Տասնամյա երեխան և Զելենսկին

Տասնամյա երեխան և Զելենսկին

Վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլի այսօրվա մամուլի ասուլիսը նորություն չէր ու չէր էլ կարող լինել: Այն, ինչ ասում է՝ նրա կողմից ասվել է վաղուց: Ինչին խուսափում էր ուղղակի անդրադառնալուց, նույնը կրկնվում է այսօր: Կրկնվում է «բազմաշերտ, խորքային՝ հասնելով ԴՆԹ մակարդակ, նուրբ» և այլն խոսույթը: Ու այդ պատճառով նրա խոսքը ներկայացնելը թողնելով լրագրողներին՝ ներկայացնեմ մի դրվագ իմ մանկությունից: Իսկ հետո կբացատրեմ, թե ինչու հանկարծ հիշեցի իմ մանկությունը: 
Եվ այսպես, ես առաջին կամ երկրորդ դասարանի աշակերտ էի: Եղբայրս (ինձանից մեծ էր) ևս դպրոցական էր, ու ցանկանում էր ռադիոընդունիչ գնել, բայց ունեցած գումարը չէր բավարարում: Այն ձեռք էր բերել ամառային արձակուրդին ինչ-որ տեղ աշխատելով: Իսկ իմ մանկական դրամարկղում (կասայում) էլ առկա էր հենց մնացածի չափ գումար՝ կարծեմ հինգ ռուբլի: Ես դա տվեցի եղբորս, նա գնեց ռադիոընդունիչը: Իսկ երբ ինքը մեկ-երկու անգամ ինձ «եղբայրաբար» ապտակեց՝ հետ պահանջեցի իմ գումարը: Բնականաբար, նա այն չուներ, ու պահանջը մի երկու անգամ կրկնվեց: Բայց ի վերջո հարցը դրանով էլ փակվեց: Կրկնեմ՝ այն ժամանակ ես երեխա էի, ու իմ վարքագիծը՝ որքան էլ անընդունելի լիներ, գոնե հասկանալի էր:

Հիմա վերադառնանք մեր ժամանակները: «Հրապարակը» գրել էր, որ Ուկրաինան Վրաստանին խնդրել է վերադարձնել «Բուկ» զենիթահրթիռային համալիրները, որոնք Կիևը Թբիլիսիին էր փոխանցել 2008 թվականին։ Հիշեցնեմ, որ 2008-ի օգոստոսին տեղի է ունեցել ռուս-վրացական հնգօրյա պատերազմ Հարավային Օսիայի տարածքում: Այն ավարտվել էր Վրաստանի պարտությամբ: Իսկ այդ համալիրներն ուղարկվել էին Վրաստան 2004-05 թթ.-ի ուկրաինական Նարնջագույն հեղափոխությունից հետո ընտրություններով ձևավորված իշխանության կողմից:   Սակայն Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դրանք գնվել են, և, բնականաբար, չեն վերադարձվի:

Կարծում եմ, որ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը և նրանք, ովքեր նրան հանձնարարել են նման պահանջով դիմել Վրաստանի իշխանությանը, ավելի խելացի չեն, քան տարրական դասարանի երեխան: Քանի որ այդ երեխան վիրավորվել էր եղբոր ապտակից, իսկ պաշտոնական Կիևը՝ Վրաստանի իշխանության նորմալ վարքագծից: Նորմալ այն առումով, որ 14 տարի առաջ պարտություն կրելով ռուսներից՝ նրանք ցանկություն չունեն կրկնելու նրանց նկատմամբ թշնամական վարքագիծը: Իսկ Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկուն չգիտես ինչու թվում է, թե բոլոր այն երկրները, ովքեր ցանկություն ունեն Եվրամիություն մուտք գործելու, պարտավոր են օգնել իրեն՝ թեկուզ Ռուսաստանի հետ թշնամանալու հաշվին: Բայց այսօրվա արևմտյան անտրամաբանական մտածողության շարքում գտնվեց գոնե մեկ պետություն, որի ղեկավարությունը փորձում է մտածել սեփական շահերի մասին: