում եմ, ոչ մի նոր բան չեմ ասում։ Բայց տարօրինակ է, որ հիմա դա բոլորն ընկալում են, 94-ին բոլորը մերժում էին, նաեւ՝ 95, 2003, 2010։ Ու սա ոչ թե հիմա պարզ դարձավ, այլ... վեկտորների զարգացման մասին երեւի գիտեք։ Եթե գծային ֆրակցիա վերցնենք, ապա սկզբից փոքր է փոփոխական արժեքը, մեծությունն էլ է փոքր ու շատերի համար տեսանելի չէ, բայց մարդ կա, որ տեսանելի է իրեն։ Տեսնում է վեկտորը, հաշվում է, որ ժամանակի կտրվածքով 10 տարի հետո էդ վեկտորի բացասական արժեքն էնքան կմեծանա, որ դա կտեսնի ամենավերջին քոռն էլ։ Ու զարմացած են․ ամեն տեսնող իր հետ աշխարհ է հայտնաբերում։ Հայերիս բնավորությունը գիտե՞ք ինչն է, որ երբ դիմացինը տեսնում, զգուշացնում է, իսկ մյուսը չի հասկանում` արհամարհում, անցնում է առաջ։ Կամ՝ ոտքը դնում է գլխին, տրորում, անցնում է առաջ։  Բայց երբ վերջում տեսնում է, աշխարհը նրա համար նոր է հայտնաբերվում։ Վայ․․․ Մենք անպետական ենք, մենք պետության զարգացումը կենցաղային մակարդակով ենք հաշվում»։ Ալբերտ Բաղդասարյանն ամփոփեց՝ ու սա դեռ վերջը չէ։

Սովետական տարիների քաղբանտարկյալ, անկախական, 18-ից հետո թունդ նիկոլական Ազատ Արշակյանն ասում է․ «Հայկական պետությունը կա, նույնիսկ այդ օրը նշում է։ Երբ Հայաստանի Հանրապետությունում նշում են անկախության տոն, նշանակում է՝ ինչ-որ բան կա»։ Իսկ ավելին, ըստ նրա, Հայաստանը երբեք չի ունեցել։ «Միշտ էլ եղել է ԷՍ-ԷՍ-ԷՌ, Էս-Էն-Գե, պարսկական, հունական, արաբական, պարթեւական։ 1920 թվականին ռուսական բանակը թուրքական բանակի հետ օուպացրել է Հայաստանը, Արեւմտյան Հայաստանում Արաքսից այն կողմ թուրքական բանակն է, այս կողմը՝ ռուսական բանակը։ Ռուս-թուրքական ագրեսիայից հետո որեւէ փոփոխություն եղե՞լ է: Մենք 91 թվականին ավելի շատ անկախություն չունեինք․ օկուպացիոն բանակն Արաքսից այս կողմ եւ այն կողմ եղել է, թուրքական բանակը՝ Նախիջեւանում, Ղարաբաղում, Ղարսում, Արդահանում, Վանում, ռուսական բանակը՝ Երեւանում, Գյումրիում․․․»։

- Բայց մեր բանակն է պահել մեր սահմանները, հիմա Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին է հրավիրում։ Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ հիմա պակաս անկախ ենք։ Հիմա խոսքը պարզապես սիմվոլիկ անկախության մասին է։

- Սիմվոլիզմն ուրիշ բանի մեջ է։ Այն ժամանակ էլ Հայաստանը բոլոր իմպերիական ծրագրերին՝ Ռոմանովների իմպերիայի, Լենին-Ստալին, Բրեժնեւ-Խրուշչով, Ելցին-Պուտին իմպերիայի ծրագրերին միշտ ասել է «այո»։ Ոչ մի անգամ չի ասել «ոչ»։

- Հիմա սկսել են շատ խոսել Հայաստան-Բելառուս-ՌԴ միութենական պետության մասին։

- Ուզում ես ասել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանն ավելի՞ անկախ էր, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետեւ Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը տվեց իր դիմանկարը, ցույց տվեց, թե ինքն ով է։ Հայաստանի Հանրապետությունը միացավ Մաքսային միությանը, Եվրազեսին։ Բայց, ըստ իս, արդեն միացած էր, պարզապես նրա այս հայտարարությունը նվաստացուցիչ էր, որովհետեւ պարբերաբար ՀՀ իշխանությանը նրանք նվաստացնում են։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացան այդ նվաստացման հետեւանքով։ Հաջորդ տարի հունվար ամսին ԱԺ-ն վավերացրեց այդ նվաստացումը։ Այսինքն՝ դա ոչ միայն նախագահն էր, այլեւ Ազգային ժողովը։ Եվ Ձեզ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց դրան։ Այն ժամանակ կարող էր, այսօր չի կարող։ Եվ Ազգային ժողովում հիմա ոչ ոք չկա, որ դրան դեմ քվեարկի։

- ԵՄ-ում էլ կան աղքատ ազգականի կարգավիճակով երկրներ՝ Հունաստան եւ այլն, բայց դա այդքան ցավագին չի ընդունվում, եւ երկրորդ՝ աշխարհով մեկ այդ գաղափարախոսությունն է՝ դեպի գլոբալացում։ Որ, ոչինչ, հանուն միության եւ միության շահերի, կարելի է մի քիչ էլ զիջել ինքնիշխանությունը։

- Այնտեղ չեն նվաստացնում աղքատ ազգականներին, այստեղ նվաստացնում են պարբերաբար։ Օրինակ՝ երբ Երեւան քաղաքի կենտրոնում համաժողով է, որտեղ ասում են, որ հայոց լեզուն գավառական է, հարկավոր է իմպերիական լեզուներ էլ դասավանդել դպրոցներում եւ պետական շրջանառության մեջ մտցնել անգլերենն ու ռուսերենը, Հունաստանում, Պորտուգալիայում չեն անում։ Աթենքի կամ Լիսաբոնի կենտրոնում համաժողով չի լինում, որտեղ ասում են, որ պորտուգալերենը կամ հունարենը՝ Հոմերոսի, Արիստոտելի լեզուն, գավառական են, հարկավոր է անցնել գերմաներենի կամ անգլերենի։ Մեզ մոտ աղքատ ազգականին նվաստացնում են, երբեմն ճիպոտահարում են, օրինակ՝ Շուշիում, Հադրութում։

Մեզ մտրակում են գազի գնով, խոտան զենքի մատակարարումով, երկաթուղու 19-րդ դարի մակարդակը պահելով։ Այս ԱԺ-ում դրա դեմ բողոքող չկա։ Բայց դա չի նշանակում, թե անկախությունը պակասել է։ ՄԱԿ-ում գրանցված, ԵԱՀԿ կազմակերպության անդամ պետությունը չի կարող լուծարվել։ Հայաստանին չի սպառնում լուծարում։ Նվաստացում՝ այո, ինքնանվաստացում՝ այո։ Մենք որ ուզենանք հանձնել Մեղրին, Էջմիածինը՝ Վաղարշապատը, Կոտայքը, մեզ չեն թողնի։ «Գլոբալ» բառն օգտագործեցիք, գլոբալ հակակշիռների հարաբերություններում անհրաժեշտ հակակշիռ է այս աշխարհագրական տեղամասում։ Այնպես որ, ես չեմ անհանգստանում, որ Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ի, կարող է մի անգամ էլ կարդալ, որ «ՀԱԿ-ը կողմ է Եվրասիական միությանը» եւ թաթար-մոնղոլական իմպերիային։ Արամ Մանուկյանին մենք լսում ենք հեռուստատեսությամբ, նա չի հասկանում, թե ինչ է կարդում։ Հայերենին չի տիրապետում, որովհետեւ երբ հռչակում ես անկախ, հետո հաջորդ օրը չես կարող հռչակել Եվրասիական միության հավատարիմ ճորտ։ Նույն մարդը չի կարող դա անել։ Նշանակում է՝ այն ժամանակ էլ չի հասկացել, հիմա էլ չի հասկանում։ Բայց կարեւոր չէ, թե Արամ Մանուկյանն ինչ է հռչակում, հայ ժողովուրդն ունի պետություն, եւ այդ պետությունն աշխարհի մյուս ժողովուրդների կողմից ճանաչված է եւ ապահովված, քանի որ հայ ժողովուրդը պաշտպանում է իր պետությունը։ Ով չի հավատում` թող գնա Եռաբլուր։